«Ժառանգություն» կուսակցության նորընտիր վարչությունն առաջին նիստն է հրավիրել եւ վարչության նախագահ ընտրել Րաֆֆի Հովհաննիսյանին: «Ժառանգության» համագումարին ներկա են եղել նաեւ Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը:
Համագումարում ունեցած ելույթում Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքական ուժերին կոնսոլիդացիայի եւ հեղափոխություն անելու կոչ է արել: Հովհաննիսյանի կարծիքով՝ դա, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա 2018 թվականին, երբ կավարտվի նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի լիազորությունների ժամկետը:
Սեյրան Օհանյանը դեմ չէ համագործակցությանը: Խորհրդարանական ընտրություններին Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Վարդան Օսկանյանի հետ դաշինքով մասնակցած Օհանյանն ավելի լավ կազմակերպված գործունեության կարիք է տեսնում: Սեյրան Օհանյանի համար միեւնույն է, թե ով կլինի իշխանությունում, կառավարությունում, պաշտպանության նախկին նախարարի համար կարեւոր է մեկ բան:
Հեղափոխության մասին Հովհաննիսյանի հայտարարությունն արձագանք է գտել: Էդուարդ Շարմազանովը հարգում է Րաֆֆի Հովհաննիսյանին, բայց խորհուրդ է տալիս լուրջ չվերաբերվել, իր բնորոշմամբ, «հովհարային անջատումներով» քաղաքական գործիչներին: Կարծում է, որ յուրաքանչյուր քաղաքական գործիչ պետք է խոսի այն չափով, որքան վստահություն է ստացել ընտրություններին:
«Ելք»-ից Գեւորգ Գորգիսյանն էլ «Ժառանգության» համագումարից տպավորություն է ստացել, որ «այդ մարդիկ ասելիք չունեն», իսկ միայն իշխանության դեմ պայքարելը պատգամավորը բավարար նպատակ չի համարում միավորվելու համար: Ի դեպ՝ ավելի վաղ Գորգիսյանը «Ժառանգության» ղեկավարին «քաղաքական դիակ» էր կոչել, ինչին ի պատասխան՝ Հովհաննիսյանն իր կուսակցության համագումարի ժամանակ նման հայտարարություն անողին անդաստիարակ եւ անողնաշարավոր էր կոչել ու պահանջել ներողություն խնդրել: Րաֆֆի Հովհաննիսյանի որակումները Գորգիսյանը չի ցանկացել մեկնաբանել, հավելել է միայն, որ ժամանակը ցույց կտա՝ որքանով էր ինքն իրավացի կամ ոչ:
Մեկնարկել է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանը: Ստրասբուրգում է նաեւ Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը: Ազգային ժողովի փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը կառույցի փոխնախագահ է ընտրվել:
Մինչեւ հունիսի 30-ը նախանշված այս նստաշրջանի քննարկման հիմնական թեմաներն են լինելու Եվրոպան եւ միգրանտները: Վաղվա նիստում քննարկվելու է նաեւ Պեդրո Ագրամունտի հարցը. այսօր ԵԽԽՎ նախագահը, որին փորձում են պաշտոնից հեռացնել ռուսական պատվիրակության կազմում Սիրիա մեկնելու համար, հրաժարվել է լքել պաշտոնը:
Գյումրիում սրճարաններից մեկում կրակոցներ են հնչել: Որովայնի շրջանում հրազենային վնասվածքով մի տղամարդ հիվանդանոց է տեղափոխվել: Տուժածին՝ 30-ամյա Գեորգի Հակոբյանին, վիրահատել են, վնասվել են նրա աղիները: Հակոբյանի վիճակը ծանր է: Քրեական գործ է հարուցվել: Փորձում են պարզել միջադեպի մասնակիցների ինքնությունը:
Երեւան-Մոսկվա երթուղու հերթական ավտոբուսն է վթարվել: Պատահարը տեղի է ունեցել Վրաստանի տարածքում՝ Թբիլիսի-Գարդաբանի ավտոճանապարհին: Հայկական համարանիշերով «Scania» մակնիշի ավտոբուսը բախվել է վրացական համարանիշով «Nissan»-ին եւ կողաշրջվել: Վթարի հետեւանքով երեք ուղեւոր է վիրավորվել: Նրանց Մառնեուլի հիվանդանոց են տեղափոխել:
Ըստ տեղեկությունների՝ «Scania»-ն հաշվառված է Երեւանի բնակիչ, 29-ամյա Ալբերտ Մովսիսյանի անվամբ: Ավտոբուսը պատկանում է «Ալբերտ տուր» ընկերությանը, սակայն ընկերության հայտով տրանսպորտային միջոցների մրցույթին չի մասնակցել եւ անօրինական ուղեւորափոխադրում է իրականացրել:
Հունիսի 26-ին Հայաստանում նշվեց Ավիացիայի օրը եւ ՌՕՈւ-ի կազմավորման 25-ամյակը: «Էրեբունի» օդանավակայանում այդ առիթով ավիացիոն շոու է կազմակերպվել, որն ավարտվել է դեսանտի իջեցմամբ: Միջոցառման հյուրերը ծանոթացել են նաեւ «Էրեբունի»-ում տեղակայված ռուսական ավիաբազայի ռազմական տեխնիկայի նմուշներին՝ «ՄիԳ 29» կործանիչ, «Սու 25» գրոհային, ուսումնական ուղղաթիռներ, հայրենական արտադրության անօդաչուներ:
Ուկրաինական Խարկովում կայացած բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը մեկ ոսկե մեդալ նվաճեց: Չեմպիոնի տիտղոսն առաջին անգամ նվաճեց Հովհաննես Բաչկովը: Հայաստանի մյուս ներկայացուցիչները պայքարից դուրս մնացին՝ առանց մեդալ նվաճելու: Նշենք, որ վերջին անգամ Հայաստանն այս մարզաձեւում Եվրոպայի չեմպիոն էր ունեցել 7 տարի առաջ. տիտղոսը նվաճել էր Հրաչիկ Ջավախյանը: Հայաստան վերադարձած նորաթուխ չեմպիոնին «Զվարթնոց» օդանավակայանում ջերմորեն են դիմավորել:
Հունիսի 26-ին դոլարն ու եվրոն շարունակել են թանկանալ: Դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 480 դրամ, եվրոյինը՝ 537, ռուբլունը՝ 8 դրամ 13 լումա, ֆունտինը՝ 610 դրամ:
Հունիսի 27-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 3-4 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +20+22, ցերեկը՝ +37+38 աստիճան տաքություն:











