Լբանանի Անթիլիասի մայրավանքում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը Համահայկական խաղերի  համաշխարհային կոմիտեի եւ գործկոմի անդամների հետ հանդիպման ժամանակ իր խոսքում անդրադարձավ նաեւ Երեւանում տեղի ունեցող բողոքի ցույցերին:

Արամ Ա Կաթողիկոսը մասնավորապես ասել է.

«Այսօր, երբ մենք այստեղ հավաքված ենք, չենք կարող մեր մտահոգությունը չհայտնել այն իրադարձությունների վերաբերյալ, որոնք կատարվում են Հայաստանում: Այս իրավիճակում լուռ մնալը ճիշտ չէ: Մտահոգ ենք: Մտահոգ ենք, որովհետեւ հայրենիքի հզորացումը, մեր միասնականության ամրապնդմանը, մեր ազգային պահանջատիրությանը նոր կայծ տալու պահանջ կա, եւ մեր ժողովրդի համար պետք է դառնա ամենօրյա մտահոգություն: Հայաստանը միայն հող չէ, Հայաստանը ժողովուրդ է իր պետականությամբ: Մեր սպասումն է, որ  Հայաստանի ղեկավարները լսեն մեր ժողովրդի սպասելիքների, կարիքների մասին: Մեր սպասումն է, որ մեր ժողովուրդի կողմից ընտրված պետականության պատասխանատուներն լսեն ժողովրդի մտահոգություններն ու մոտեցումները: Ժողովուրդն ու իշխանությունները պետք է միասնաբար մտածեն, խորհրդակցեն մեր հայրենիքի գերագույն շահերի մասին»: