Քանի որ նախօրեին ԱԺ պետաիրականա եւ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսգրքի նախագծին, արդեն այսօր՝ մարտի 6-ին, ԱԺ-ի քննարկմանը ներկայացված այդ օրինագծից կառավարությունը հանել է վիճահարույց դրույթը:
Օրինագիծը ներկայացնող Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ քանի որ նպատակահարմար չեն համարում Ազգային ժողովում քվեարկությամբ այդ հարցը լուծելը, իրենք որոշել են հանել այդ դրույթը. «Նոր խմբագրությունը պարունակում էր երկու մաս, իրավական վեճ ծագեց, թե արդյոք երկրորդ մասը համապատասխանում է ՄԻԵԴ-ի պրակտիկային: Հետեւաբար որոշեցինք առանց երկրորդ մասի ներկայացնել օրինագիծը, իսկ երկրորդ մասին անդրադարձ կկատարենք ավելի ուշ: Մենք կդիմենք նեղ մասնագետներին եւ կներկայացնենք նեղ մասնագետների կարծիքն այդ հարցի վերաբերյալ»,-ասաց Դավիթ Հարությունյանը:
Նշենք, որ խոսքը վերաբերում է Քրեական դատավարության օրենսգրքի 135 հոդվածին, որտեղ ներկայացվում է կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու հիմքերը:
Հարակից զեկուցող, ԱԺ պետաիրականա եւ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանն հաղթանակ ժպիտով ելույթ ունեցավ նշելով հետեւյալը. «Բա որ էդքան լավ ու կարեւոր օրենք է, ինչու պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը տվեց բացասական եզրակացություն: Այո, խոսքը վերաբերում էր մեկ հոդվածի մեկ դրույթի:
Այդ դրույթով սահմանվում է, որ անձի նկատմամբ կալանավորումը կարող է ընտրվել որպես խափանման միջոց նաեւ այն դեպքերում, երբ նա խախտել է ընտրված խափանման միջոցի պայմանները:Այսինքն ստացվում է, որ եթե անձը կատարել է արարք, որը մեր օրենսդրությամբ անգամ նախատեսված չէ ազատազրկում, այոնամենայնիվ անձը կարող է հայտնվել անազատության մեջ՝ խափանման միջոցի պայմանները խախտելու դեպքում, որը մեր խորին համոզմամբ, անընդունելի է եւ կարող էր հանգեցնել մարդու իրավունքների խախտումների:
Այո, կար կարգավորման անհրաժեշտություն, որ խափանման միջոցի պայմանները կատարվեն, բայց սա չէր դրա լուծման օրինակը: Կառավարությունը հանեց այդ կետը, հետեւաբար, թե եւ հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել այս նախագծին, սակայն քանի որ մեր վկայակոչած այդ կետը հանվել է, առաջարկելու եմ որ կողմ քվեարկեն այս օրենքին»,-ասաց նա:
Դավիթ Հարությունյանն էլ ընդգծեց, որ այդ դրույթը հանված է ոչ թե քաղաքական նկատառումներով, որովհետեւ իրենք խորապես համոզված են, որ այդ դրույթը ամբողջովին համապատասխանում է կոնվենցիային. «Մենք ընդամենը ասացինք, որ այս քաղաքական մարմնում քվեարկությամբ այդ հարցը լուծելը ամենարդյունավետ եղանակը չէ: Մենք կդիմենք նեղ մասնագետներին եւ կներկայացնենք նեղ մասնագետների կարծիքն այդ հարցի վերաբերյալ»:











