«Իմ քայլը» խմբակցությունը դեռ չունի որոշում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված վիճակի վերաբերյալ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Նրա խոսքով, իրենք դեռ չեն որոշել, թե ինչ ճանապարհային քարտեզով են շարժվելու՝ գնալու են խորհրդարանական խմբակցությունների հետ կոնսուլտացիաների, թե այլ ճանապարհ են ընտրելու:

«Մենք ծանոթացել ենք Վահե Գրիգորյանի նամակին, բայց չենք շտապում լուծումներով կամ հանգուցալուծումներով հանդես գալ: Չեմ բացառում, որ կընդունենք Վահե Գրիգորյանի առաջարկը, չեմ բացառում նաեւ, որ ինքներս մեր լուծման տարբերակով հանդես գանք: Այս պահին «Իմ քայլը» խմբակցությունը չունի ձեւակերպված դիրքորոշում, թե ինչպես ենք շարժվելու առաջ:

Կարծում եմ՝ նման իրավիճակում շտապողականություն ցուցաբերելու իրավունք չունենք: Շտապել պետք է, բայց ոչ հապճեպ որոշումներ կայացնել»,-ասաց Մակունցը:

Նա նշեց, որ խմբակցությունը չունի հստակ դիրքորոշում նաեւ այն հարցում, թե արդյոք ՍԴ-ում ճգնաժամ կա, թե ոչ:

«Սա չափազանց կարեւոր հարց է, եւ պետք է հանգուցալուծումը փորձենք գտնել»,-ընդգծեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը: