Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատարն ազատ արձակվեց: Վճռաբեկ դատարանը Սամվել Բաբայանի խափանման միջոցը փոխեց՝ հաշվի առնելով Ազգային ժողովի 11 պատգամավորների ներկայացրած անձնական երաշխավորությունը: Դատարանի որոշմամբ ազատ արձակվեցին նաեւ ամբաստանյալներ Սանասար Գաբրիելյանն ու Արմեն Պողոսյանը: Ամբաստանյալների բողոքը, սակայն, մասնակի է բավարարվել. գործն ուղարկվել է նոր քննության:

Մեկուսարանից դուրս գալուց հետո Բաբայանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իր ձերբակալությունը քաղաքական պատվեր էր: Վստահեցնում է՝ ԱԱԾ-ում էլ են խոստովանել: Արցախ մեկնելու մասին հարցին Սամվել Բաբայանը պատասխանել է՝ Հայաստանի իշխանությունները պետք է որոշեն: Անձամբ ինքը նման մտադրություն չունի:

«Սասնա ծռեր»-ից Հովհաննես Հարությունյանի խափանման միջոց կալանավորումը նույնպես փոխվեց. նա պատգամավորների անձնական երաշխավորությամբ ազատ արձակվեց: Նրա համար անձնական երաշխավորություն էին ներկայացրել «Ծառուկյան» խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Էնֆիաջյանը. պատգամավորները նաեւ 500 հազարական դրամ են վճարել: Հավելենք, որ նախօրեին էլ դատարանի դահլիճից ազատ էին արձակվել Արթուր Սողոմոնյանն ու Արթուր Մելքոնյանը՝ չհեռանալու մասին ստորագրությամբ: Այսպիսով, ընդհանուր առմամբ, ազատության մեջ են «Սասնա ծռեր» խմբի 9 անդամներ:

Կառավարության այսօրվա նիստի «թիրախում» կրկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանն էր: Նա ԱԺ պատգամավորների կողմից շարժական տեսախցիկները հանելու վերաբերյալ նախագիծ ներկայացրեց: Օրենսդրական փոփոխությամբ առաջարկվում է շրջանառությունից հանել ոստիկանության կողմից օգտագործվող տեսանկարահանող բոլոր սարքերը, մինչդեռ Օսիպյանն առաջարկում է նոր շարժական տեսախցիկներ տեղադրել, քանի որ դրանց առկայությունը նպաստում է անվտանգ երթեւեկության ապահովմանը: Ոստիկանապետի խոսքով՝ շարժական մեքենաների վրա պետք է փարոսիկ տեղադրել, որը կնախազգուշացնի արագաչափի գոյության մասին: Արտակ Զեյնալյանի եւ Վալերի Օսիպյանի միջեւ ծավալված քննարկումը, կարծես, հունից հանեց Նիկոլ Փաշինյանին: Վարչապետը հիշեցրեց, որ քննարկվող թեման այլ է:

Փաշինյանն Օսիպյանից պահանջեց առաջարկ ներկայացնել, թե ինչպես անել, որ մարդիկ անտեղի չտուգանվեն: Կարծում է՝ մարդիկ ամեն անգամ տուգանքի մասին ծանուցում ստանալիս սթրես են տանում: Վարչապետն առաջարկեց, մարդկանց տուգանելուց առաջ, հրատապ այլ խնդիրներ լուծել: Նա ոստիկանությունից պահանջեց հետեւողական լինել առաջին հերթին «գոլդ» համարանիշերով մեքենաների վարորդների նկատմամբ: Հաջորդ խնդիրը ճանապարհային երթեւեկության նշաններն են: Փաշինյանը պահանջեց այս հարցը եւս լուծել:

Գործադիրն այսօրվա նիստում որոշեց նաեւ 2019 թվականի հունվարի 1-ից շրջանառության հարկը նվազեցնել՝ 115 մլն դրամից դարձնելով 58 մլն 350 հազար դրամ: Նշենք, որ խորհրդարանն առաջարկել էր այդ շեմն անփոփոխ թողնել, մինչդեռ կառավարությունը մերժեց այդ նախագիծը եւ որոշեց կիսով չափ նվազեցնել հարկային բեռը:

