Հայաստանի ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի ողջ լինելու դեպքում մենք այսպիսի Հայաստանում չէինք ապրի: Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Կարեն Դեմիրճյանի այրին՝ Ռիմա Դեմիրճյանը, որն ազգային հերոսի ծննդյան օրն այցելել էր Կոմիտասի անվան պանթեոն՝ ամուսնու գերեզմանին։
«Եթե Կարենը ողջ լիներ, մենք մի քիչ ավելի բարեկարգ, ավելի բոլորի համար հավասար երկրում կապրեինք, այսպիսի բեւեռացում չէր լինի, այսպիսի չքավորություն չէր լինի: Էլի կլիներ, բայց ոչ այս չափի: Կարեն Դեմիրճյանի երազանքը հզոր, ծաղկող Հայաստանն էր, եւ նա իր ամբողջ կյանքն այդ երազանքին նվիրեց»,- ասաց տիկին Ռիման:
Տիկին Ռիմայի խոսքով՝ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում հնարավոր է՝ Կարեն Դեմիրճյանն իր բնավորության համաձայն կարողանար լուծումներ գտնել եւ հանել երկիրը շրջափակումից:
Տիկին Ռիման հիշում է ամուսնու խոսքերը, որոնք Կարեն Դեմիրճյանը, նրա խոսքով՝ երդման պես է պահել. «Ասում էր՝ մեր ժողովուրդը մեղք է, մանկան պես է, նրան միշտ խաբել են, ես երբեք չեմ խաբի, եթե իմ գործունեության ընթացքում ես գոնե մի փոքր բարձրացնեմ ժողովրդի մակարդակը, ես կհամարեմ իմ առաքելությունը կատարած»:
Ազգային հերոսի այրին պատմում է, որ նա իր ծննդյան օրերը չէր սիրում, անգամ հաճախ կատակով առաջարկում էր առանց իրեն նշել դրանք:
Հիշեցնենք, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, Ազգային ժողովում կազմակերպված ահաբեկչությանը զոհ գնաց 8 մարդ, այդ թվում՝ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանն ու վարչապետ Վազգեն Սարգսյանը:
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











