Հիբրիդային պատերազմի այս ժամանակահատվածում մենք պետք է վերանայենք մեր խորհրդարանական դիվանագիտության մարտավարությունը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 28-ին, ԱԺ-ում «Սումգայիթյան ոճրագործության 30-րդ տարելիցի կապակցությամբ» ԱԺ հայտարարության նախագծի քննարկման ժամանակ նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Ինձ համար հասկանալի չէ՝ գալ այս ամբիոնից մատ թափ տալ Ալիեւի վրա, հոխորտանքներ հնչեցնել: Դա ինձ շատ հիշեցնում է Քաջ Նազարի թախտի տակից արված հոխորտանքները: Մենք դա պետք է դրսներում անենք: Պետք է կարողանանք ճիշտ աշխատեցնել խորհրդարան-ԱԳՆ-Սփյուռք ներուժը»,-ասաց Զոհրաբյանը:

Նա չհամաձայնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմենի խոսքին, թե այս թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ Ալիեւի վարչակազմն այնքան ահաբեկված է եղել, որ սկսել են քայլեր անել. «Իրենք հայատյաց, արմենաֆոբ քաղաքականությամբ զբաղվում են ամեն օր եւ ամեն ժամ: Այո, ցանկացած հարթակ, բայց ԱԺ հարթակն ամենավերջինը, պետք է օգտագործենք այդ խնդիրները բարձրացնելու համար: Պետք է կարողանանք ճիշտ աշխատել միջազգային կառույցների հետ եւ մեր ներուժը ճիշտ համադրել: Այդ դեպքում միայն կկարողանանք դիմակայել հիբրիդային այս պատերազմում»,-ընդգծեց Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ հայտարարությանը միացել են ԱԺ բոլոր 4 խմբակցությունները: