Քալիֆորնիայի նահանգում մոտ 745 մարդ սպասում է մահապատժի իրականացմանը։ Այս նահանգը ԱՄՆ երեք տասնյակ նահանգներից է, որտեղ մահապատիժը թույլատրված է, սակայն գործնականում արդեն 10 տարի է՝ չի կիրառվում։ Քալիֆորնիան հրաժարվել է մահաբեր ներարկման միջոցից, իսկ նոր տեխնոլոգիան դեռ հավանություն չի ստացել։ Մահապարտների մեծ մասը գտնվում է Սան Քվենթինի բանտում, հայտնում է euronews-ը։
«Սան Քվենթինում իրենց մահապատժին է սպասում 725 մարդ, իսկ ընդհանուր առմամբ Քալիֆորնիայում մահապատժի իրականացման է սպասում 745 կալանավոր»,- ասել է Քալիֆորնիայի պատժամիջոցների կիրառման եւ վերականգնողկան դեպարտամենտի լեյտենանտ Սեմ Ռոբինսոնը։
Դատարանները շարունակում են մահվան դատավճիռներ կայացնել, իսկ դատապարտյալները տասնամյակներով սպասում են մահապատժի իրագործմանը։
«Մեզնից շատերը այստեղ տարիներ են անցկացնում՝ սպասելով բողոքարկման գործընթացներին։ Այդ պատճառով մահապատժի մասին մտքերը երկրորդ պլան են մղվում։ Դա այնքան վերացական է թվում, քանի որ մենք այստեղ ամեն օր դրան ականատես չենք լինում։ Ինչ ես այստեղ եմ, ընդամենը 2 մահապատիժ է իրականացվել»,- ասել է մահապարտ Չարլզ Քրոուֆորդը, որը 2002թ.-ից սպասում է վճռի իրագործմանը։ Նրան դատապարտել են կրկնակի սպանության համար։











