Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը, Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի քաղաքապետները, ինչպես նաև մի շարք հանրապետականներ քննադատել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին այն հայտարարությունից հետո, թե Իրանը կարող է «շարքից հանել» ամերիկյան քաղաքները, հայտնում է Reuters գործակալությունը։

Նյուսոմը նախագահի հայտարարությունն անվանել է «անպատասխանատու և վտանգավոր»։ «Կալիֆոռնիան գրավելու համար Ազգային գվարդիա և ծովային հետևակ ուղարկելուց հետո Դոնալդ Թրամփն այժմ ասում է, թե մեր արտաքին թշնամիները պետք է «շարքից հանեն» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն», — X-ում գրել է նահանգապետը։

Լոս Անջելեսի քաղաքապետ Քարեն Բասը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահն, ըստ էության, առաջարկել է օտարերկրյա պետությանը հարվածել քաղաքին։ Նրա խոսքով՝ նման հայտարարությունները վտանգավոր են և կարող են սպառնալիք ստեղծել բնակիչների անվտանգության համար։

Սան Դիեգոյի քաղաքապետ Թոդ Գլորիան գրել է, որ քաղաքը «ծախսվող նյութ» չէ, և կոչ է արել այն չներքաշել «անպատասխանատու ռազմական հռետորաբանության» մեջ։

Թրամփի խոսքերից տարանջատվել է նաև Կալիֆոռնիայից Ներկայացուցիչների պալատի պատգամավորի թեկնածու, հանրապետական Ջիմ Դեսմոնդը։ Նա նշել է, որ կտրականապես համաձայն չէ նախագահի հետ՝ ընդգծելով, որ գլխավոր հրամանատարի առաջնային պարտականությունը ամերիկացիներին ու ԱՄՆ-ի տարածքը պաշտպանելն է։ «Ոչ մի ամերիկյան քաղաք ծախսվող նյութ չէ, և ոչ մի ամերիկյան ընտանիք չպետք է դիտարկվի որպես հարակից կորուստ», — գրել է Դեսմոնդը։

Ալեկոծություն առաջացրած հայտարարությունը Թրամփն արել է երկուշաբթի օրը Նեբրասկա նահանգի Գրանդ Այլենդ քաղաքում ընթացող հանրահավաքի ժամանակ։ Ելույթ ունենալով աջակիցների առջև՝ նա խոսել է Իրանի հետ պատերազմի տնտեսական հետևանքների, մասնավորապես՝ վառելիքի և այլ ապրանքների թանկացման մասին։

«Սա փոքր գին է աշխարհի և մեր երկրի անվտանգությունը պահպանելու համար։ Նրանք կարող են քաղաքները շարքից հանել։ Թող շարքից հանեն Լոս Անջելեսը, թող շարքից հանեն Սան Դիեգոն։ Սա շատ փոքր գին է, և շատ շուտով ամեն ինչ կավարտվի», — ասել է նախագահը։

Թրամփը հավելել է, որ հակամարտությունը, իր կարծիքով, «գրեթե ավարտվել է» և այսպես թե այնպես կավարտվի «շատ շուտով»։

Ընդ որում՝ պարզ չէ, թե արդյոք ամերիկյան քաղաքներին հնարավոր հարվածի մասին նրա խոսքերը հիմնված են եղել որևէ հետախուզական տվյալի վրա։

Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն բնակչության թվով Կալիֆորնիայի երկու խոշորագույն քաղաքներն են։ Լոս Անջելեսը նաև Նյու Յորքից հետո ԱՄՆ-ում երկրորդ ամենաբազմամարդ քաղաքն է։