Ձեռքով մի քանի սահուն շարժում, մի երկու զգույշ խոնարհում, իսկ հետո` ձողի շուրջ խիզախ պտույտներ: Միանգամից չես էլ ասի, որ վոլգոգրադցի պարուհին ծնվել է այն տարիներին, երբ Ռուսաստանում նման պարեր չէին կարող լինել: Վալենտինան ոչ առանց հպարտության ասում է. «Ես կրկնակի տատիկ եմ»: Ընդ որում ավագ թոռնուհին կարող էր թոշակառու կնոջն ընկերակցել թեժ պարերում. նա արդեն 18 տարեկան է:
60-ամյա տատիկը միշտ սիրել է սպորտ եւ երիտասարդ տարիքում զբաղվել է մարմնամարզությամբ, վոլեյբոլով, պիլատեսով: Իսկ պոլդենսի խմբում պատահաբար է հայտնվել. վերադառնում էր ուժային մարզումից ու հափշտակվեց երիտասարդ պարուհիներով, տեղեկացնում է Lifenews-ը:
« Նայեցի, թե աղջիկներն ինչպես են պտտվում ձողերի վրա, ինչպես են իրենց պահում, իսկ մարզիչն ինձ ասում է. «Ի՞նչ կա նայելու: Ներս արի, փորձիր», — պատմում է պարի դպրոցի աշակերտուհի Վալենտինա Ֆերապոնտովան:
Փորձել է եւ չի կարողացել կանգ առնել: Ընդամենը կես տարում Վալենտինան այնքան է հմտացել, որ այժմ տեսանյութ է պատրաստում համառուսաստանյան «Պոլդենս-շոու» փառատոնի ընտրական փուլի համար: Թոշակառու կնոջ նախապատրաստած համարը լավատեսական անվանում ունի. «Մի վախեցիր, մի տխրիր»:
Ձողի վրա պարի մարզիչները խոստովանում են, որ «գեղեցիկ» տարիքում աշակերտուհիներին առանձնահատուկ են վերաբերվում: Ձգման եւ դիմացկունության պահանջներն ավելի փոքր են, ոչ էլ կարող ես ստիպել, որ գլխիվայր երկար կախվեն: Սակայն մասնագետները պնդում են, որ միտումն ակնհայտ է. ձողի վրա պարը «ծերանում է»: Ամբողջ աշխարհում արդեն 50+ մրցումներ են կազմակերպվում:
Տատիկը վստահեցնում է, որ իրեն չեմպիոնի գավաթ պետք չէ: Հերիք է այն, որ ձողի մոտ հայտնվելով` ինքը ութ կիլոգրամ նիհարել է եւ երիտասարդացել է 10 տարով:











