Սյունիքի մարզի Տաթեւ համայնքում բնակվող Փարսանյանների ընտանիքում հյուրընկալության ավանդույթները 5 տարի առաջ կտրուկ փոխվեցին. առաջին անգամ, երբ  իրենց հյուրերից տիկին Աղունի ձվածեղի համար գումար վերցրին, գումարը վարանելով գրպանը դրեցին։ Ժամանակի ընթացքում սովորեցին չամաչել իրենց ծառայությունները վաճառելուց, հմտացան հյուրանոցային գործում եւ հիմա Տաթեւի ամենապահանջված հյուրատներից մեկի սեփականատերն են։ Օտարերկրացի զբոսաշրջիկները տիկին Աղունի ձեռքով կթած թարմ կաթից, նրա պատրաստած կաթնաշոռից, կարագից ու մուրաբայից այնքան գոհ են մնում, որ մի բան էլ ավելի են վճարում։  

«Մեր առաջին հյուրերը շոտլանդացի 9 հեծանվորդներ էին: Մի թարգմանիչ տղա կար իրենց հետ, անընդհատ գնում էր այդ տուրիստների մոտ, հետ էր գալիս, նվերներ էր բերում: 80-ի մոտ պապիկ կար նրանց մեջ, ձեռքից հանեց ժամացույցը ու ինձ նվիրեց: Ասեցին՝ եթե նման բան է անում, ուրեմն շատ գոհ է մնացել»,- պատմում է տիկին Աղունը:

Տիկին Աղունին խոհանոցն է օգնում «լեզու գտնել» իր համար անհասկանալի լեզուներով խոսող տարբեր երկրների հյուրերի հետ։ Խոսելու առիթներ շատ չեն էլ լինում։

«Հաճախ իրենք թարգմանիչներով են գալիս, բացի այդ երեկոյան ընթրած գալիս են, հոգնած պառկում քնում, առավոտյան նախաճաշում ու գնում»,- ասում է տիկին Աղունը:

Հյուրատանն ընթրող զբոսաշրջիկներին նույնպես Փարսանյանները հայկական էկզոտիկա են առաջարկում` իրենց սարքած օղին ու գինին։

«Շատ զարմացած են մնում, որ ամեն ինչ մեր պատրաստածն է»,- ասում է տիկին Աղունն ու հիշում, որ զբոսաշրջիկները միշտ ամենից շատ նախաճաշից են տպավորված լինում:

Փարսանյանների կրտսեր որդու`Ասպետի անունը կրող հյուրատան 4 ննջասենյակներում կարող է առավելագույնը 13 զբոսաշրջիկ հյուրընկալվել` գիշերակացի ու առավոտյան նախաճաշի համար միջինը 6 հազար դրամ վճարելով։ Գներն այստեղ եվրոպական չեն, բայց  ծառայությունների մատուցման տեսանկյունից փորձում են հետ չմնալ ժամանակակից ստանդարտներից. սենյակները կարելի է պատվիրել նախապես` ինտերնետով, հույս ունեն, որ շուտով կկարողանան հյուրերին նաեւ WiFi առաջարկել։

Տիկին Աղունն ու նրա ամուսինը՝ Սամվելը,  մտադիր են ավելացնել ննջասենյակների քանակը. Տաթեւի հանդեպ հետաքրքրությունը մեծացել է, սեզոնին երբեմն սենյակների  պակաս է զգացվում։ Այս տարվա մի քանի ամիսներին 100-ից ավելի հյուր են ունեցել`ամբողջ նախորդ տարվա չափ։ Ոչ տուրիստական շրջանում` հիմնականում ձմեռային ամիսներին,  Փարսանյաններն վերադառնում են գյուղացու առօրյային ` անասնապահությանն ու հողագործությանը, որով ապրում էին մինչեւ Տաթեւը կդառնար տուրիստական գոտի։