Կառավարությունն առաջարկում է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որով նախատեսվում է, որ կալանավորումը մեղադրյալի նկատմամբ կարող է կիրառվել նաև այն դեպքում, երբ մեղադրյալի կողմից էականորեն կամ պարբերաբար խախտվել են իր նկատմամբ կիրառված խափանման միջոցի պայմանները, և կան բավարար հիմքեր՝ ենթադրելու, որ այդ խափանման միջոցի կիրառումը կամ խափանման այլ միջոց կիրառելն այլևս բավարար չեն նրա կողմից սույն հոդվածի առաջին մասով նախատեսված որևէ գործողության կատարումը կանխելու համար:
ԱԺ պետարիրավական հանձնաժողովում օրինագիծը ներկայացնելիս արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն իր խոսքում նշեց. «Օրենսգրքում նախատեսված են մի շարք գործողություններ, որոնք հիմք պետք է հանդիսանան, որպեսզի կիրառվի կալանքը որպես խափանման միջոց: Այդուհանդերձ, մենք մտցնում ենք լրացուցիչ պայման, որ դրանք կարող են հիմք հանդիսանալ կալանքի համար, միմիայն եթե համապատասխան հանցագործության համար առավելագույն պատիժը գերազանցում է 1 տարին:
Կա եւս մեկ դրույթ, ըստ որի, եթե ընտրվել է այլ խափանման միջոց, բայց անձը խախտում է փախանման միջոցի պայմանները, ապա անձը կարող է կալանավորվել: Մենք հանգել ենք եզրակացության, որ ինքնին խափանման միջոցի պայմանները խախտելը չի կարող հիմք լինել կալանքի համար, անհրաժեշտ են լրացուցիչ պայմաններ: Դրանք են՝ նախ, խախտումը պետք է լինի էական կամ պարբերական, երկրորդ՝ պետք է բավարար հիմքեր լինեն ենթադրելու, որ խափանման միջոցի պահպանումը կամ այլ՝ ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցը արդյունավետ չէ եւ միայն այդ դեպքում՝ կարող է կիրառվել կալանք:
Այսինքն եթե մարդը կոպտորեն կամ պարբերաբար խախտում է, օրինակ, չհեռանալու մասին ստորագրություն խափանման միջոցը, պետք է համոզմունք առաջանա, որ այն այլևս արդյունավետ չէ, ու կան հիմքեր՝ ենթադրելու, որ անձը կկատարի առաջին մասով նախատեսված որևէ գործողություն»,-ընդգծեց նախարարը:
Նրա հետ սկզբունքորեն համաձայն չէր Հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը, որը նշեց. «Մարդուն կարելի է կալանավորել այն դեպքում, երբ մեկ տարուց ավելի ազատազրկում է նախատեսվում եւ մարդը կարող է խուսափել նախաքննության մարմին ներկայանալուց, կատարել այլ հանցանք կամ անօրինական ազդեցություն գործադրել գործի մասնակիցների վրա:
Հիմա կառավարությունն առաջարկում է երկրորդ պայմանը, որ օրինակ մարդու նկատմամբ կիրառված է ստորագրությամբ չհեռանալու մասին խափանման միջոցը եւ նա կոպտրոեն կամ պարվերաբար խախտում է այդ պայմանը, նրան կարող են կալանավորել»:
Կոստանյանը նկատեց, որ այս փոփոխությամբ կարող է ստեղծվել մի իրավիճակ, որ ասենք, ըդհանրապես այդ արարքի համար ազատազրկում նախատեսված չէ օրենսգրքով, բայց քննիչի կանչով չներկայանալու դեպքում մարդուն կարող են ազատազրկել, ինչը սկզբունքորեն անընդունելի է: «Սա սկզբունքորեն հակասում է եվրոպական կոնվենցիային, քանի որ դրանով պատժի ենք ենթարկում մարդուն: Եթե մարդուն կանչում ես չի գալիս, բերման ենթարկիր, ինչո՞ւ ես կալանավորում:
Քանի որ պարոն Հարությունյանը մեզ փաստի առջեւ է կանգնեցրել, արդեն պետք է քվեարկենք կառավարության ուզած տարբերակով, ես առաջարկելու են դեմ քվեարկել, թող տանեն փոփոխեն: Հիմա մենք ունքը ուղղելու փոխարեն աչքն ենք հանում»,-հայատարեց Կոստանյանը:




























