Վաղուց է հայտնի, որ պաշտոնյաները, համենայն դեպս՝ հայ, փոքր-ինչ այլ աշխարհում են ապրում, որը տարբերվում է շարքային քաղաքացիների կյանքից:

Պաշտոնյաները չեն քայլում փողոցում, տրանպորտով չեն երթեւեկում: Այդ պատճառով էլ վատ են տեղեկացված մայթեզրերի վիճակի եւ տրանսպորտի վատ աշխատանքի մասին: Պաշտոնյաները վատ տեսողություն ունեն: Այդ պատճառով չեն տեսնում լեփ-լեցուն աղբամանները, այդ թվում՝ մայրաքաղաքի գլխավոր փողոցներում:

Պարզվում է՝ պաշտոնյաները չեն սիրում թերթ կարդալ: Հատկապես այն նյութերը, որոնցում իրենց քննադատում են:

NEWS.am-ը բազմիցս է գրել միջոցների աննպատակ օգտագործման մասին: Որպես օրինակ, բայց ամենեւին ոչ միակ դեպքի մասին, ներկայացվել է Մայիսի 9-ի փողոցը: Հետիոտնի անցման եւ մայթեզրերի սարսափելի վիճակի մասին վերջին նյութը հրապարակվել է անցյալ ամիս: Այն պատկան մարմինների կողմից որեւէ արձագանքի չարժանացավ:

Խնդիրն այս դեպքում վերաբերում է ոչ միայն ճանապարհների վիճակին, այլ անիմաստ ծախսված միջոցներին: Երբ պաշտոնյաները վստահեցնում են, որ փողոցների վերանորոգման համար գումար չունեն, ինչ-որ առումով հասկանում ես. կա՛մ թանկարժեք ավտոմեքենաներ, կա՛մ վերանորոգում:

Բայց երբ «վերանորոգված փողոցն» ավելի վատ տեսք է ունենում, քան նորոգումից առաջ, հարց է առաջանում. ո՞վ պետք է պատասխան տա քամուն տված փողերի համար: Խնդրի շուրջ ինչպես պաշտոնյաների, այնպես էլ իրավապահների հետաքրքրության լիարժեք բացակայությունն առնվազն տարակուսանք է առաջացնում: