Ես չգիտեմ՝ Սերժ Սարգսյանին համոզողներ կա՞ն, որ դառնա վարչապետ, ես համոզողների մեջ չկամ: Այս մասին, այսօր՝ հունիսի 21-ին, ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն կարապետյանը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հարցին, թե արդյոք Կարեն Կարապետյանը Սերժ Սարգսյանին համոզողների թվում է:
Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը Կարեն Կարապետյանից նաեւ հետաքրքրվեց արդյոք մնալո՞ւ է վարչապետի պաշտոնում 2018-ի ապրիլից հետո՝ նրան հիշեցնելով Սերժ Սարգսյանի 2014թ. ապրիլի 10-ի հայտարարությունը:
«Պարոն վարչապետ ես հիմա ձեզ համար ցիտում եմ Սերժ Սարգսյանի 2014թ. ապրիլի 10-ի հայտարարությունը՝ «Եվ ձեր առաջ պաշտոնապես հայտարարում եմ, որ ես՝ Սերժ Սարգսյանս, այլեւս երբեք չեմ առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի՝ նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա, ես չեմ հավակնի նաեւ վարչապետի պաշտոնին»: Այնպիսի տպավորություն է, որ խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները արդեն սկսում են Սերժ Սարգսյանին համոզել, որ նա փոխի իր մտադրությունը եւ առաջադրվի վարչապետի պաշտոնում: Ուզում եմ հասկանալ՝ Դուք էդ չակերտավոր համոզողների թվու՞մ եք, թե ոչ եւ ընդհանրապես կհամաձայնե՞ք արդյոք 2018թ. կառավարությունում լինել փոխվարչապետ, կամ նախարար...»,-հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանը:
Կարեն Կարապետյանը պատգամավորին վստահեցրեց, որ Սերժ Սարգսյանին համոզողների ցուցակում չկա:
«Այս հարցը մի քիչ էլ կոռեկտության դաշտի մեջ է, ես դրա համար ուզում եմ, որ ճիշտ հասկացված լինի: Ես չեմ կարող պնդել, որովհետեւ, հենց պնդում ես՝ միանգամից դառնում ես քննադատվող թիրախ: Ես պատրաստ եմ լինել վարչապետ, էս պատասխանը բավարա՞ր է: Ինչպես դուք եք ձեւակերպել, համոզողների մեջ ես կա՞մ, ես չգիտեմ՝ համոզողներ կան, թե չկան, ես համոզողների մեջ չկամ»,-պատասխանեց վարչապետը:











