Անկախության ավելի քան 24 տարիների Հայաստանի նվաճումներն ինձ մեծ հույսեր են տալիս 2016 թվականի համար: Այս մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը՝ ամանորյա շնորհավորական ուղերձում:

ԱՄՆ դեսպանի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Տիկնոջս եւ դեսպանության իմ բոլոր գործընկերների անունից ցանկանում եմ Հայաստանի ողջ ժողովրդին շնորհակալություն հայտնել 2015թ. փետրվարին Հայաստան ժամանելուցս հետո ինձ ու Լիին մեր կյանքի լավագույն տարիներից մեկը պարգեւելու համար:

Մինչ Հայաստան ժամանելը ես տեսաուղերձ էի պատրաստել, որտեղ հիշատակել էի ամերիկացի նկարիչ Ռոքվել Քենթի խոսքերը, ով Հայաստանը նկարագրում էր որպես հրաշալիքներով առլեցուն վայր: Տասն ամիս անց ես լիովին հասկանում եմ Ռ. Քենթի խոսքերը: Այստեղ ես տեսա բազում հրաշալիքներ ՝ սկսած Գեղարդի վանքից մինչեւ Մեղրու որմնանկարներն ու քաղաքամայր Երեւանի շատրվանները: Սակայն ես ու կինս առավել տպավորված ենք մեկ այլ հրաշալիքով՝ հայ ժողովրդով, որն այնքան բարեհաճորեն, սրտաբաց  ու ջերմորեն է ընդունում մեզ մեր ժամանման պահից ի վեր:  Այս հիշողությունները միշտ կմնան ինձ հետ, իմ ուղեկիցը կլինեն այս տարի եւ իմ ողջ կյանքում:

Հայացք նետելով դեպի գալիք տարին՝ մի ցանկություն եմ ուզում հայտնել, որը լսել եմ  Հատուկ օլիմպիական խաղերի մասնակից 14-15 տարեկան մի պատանուց, ով Հայաստանի հատուկ օլիմպական թիմի կազմում մասնակցել էր Լոս Անջելեսում վերջերս անցկացված հատուկ օլիմպիական խաղերին: Թերեւս, գիտեք, որ հատուկ օլիմպիական խաղերը նախատեսված են մտավոր սահմանափակումներով մարզիկների համար: Երբ զրույցում էի նրա հետ, հարցրեցի, թե ինչով է նա կարեւորում իմ ներգրավվածությունը հատուկ օլիմպիական թիմում, եւ այս պատանին, ում անունն Արմեն է, ասաց. «Պարոն դեսպան, իմ ծնողները մեծ հպարտություն ապրեցին ինձ համար ու բացի այդ, այսպիսի բարդ ծրագրին մասնակցելը կօգնի ինձ իմ կյանքի հետագա բարդություններն առավել համարձակորեն հաղթահարել»: Կարծում եմ գալիք 2016թ. ընթացքում ինձ առաջնորդելու են Արմենի խոսքերը, ինքս ինձ հարցնելու եմ՝ արդյոք ես կամ դեսպանությունն անո՞ւմ ենք այն, ինչով մեր ծնողները կհպարտանային:

Եվ որ ամենակարեւորն է, ես ասելու եմ՝ եկեք վստահություն ունենանք, դժվար բաներ անելու վստահություն: Հայ ժողովրդի հետ համատեղ աշխատանքի շնորհիվ մենք արձանագրել ենք հաջողություններ:  Անկախության ավելի քան 24 տարիների Հայաստանի նվաճումներն ինձ մեծ հույսեր են տալիս 2016 թվականի համար: Լիահույս եմ, որ ձեզ նույնպես:

Ամենայն բարիք եւ շնորհավոր Նոր տարի: