Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու հագուստի խանութի դրամարկղից գողություն կատարած անձի ինքնությունը։
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2015 թվականի նոյեմբերի 30-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Աբովյան փողոցի վրա գործող հագուստի խանութներից մեկի դրամարկղից գողություն է կատարվել։ Նախնական տվյալներով՝առերեւույթ հանցագործություն կատարած անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է Երեւանի հագուստի խանութներից մեկի մուտքի դուռը, ապօրինի մուտք է գործել սրահ եւ դրամարկղից հափշտակել զգալի չափի գումար:
Դեպքի առթիվ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում ստացվել է խանութի սրահում տեղադրված տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, որտեղ երեւում է հանցագործության դրվագը:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ նախաքննության իրականացումն ապահովելու համար միջոցներ են ձեռնարկվում՝ տեսագրության մեջ պատկերված անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։
Ովքեր որեւէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:











