Ֆրանսիայի ամբողջ տարածքում, բացառությամբ Փարիզի, երեքշաբթի առավոտյան ավագ դպրոցի աշակերտների՝ ուսուցման պայմանների բարելավման պահանջով բողոքի ցույցերինշուրջ 86 հազար մարդ է մասնակցել, հայտնում է Ֆրանսպրես գործակալությունը՝ հղում անելով երկրի ՆԳՆ-ին։
Գնահատականը հրապարակվել էր մինչև Փարիզում նախատեսված ցույցի մեկնարկը, որը պետք է սկսվեր Գրինվիչի ժամանակով 12:00-ին։ Ոստիկանության աղբյուրի տվյալներով՝ իշխանությունները մայրաքաղաքի ակցիայից 20-40 հազար մասնակցի էին սպասում։
Ավագ դպրոցի աշակերտների բողոքները շարունակվում են միջնակարգ կրթության համակարգի վիճակի նկատմամբ լայնածավալ դժգոհության ֆոնին։ Ցույցերն ուղեկցվում են բռնության բռնկումներով և անվտանգության ուժերի հետ բախումներով, մի շարք դեպքերում ամբոխը ցրելու համար կիրառվել են արցունքաբեր գազ և մահակներ։
Ֆրանսիայում զանգվածային բողոքի ցույցերի առնչությամբ ավելի քան 1800 մարդու նկատմամբ դատական գործեր են հարուցվել։
Երկրի իշխանությունները շարունակվող ցույցերի պատճառով հարյուրավոր դպրոցներ են փակում։ Կրթության նախարար Էդուար Ժեֆֆրեն հայտարարել է, որ դասերն ամբողջությամբ կամ մասնակիորեն կդադարեցվեն 400–500 միջնակարգ դպրոցներում, քանի որ այնտեղ չի հաջողվել անվտանգ պայմաններ ապահովել։ Ըստ նրա՝ բողոքների սկսվելուց ի վեր 24 դպրոց «այրել կամ թալանել են»։
Բողոքները սկսվել են սեպտեմբերի 17-ին Փարիզի դպրոցներից մեկում, սակայն անցյալ շաբաթ վերածվել են համազգային ցույցերի, որոնց մասնակցում են հազարավոր ավագ դպրոցի աշակերտներ և այլ քաղաքացիներ։
Աշակերտները և ակցիաների մյուս մասնակիցները դժգոհություն են հայտնում ուսուցիչների պակասից, գերբեռնված դասարաններից և դպրոցական հին ու վատ վիճակում գտնվող շենքերից։





























