Արտաշատի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Հարություն Պետրոսյանի, այսօր՝ մարտի 11-ին, Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով դատական նիստին հարցաքննվեցին գործով վկաներ Ռուզա
ննա Հակոբյանը եւ Գագիկ Ղուկասյանը։
Գործով տուժող եւ վկա Ռուզաննա Հակոբյանը պատմեց, որ բախման հետեւանքով մի քանի րոպե կորցրել է գիտակցությունը, այնուհետեւ մարմնի վրա տաքություն զգալով՝ գիտակցության եկել.
«Մեր ճանապարհով հանգիստ գալիս էինք։ Հարվածի պահին ես նստարանի տակ հեռախոս էի փնտրում։ Բախումից վայրկյաններ անց եկել եմ գիտակցության՝ ամբողջովին վառվում էի։ Մարդիկ անիվներով կոտրել են պատուհանները, որ մարդկանց հանեն։ Ես ամենավերջում եմ նստած եղել եւ ուղեւորների վառվելը տեսել եմ։ Ինքնուրույն եմ դուրս եկել Գազելից՝ ամենավերջում։ Բոլոր կոտրված պատուհաններից բոցը դուրս էր գալիս։ Տաքությունից եմ սթափվել։ Որը մահացել էր երեւի հարվածի հետեւանքով էր մահացել, որովհետեւ Աստղիկը չէր շարժվում։ Տեսել եմ, որ Վաչիկ ձաձան փորձում էր դուռ բացել, որ մարդիկ դուրս գային, բայց չէր կարողանում, որովհետեւ ոտքերը մնացել էր երկաթների արանքը։ Ավելի քան 15 տարի Գազելի վարորդին ճանաչել եմ, նա միշտ կանոնավոր է վարել մեքենան»։
Տուժողն ասաց, որ Արարատ քաղաքից գնում էր Սուրենավան գյուղ, ներկայացրեց՝ ուղեւորները որտեղ են նստած եղել վթարի պահին.
«Վարորդի անմիջապես մեջքի հետեւում նստած էր Անահիտն իր աղջկա հետ, կողքին՝ Սոֆյան էր՝ Երասխավանից, դիմացը նստած էր Աստղիկը, կողքին՝ Ծաղիկը, հետո Ծաղիկը տեղափոխվեց, Ծաղիկի ու Աստղիկի հետեւում նստած էին Գագիկն ու Երասխավանից եւս մի երեխա, վերջում էլ նստած էի ես, կողքերս մարդ չկար։ Ժենյան փորձեց նստած տեղից իրեն դուրս նետեր բաց պատուհանից, ոտքերը կպավ վառվող երկաթներին ու մնաց կախված։ Մի պատուհան էր մնացել, որ մարդիկ չէին կոտրել, հենվեցի նստարանին այդ պատուհանից ինձ դուրս ես նետել»։
Տուժողը պատմեց, որ իրեն ականատեսներից մի երիտասարդ նստեցրել է մեքենան եւ հասցրել հիվանդանոց։
Նա հայտնեց նաեւ, երբ իրեն պատուհանից դուրս է նետել, հրշեջ-մեքենաներն արդեն դեպքի վայրում են եղել։
Գործով մյուս տուժող Գագիկ Ղուկասյանն ասաց, որ կնոջ եւ երեխաների հետ է եղել «Գազելում»։
Կնոջ՝ Ժենյա Սմբատյանի հետ գնացել էր Արարատ՝ գնումների.
«Կնոջս՝ Ժենիկ Սմբատյանի հետ գնացել էի Արարատ գնումների, վերադարձել ենք Վաչիկ ձյայի Գազելով։ Կինս առանձին էր նստել, ես երեխաներիս հետ՝ առանձին։ Հարվածից գիտակությունս կորցրել եմ, երբ աչքերս բացել եմ, արդեն ամբողջությամբ ծուխ էր։ Կնոջս էի փնտրում, այդպես էլ չգտա։ Ես ինձ պատուհանից գցել եմ ու ընկել եմ կրակների մեջ ու վառվել եմ։ Ես հրաժարվել եմ հիվանդանոց գնալ, ասում էի՝ կինս մեջն ա, ոնց թողեմ գնամ։ Երբ աչքերս բացեցի գազի ֆսսոց էի լսում։
Հիշեցնենք, որ 2019 թվականի հուլիսի 6-ին՝ժամը 15:00-ի սահմաններում, Արարատ քաղաքի Զոդի կամրջի վրա, միմյանց են բախվել «ԳԱԶԵԼ», «Տոյոտա Հիլուքս» եւ «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաները, որի արդյունքում հրդեհ է բռնկվել «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայում, այնուհետեւ հրդեհը տարածվել է «Տոյոտա Հիլուքս» մակնիշի եւ «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաներում:
«Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Սողոմոն Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 242-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ):
Ըստ մեղադրական եզրակացության՝ Սողոմոն Հակոբյանը խախտել է ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները եւ ճանապարհային երթեւեկության կանոնները, որն անուշադրությամբ առաջացրել է 7 մարդու մահ, եւ 4 մարդու առողջությանը պատճառվել է ծանրության եւ ծանր մարմնական վնասվածքներ։