Ի տարբերություն նախորդ նիստերի՝ այս անգամ կառավարության գլխավոր մուտքից շատ քիչ նախարարներ դուրս եկան: Կրթության նախարար Արայիկ Հարությունյանից լրագրողները հետաքրքրվեցին ԲՈՀ նորանշանակ նախագահ Սմբատ Գոգյանից: Նրա նշանակումից հետո, հիշեցնենք, լրատվամիջոցներում աղմկահարույց լուսանկարներ հրապարակվեցին: Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ Գոգյանը փայլուն գիտնական է, եւ ճիշտ չէ սոցցանցերի լուսանկարներով կարծիք կազմել:

Ինչ վերաբերում է «Այբ»-ում անցկացված աուդիտին. Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ անցյալ տարի հատկացված 666 մլն դրամից շուրջ 280 մլն-ը չի ծախսվել: Հետագայում այս գումարը ձեւավորվել է որպես այս տարվա կանխավճար, մինչդեռ այս տարվա գումարը շարունակում է նույնը մնալ:

Նիկոլ Փաշինյանը ռուսաստանյան այցից հետո՝ դեռ Մոսկվայից ֆեյսբուքյան ուղիղ եթերով ամփոփել է երկօրյա աշխատանքային այցի արդյունքները: Ամենակարեւոր տեղեկությունը, որ վարչապետը ցանկանում էր փոխանցել ժողովրդին. ծանոթացել է Ադրբեջանի նախագահի հետ: Իսկ այցի արդյունքներից Փաշինյանը չափազանց գոհ է. հանդիպել է Ռուսաստանի նախագահի ու վարչապետի, ինչպես նաեւ տեղի հայ գործարարների հետ: Բանակցությունների արդյունքում հանգել է եզրակացության. հայ-ռուսական հարաբերությունների զարգացման համար որեւէ քաղաքական խոչընդոտ չկա:

Նիկոլ Փաշինյանը շտապել է արձագանքել նաեւ ՀՀԿ-ական պատգամավորների ակնարկին, թե բազմաթիվ անգամներ քննադատել է վարչապետներին՝ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանին չներկայանալու համար, բայց վերջինին ինքն է բացակայել:

Շարունակում է ուշադրության կենտրոնում մնալ պաշտպանության նախարարությունում գնումների եւ բանակաշինության ոլորտներում բացահայտված չարաշահումների, խարդախությունների եւ յուրացումների գործով նախկին նախարարին հարցաքննության կանչելու մասին լուրը, որին, ի դեպ, Սեյրան Օհանյանը չի ներկայացել: Օհանյանը հավաստում է, որ ծանուցում չի ստացել, ՊԵԿ-ում էլ հակառակն են պնդում: Ի դեպ՝ այս քրեական գործի շրջանակում Սեյրան Օհանյանը հարցաքննվող միակ նախկին պաշտոնյան չի լինի:

Նշենք, որ նախարարությունում կոռուպցիոն բացահայտումների մասին պատկան մարմիններից նորանոր հաղորդագրություններ են ստացվում: Երեկ էլ հայտարարվեց զորամասերից մեկում հայտնաբերված յուրացումների մասին: Չնայած բացահայտումների հոսքին՝ Օհանյանը վստահեցնում է, որ գործել է օրենքի սահմաններում եւ մտահոգվելու պատճառ ամենեւին չունի:

Հունիսի 15-ին դոլարն ու եվրոն էժանացել են, ընդ որում եվրոպական արժույքը՝ շուրջ 11 դրամով: Դոլարի փոխարժեքը կազմել է 482 դրամ, եվրոյինը՝ 560, ռուբլունը՝ 7 դրամ 69 լումա, ֆունտինը՝ 641 դրամ:

Հունիսի 16-20-ի գիշերը հանրապետության շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում նույնպես երեկոյան ժամերին հնարավոր են տեղումներ: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +18+20, ցերեկը՝ +30+32 աստիճան տաքություն: