Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու սուրճի սարքի դրամապահոցից գողություն կատարած անձի ինքնությունը։

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2015 թվականի դեկտեմբերի 12-ին ահազանգ է ստացվել, որ առերեւույթ հանցագործություն կատարած անձը ֆիզիկական ուժի գործադրմամբ բացել է Երեւանի Ա. Մանուկյան եւ Նալբանդյան փողոցների խաչմերուկում գործող սուրճի սարքի դուռը եւ հափշտակել սարքի ներսում դրված դրամապահոցի գումարը՝ պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:

Դեպքի առթիվ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում  ստացվել են Ա. Մանուկյան եւ Նալբանդյան փողոցների խաչմերուկում տեղադրված տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, որտեղ երեւում է, թե ինչպես է մի երիտասարդ փորձում բացել սուրճի սարքի դուռը:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ նախաքննության իրականացումն ապահովելու համար միջոցներ են ձեռնարկվում՝ տեսագրության մեջ  պատկերված անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Ովքեր ճանաչում են պատկերված անձին կամ որեւէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի  մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին: