Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտոռեպորտաժ):

Ապրիլի 24-ին Արթուր Աբրահամը կլինի Գերմանիայում եւ կմասնակցի հայ համայնքի կազմակերպած միջոցառումներին:

«Ամեն տարի, եթե ապրիլի 24-ին լինում եմ Հայաստանում, իմ պարտքն եմ համարում գալ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկ դնել եւ հարգել զոհերի հիշատակը: Եթե Հայաստանում չեմ լինում, Գերմանիայում ամեն տարի այս օրը միջոցառում է կազմակերպում հայ համայնքը, անպայման մասնակցում եմ: Այս տարի եւս մեծ միջոցառումներ են նախատեսված 100-րդ տարելիցի կապակցությամբ, եւ ես անպայման կմասնակցեմ: Ես իմ վերջին հաղթանակը նվիրել եմ Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Դա արել եմ սրտանց, որպեսզի մենք՝ մարզիկներս, լինենք Հայոց ցեղասպանության ճանաչման դեսպանը եւ աշխարհի տարբեր ռինգերից, մրցահարթակներից հնչեցնենք ու ճանաչելի դարձնենք համայն աշխարհին: Համարում եմ, որ աշխարհում ոչ ոք իրավունք չունի մոռանալ Հայոց ցեղասպանությունը: Մենք՝ մարզիկներս եւս կարող ենք նպաստել, որպեսզի ամբողջ աշխարհը ճանաչի»,- ասել է Արթուր Աբրահամը:

Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամը փետրվարի 21-ին Բեռլինում պաշտպանեց տիտղոսը՝ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթելով բրիտանացի Փոլ Սմիթին՝ 116:112, 117:111, 117:111: Հունիսին Աբրահամը կմենամարտի Ռոբերտ Շտիգլիցի հետ:

Լուսինե Շահբազյան