Ազատության հրապարակից այսօր մեկնարկել է «Հաց բերողի»՝ Արթուր Սարգսյանի հիշատակին հերթական երթը: Անցնելով քաղաքի փողոցներով՝ երթի մասնակիցները մի պահ կանգ են առել Հանրապետության հրապարակում, իսկ հետո նորից Ազատության հրապարակ վերադարձել: Հավաքն այսօր համեմատաբար հանգիստ է անցել. փոքրիկ միջադեպ է գրանցվել միայն Աբովյան եւ Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում, ցուցարարների եւ ոստիկանների միջեւ քաշքշուկ է տեղի ունեցել:

Երթի մասնակիցների պահանջները երեքն են. պաշտոնից հեռացնել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, քրեական գործ հարուցել Արթուր Սարգսյանին երկրորդ անգամ կալանավորելու միջնորդություն ներկայացրած քննիչի եւ այդ որոշումը կայացրած դատավորի նկատմամբ։

Նշենք, որ Արթուր Սարգսյանի հոգեհանգիստը տեղի կունենա երեքշաբթի, մարտի 21-ին, ժամը 18:00-ին Շահումյանի գերեզմանատանը հարակից «Սան Լազար» սգո սրահում, իսկ հուղարկավորությունը՝ մարտի 22-ին, ժամը 14:00-ին, նույն սրահից: Հավելենք, որ Սարգսյանի հիշատակի երթի մասնակիցները երկար ժամանակ պահանջում էին «Հաց բերողին» հողին հանձնել «Եռաբլուր»-ում: Պահանջը, սակայն, մերժվել է: Իշխող կուսակցությունից Սուքիաս Ավետիսյանը ցավակցել է Արթուր Սարգսյանի հարազատներին, բայց պարզաբանել, որ «Եռաբլուր»-ում թաղված են մեր այն հերոսները, ովքեր սահման են պաշտպանել եւ կյանքը զոհել հանուն խաղաղության:

Այսօր պետք է մեկնարկեր այս գումարման խորհրդարանի վերջին քառօրյան: Այսօրվա նիստը, սակայն, տապալվել է. Ազգային ժողով է եկել ընդամենը 34 պատգամավոր, իսկ քվորում ապահովելու համար 66 պատգամավորի ներկայություն էր անհրաժեշտ:

Փոխարենն ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ներկայացուցիչներն ակտիվորեն շարունակում են նախընտրական քարոզարշավը: Հանգստյան օրերին ՀՀԿ-ի քարոզչությամբ զբաղվող Կարեն Կարապետյանը մարզերում էր. եղել է Գեղարքունիքում, Տավուշում, Լոռիում: Ախթալայում Կարապետյանին հիացրել է Արամյանցի ամառանոցը: Վստահ է, որ այն հետաքրքիր եւ մարդաշատ տուրիստական կենտրոն կդառնա: Արդեն ներդրող էլ կա՝ գործարար Վահե Կարապետյանը:

Իսկ այսօր Կարեն Կարապետյանն արդեն հանդիպել է Երեւանի բնակիչների հետ: Քանաքեռ-Զեյթունում ընտրողներից մեկը հետաքրքրվել է, թե վարչապետն ինչպես է պատկերացնում ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի հետագա աշխատանքը, որի թեկնածությունն առաջադրվել է թիվ մեկ ընտրական տարածքում: Պարզվում է՝ վարչապետը Պողոսյանին կառավարությունում չի տեսնում:

Վերջապես Հայաստան է վերադարձրել եւ ՕՐՕ դաշինքի քարոզարշավին միացել Րաֆֆի Հովհաննիսյանը: «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը մինչ այս Միացյալ Նահանգներում էր: Այսօր Արագածոտնում լրագրողների հետ զրույցում նա բացատրել է, թե այսքան ժամանակ ինչ էր անում օվկիանոսից այն կողմ:

