Քիմ Քարդաշյանը չմոռացավ իր արմատներն ու իր հայրենիքը, եկավ Հայաստան` իր այդ քայլով ամբողջ աշխարհին Հայաստանի ու Հայոց ցեղասպանության մասին հիշեցնելով: Այս մասին այսօր` ապրիլի 15-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց համացանցում տարածված՝ Քիմ Քարդաշյանի, Քանյե Ուեսթի և նրանց դստեր՝ Նորթի դիմանկարի հեղինակ Վրեժ Կիրակոսյանը` հավելելով, որ Քիմի այդ քայլը մեծ աջակցություն էր յուրաքանչյուր հայի համար:

«Այս նկարով ես ընդամենը իմ երախտագիտությունն եմ հայտնել Քիմին և նրա ընտանիքին, որ նա լինելով այդքան հայտնի` Հայաստանը չմոռացավ և իր այդ քայլով Ցեղասպանության մասին բարձրաձայնեց ամբողջ աշխարհով մեկ: Սա շատ կարևոր քայլ էր Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախօրեին: Նրանց դիմանկարը նկարելն ինձ համար միակ ճանապարհն էր` նրան երախտագիտությունս հայտնելու»,- ասաց Վրեժը:

Դիմանկարի հեղինակը տեղեկացրեց, որ այն նկարել է 4 օրում.

«3-4  օրում եմ նկարել դիմանկարը և պատրաստել եմ տեսահոլովակ, որտեղ երևում է, թե ինչպես եմ այդ օրերի ընթացքում այն ստեղծում: Տեսահոլովակի երգն էլ խորհուրդ ունի` ընտրել եմ Արտո Թունջբոյաջյանի «Արարատ» երգը»,-նշեց նա:

Նշենք, որ 32-ամյա երևանաբնակ Վրեժ Կիրակոսյանը նկարել սովորել է ինքնուրույն, նա նաև գրող է և մոտիվացնող հռետոր: