Այսօր առավոտյան այս դահլիճում ՔՊ-ականների հրահրած խուլիգանական խայտառակ միջադեպը մի նպատակ էր հետապնդում՝ ձեր ուշադրությունից շեղել Շաքիի միջադեպը, բայց դա իհարկե նրանց չի հաջողվելու։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 6–ին, ԱԺ–ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Շաքի բնակավայրում տեղի ունեցած միջադեպը մի առանձին դեպք չէ, որի մասին կարելի է ասել, թե ադրբեջանցի զինվորը ապօրինի հատել է սահմանը, ձերբակալվել է, կատարվում է քննություն, ինչպես նրանք են փորձում ձեզ ներկայացնել։ Զինված Նասիմ Ռահիմ Օղլի Մուսաևը ներթափանցել է Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք, անարգել հասել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր, մտել Հայաստանի խաղաղ բնակչի տուն, այնտեղ մնացել տևական ժամանակ, կատարել հանցագործություն, կրակել երեխաներին պաշտպանող մորը։

Տեղի ունեցածը մի ֆունդամենտալ խնդրի մասին է. Հայաստանի սահմանները անվտանգ չեն, Հայաստանի քաղաքացին իր տանը անվտանգ չէ, և այս ամենը ձեր վարած ձախողակ քաղաքականության հետևանքն ու արդյունքն է:

Որքան էլ դուք փորձեք սադրանքներով շեղել հանրային ուշադրությունը այս ֆունդամենտալ խնդրից, Անի Ավետիսյանի, նրա երեխաների առողջական վիճակի պատասխանատվությունը ձեր ուսերին է, և դուք պարտավոր եք Հայաստանի հասարակությանը ու յուրաքանչյուր քաղաքացուն բացատրել, որտեղ է եղել Հայաստանի սահմանային վերահսկողությունը, որ պահին է պետությունը կորցրել վերահսկողությունը տվյալ հատվածի նկատմամբ, որտեղից է տեղի ունեցել զինված ադրբեջանցու ներթափանցումը, ինչպես է զինված անձը խորացել, տարածություն կտրել ու հասել Շաքի բնակավայր, ինչու չի արձանագրվել նրա շարժը և, ի վերջո, սահմանային ծառայությունը երբ է ստացել առաջին տեղեկատվությունը ներթափանցման մասին։

Ինչպես նշվում է, դեռ սեպտեմբերի 29-ին ադրբեջանական կողմը իբրև թե տեղեկացրել է, որ զինծառայողը իր զորամասը լքել է և հնարավոր է գտնվի Հայաստանի տարածքում։ Այս հարցերի պատասխանները պարտավոր եք տալ ու ամենակարևորը՝ ինչպես է ստացվել, որ որոնվող ադրբեջանցին չի հայտնաբերվել սահմանային հսկողության օղակում մտել է բնակելի բնակավայր, մարդկանց տներ։

Այս հարցադրումները ազգային անվտանգության խնդրի մասին են, սրանք պարզապես հարցադրումներ չեն, վտանգը մոտենում է մեզնից յուրաքանչյուրի տուն, այդ թվում ձեր տներին է մոտենում ՔՊ-ականներ և նրանց աջակիցներ։

Խաղաղության մասին եք խոսում, այն խնամում եք, ասեք ինչի՞ արժեք ունի խաղաղության մասին ձեր խոստումը, եթե Հայաստանի քաղաքացին իր տանը պաշտպանված չէ թսնամու զինված ներխուժումից»։