Հանգստյան օրերին մարզերում էին նաեւ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ներկայացուցիչները: Մինչ Արամ Մանուկյանը Գեղհովիտում խոսում էր միակ իրատեսական ծրագիրը ներկայացնող իրենց ուժի մասին, նրան է մոտեցել մի գյուղացի եւ մեղադրել Հայաստանը ԽՍՀՄ-ի կազմից դուրս բերելու եւ երկիրը թալանելու համար: Մանուկյանը հակադարձել է՝ թվարկելով, թե ինչ ձեռքբերումներ է ունեցել Հայաստանը 1990-ականների սկզբին, նաեւ խոսել Գեղհովիտ եկած դաշինքի ներկայացուցիչների՝ վերջին հինգ տարիների գործունեության մասին:

Եվ հերթական ընդհարման մասին. Արագածոտնի Քուչակ գյուղում վիճաբանություն է տեղի ունեցել: Մեր տեղեկություններով՝ արդյունքում դանակահարվել են «Ծառուկյան» դաշինքի Քուչակ գյուղի շտաբի պետ Արամ Ասատրյանը եւ դաշինքի համակիր Մանուկ Հովսեփյանը: Նրանք կտրած-ծակած վերքերով հիվանդանոց են տեղափոխվել:

Մինսկն այսօր հայտարարել է, որ Հայաստանից Բելառուսի տարածքով տարանցմամբ Բուլղարիա մեկնող օդանավում ռադիոակտիվ նյութեր են հայտնաբերվել: Այս մասին հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն եւ խնդրել զեկուցել պետական սահմանին տեղի ունեցած միջադեպի հետաքննության արդյունքների մասին: Նա նաեւ հորդորել է աչալուրջ լինել եւ երկրի իրավիճակի ապակայունացման առիթ չտալ:  Բելառուսի պետական սահմանապահ կոմիտեն հաստատել է օդանավում ռադիոակտիվ նյութերի հայտնաբերումը: Հավելենք, որ այն բեռնատար է եղել:

Խնդրի շուրջ քաղավիացիայի ծառայությունից մինչեւ աշխատանքային օրվա ավարտը մեկնաբանություն ստանալ այդպես էլ չհաջողվեց, իսկ ավելի ուշ պետեկամուտների կոմիտեից շատ ընդհանուր պարզաբանում տարածեցին՝ նշելով, որ սահմանային անցման բոլոր կետերում, այդ թվում՝ օդանավակայանի մաքսային հսկողության տարածքում, ռադիոակտիվ նյութերի հայտնաբերման եւ կանխման ուղղությամբ պատշաճ հսկողություն է իրականացվում: Նշված օդանավում զննման արդյունքում որեւէ խախտում չի հայտնաբերվել:

Այսօր իրանական օրացույցով առաջին օրն է՝ Նովրուզը, որը գարնան սկիզբն է համարվում: Պարսկերենից թարգմանաբար՝ «նովրուզ» նշանակում է «նոր օր»: Նովրուզը նշում են շիա մահմեդականները, ինչպես նաեւ Թուրքիայի տարածքում ապրող սունի քրդերը: Նովրուզի օրերին ավանդաբար Հայաստան այցելով իրանցիների թիվը կտրուկ ավելանում է: Տոնին ընդառաջ՝ մարտի 15-ից Թեհրան-Երեւան չվերթների հաճախականությունն ավելացել է: Իրանական ավիաընկերություններն այս ընթացքում 67 կանոնավոր եւ ոչ կանոնավոր չվերթ են իրականացնելու:

Դոլարը շարունակում է զիջել դիրքերը, թուլացել է նաեւ եվրոն: Արդյունքում դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 483 դրամ, եվրոյինը՝ 519, ռուբլունը՝ 8 դրամ 41 լումա, ֆունտինը՝ 600 դրամ:

Մարտի 21-ի գիշերը հանրապետության շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ տեղումներ են սպասվում, լեռնային եւ նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով: Երեւանում նույնպես գիշերը տեղումներ կլինեն: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի -1+1, ցերեկը՝ +8+10 աստիճան տաքություն: