Արմավիրի բժշկական կենտրոնում նախորդ օրը՝ հունիսի 16-ին մահացած ջրաշենցի 4-ամյա Կարինե Հովհաննիսյանի հարազատները երեխայի մահվան մեջ մեղադրում են հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքի պետ Անահիտ Պետրոսյանին:

«Մեր երեխան ոչ մի անգամ լուրջ չի հիվանդացել: Գրիպ է եղել, տարել ենք հիվանդանոց, լավացել է: Ախր մենք մեր երեխային իր ոտքով ենք տարել հիվանդանոց, «Շտապօգնությամբ» չենք տարել, ո՞նց կարար մահանար»,-   NEWS.am-ի հետ զրույցում ասաց երեխայի տատիկը՝ Կարինե Հովհաննիսյանը:

Կարինե Հովհաննիսյանը պատմեց, որ դեպքի նախորդ օրը՝ հունիսի 15-ին, իրենց տանը ծննդյան արարողություն է եղել, որի ժամանակ երեխան հավի միս է կերել, այնուհետեւ պաղպաղակ, որից մի քանի ժամ անց սկսել է փսխել։

«2 կտոր բուդ էր կերել, դրանից հետո ավտոյով տեղ էր գնացել, արագ քշելու ժամանակ հետ էր տվել: Նման բան հաճախ էր լինում, որ արագ քշելուց սիրտը խառներ: Հետո ժամը 8-ի մոտ սկսեց նորից հետ տալ, ջուր էր ուզում ու ինչքան խմում, էդքան հետ էր տալիս: Գիշերը փորլուծություն ունեցավ։ Առավոտ վեր կացանք, էլի հետ էր տալիս»,- պատմեց տատիկը:

Կարինե Հովհաննիսյանը պատմեց, որ հաջորդ առավոտյան՝ մոտ ժամը 11-ին, երեխային տարել են հարեւան գյուղում գտնվող պոլիկլինիկա բուժզննման, որտեղի մանկաբույժը խորհուրդ է տվել երեխային տանել «Արմավիր ԲԿ»: Հիվանդանոցում Կարինեին տարել են ինֆեկցիոն բաժանմունք:

«Տարանք, աղիները լվացին, հետո Պետրոսյանն ասեց՝ ստամոքսն էլ լվանանք, նոր սիստեմա միացնենք: Ստամոքսն էլ լվացին, ինչքան ջուր լցրին, էնքան եկավ թափվեց: 2 հատ սիստեմա ընդունեց, անջատեցին, ասեց՝ տատի, փորս ցավում ա, 3-րդ սիստեման, որ պիտի միացնեին, մի քիչ դադարից հետո միացրին: Հենց միացրին, երեխեն ձգվեց, ցնցվեց, բժշուհուն կանչեցինք, հարցրեց՝ հետ տվե՞լ ա, ասեցի` հա, մի կաթ: Ասեց՝ դե որ տենց ա, եկեք ստամոքսը էլի լվանանք: Առաջին անգամ, որ լվանում էին, ինչքան ջուր լցրին, էդքան եկավ թափվեց, 2-րդ անգամ էրեխեն պառկած էր, շլանգը զոռով մտցրին բերանը, ջուրը լցրին, բայց ոչ մի բան հետ չեկավ: Ասում եմ՝ բժշկուհի, չեկավ, ասում ա՝  հեսա հետ կգա»,- ասաց տատիկը:

Տատիկի խոսքով՝ երբ խողովակը հանել են երեխայի բերանից, դրանից մի քանի րոպե անց նա գունատվել է, շրթունքները կապտել են: Բժշկուհին, որն այդ պահին դեռ հիվանդասենյակում է եղել, երեխային անմիջապես տեղափոխել է Վերակենդանացման բաժանմունք:

«Տարանք Վերակենդանացում, բժիշկը օդ ա տալիս, միեւնույն ժամանակ էրեխու բերանից փրփուր ա թափվում: Ես էրեխու ոտքերի տակ կանգնած էի ու լսում էի ամեն ինչ. բժշկուհին ասում ա՝ մի բան արա,  բժիշկն ասում ա՝ էլ ի՞նչ անեմ, էրեխեն գնացել ա, սաղ թոքերի մեջ ջուր ա: Ասում եմ՝ ո՞նց կարա մահանա, ես իրան իր ոտքով եմ բերել հիվանդանոց: Բժշկուհին ասում ա՝ ինքը թունավորվել ա, տենց ա: Բայց ախր ես լսեցի, որ բժիշկը թաքուն ասում էր՝ թոքերը ջրի մեջ են»,- ասաց տատիկը:

Հովհաննիսյանները բողոքեցին նաեւ, որ թեեւ հավաստագրով էին գնացել հիվանդանոց, սակայն Անահիտ Պետրոսյանը իրենցից գումար է պահանջել:

«Մտանք, բա` երեխեն թունավորվել ա, սենց, նենց, ասեցի՝ բայց մենք հավաստագրով ենք եկել, ասում ա` դա մեր աշխատանքն ա, մենք աշխատանք ենք կատարում, հանեցի, 5 հազար դրամ փող տվեցի, ասեց` մի քիչ էլ ավելացրեք, հնարավորություն չունե՞ք, որ իմանամ` հոգնա անողներին ինչքան տամ, տղես հանեց` 3000 դրամ էլ տվեց»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ըստ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության, հունիսի 16-ի կեսօրին Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք է ընդունվել Ջրաշեն գյուղի 4-ամյա բնակիչ` ջերմություն, թուլություն, փսխում, լուծ ախտանշաններով: Վիճակը գնահատվել է միջին ծանրության` սուր աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշումով։ Ստացել է վիճակին համապատասխան բուժում։ Երեկոյան կողմ փոքրիկի վիճակը կտրուկ վատացել է։ Տեղափոխելով վերակենդանացման բաժանմունք` մասնագետները համապատասխան միջոցներ են ձեռնարկել, սակայն երեխայի կյանքը փրկել չի հաջողվել: Երեխայի մահվան պատճառը դեռ պաշտոնապես չի հրապարակվում, կատարվում է դատաբժշկական փորձաքննություն։