«Սասնա ծռերի» գործով դատավոր Մեսրոպ Մակյանը հրապարակել է 10 մեղադրյալների դատավճիռները։ Պավել Մանուկյանը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման, քննության ընթացքում խափանման միջոց կիրառելու արդյունքում նա բանտում կանցկացնի 7 տարի 9 ամիս։ Վարուժան Ավետիսյանը ստացել է 9,5 տարի, որից ազատազրկման վայրում կմնա 7 տարի 4,5 ամիս։ Մխիթար Ավետիսյանը եւս ստացել է 9,5 տարի, անազատության մեջ կմնա 7,5 տարի։ Էդվարդ Գրիգորյանը դատապարտվել է 8,5 տարվա ազատազրկման, բանտում կանցկացնի 6 տարի 7 ամիս, Գագիկ Եղիազարյանը՝ 9,5 տարուց ազատազրկման վայրում կմնա 7,5 տարի, Արեգ Կյուրեղյանը դատապարտվել է 9 տարով, կազատազրկվի 7 տարի 2 ամսով։ Սեդրակ Նազարյանը դատապարտվել է 10 տարով, կազատազրկվի 8 տարի 2 ամսով։ Սմբատ Բարսեղյանը դատապարտվել է 25 տարի ժամկետով. պատժի կրման սկիզբը 2016 թվականի օգոստոսի 1-ն է։ Արայիկ Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է նրա մահվան հիմքով։
Մեսրոպ Մակյանի դատավճռով՝ Արմեն Բիլյանն արդարացվել է ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության համար, բայց նա մեղավոր է ճանաչվել այլ արարքներում եւ դատապարտվել է 9 տարվա ազատազրկման, սակայն վերջնական պատիժ նշանակվեց 4 տարի 11 ամիսը: Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացվել է եւ նա դատարանի դահլիճից ազատ է արձակվել: Մինչեւ դատական ակտի ուժի մեջ մտնելը նա կստորագրի երկրից չհեռանելու պարտավորության տակ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ երեկոյան հեռարձակված հարցազրույցը գիշերվանից փոթորկել է ինտերնետային սոցհարթակներն ու ռուսական մամուլը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Իսկանդերի վերաբերյալ մեծ աղմուկ է բարձրացրել ոչ միայն հայկական, այլև ռուսական լրատվական և քաղաքական շրջանակներում։
Նիկոլ Փաշինյանը այս հայտարարությամբ փաստացի կասկածի տակ է դրել ռուսական արտադրության «Իսկանդեր» գերճշգրիտ բալիստիկ հրթիռային համակարգի արդյունավետությունը։ Փորձագիտական շրջանակները գրեթե միաբերան այսպես են մեկնաբանել Հայաստանի ղեկավարի այս հայտարարությունը։ Ի դեպ, Փաշինյանը հարցազրույցի ընթացքում Սերժ Սարգսյանի անունը չի տվել, այլ միշտ հիշատակել «մերժվածը» պիտակով, թերեւս, ի պատասխան երրորդ նախագահի՝ նրա անվան փոխարեն շրջանառության մեջ դրած «կապիտուլյանտ» եզրույթի։
«Իսկանդերի» մասին Փաշինյանի ասածը բացարձակ սուտ է որակել Պետդումայի պաշտպանության կոմիտեի փոխնախագահ Վիկտոր Զավարզինը: Նա նշել է, որ Փաշինյանը դրանով ցանկացել է ընդգծել իր անմեղությունը պատերազմի արդյունքներում: «Երբ մարդն ուզում է անմեղ լինել, նա մեղավոր կհանի եւ՛ «Իսկանդերներին», եւ՛ հայ ժողովրդին, եւ՛ զինվորականներին: Դա, իհարկե, չի համապատասխանում իրականությանը: «Իսկանդերը» բարձր ճշգրտության զենք է եւ դա նույնիսկ կասկածի ենթակա չէ: Սիրիայում դրանք կիրառվել են բազմիցս եւ շատ ճշգրիտ: Ես, մեղմ ասած, համաձայն չեմ պարոն Փաշինյանի այդ կարծիքի հետ»,- ասել է Զավարզինը:
Պետդումայի պատգամավոր Դմիտրի Սաբլինը հայտարարել է, որ Փաշինյանի հայտարարությունը «Իսկանդերի» մասին վկայում է նվազագույնը նրա ատեղյակության մասին։ «Վատ պարողին ոտքերն են խանգարում, այս ժողովրդական իմաստությունը լավագույնս է բնութագրում հայ վարչապետի խոսքը վերջին պատերազմում «Իսկանդերի» կիրառման եւ դրանց «հնացած» լինելու մասին: Գործից տեղյակ մարդիկ գիտեն, որ սա լավագույն ունիվերսալ օպերատիվ-տակտիկական համալիրն է, XXI դարի զենքը»,- ասել է Սաբլինը:
Պետդումայի պաշտպանության կոմիտեի առաջին փոխնախագահ Ալեքսանդր Շերինը, Daily Storm-ի հետ զրույցում ասել է, որ Փաշինյանը պետք է հրապարակավ ներողություն խնդրի ամբողջ աշխարհի առաջ նման արտահայտություն անելու համար: «Նման հայտարարությունից հետո պետք է անհապաղ երկկողմ հանձնաժողով ստեղծել: Այն կարող է շատ լուրջ հարված հասցնել մեր զենքի եւ մեր երկրի վարկանիշին: Եվ նման խոսքերի համար պետք է պատասխանատվություն կրել»,-նշել է պատգամավորը:
Ռուսաստանյան «Ինտերֆաքսը», «Կոմերսանտը», «ՌԻԱ Նովոստին» եւ այլ լրատվամիջոցներ անդրադարձել են Հայաստանի վարչապետի հայտարարությանը, այն համեմել մեկնաբանություններով։ ՌԲԿ-ն նույնիսկ փորձել է պարզաբանում ստանալ Հայաստանի պաշտպանության նախարարությունից, որտեղ ասել են, որ մեկնաբանություն չի լինելու։
Segodnya.ru պորտալի գլխավոր խմբագիր, ղարաբաղյան վերջին պատերազմը լուսաբանած ռազմական թղթակից Յուրի Կոտենոկն ավելի հեռու է գնացել իր վերլուծություններում և կարծիք հայտնել, որ Փաշինյանը ռուսական զենքը վարկաբեկում է ԱՄՆ շահերից ելնելով։
«Կարծում եմ՝ Փաշինյանը բոլորովին էլ իր երգը չի երգում։ Այդ երգը նրան հուշել են այն կառույցներն ու գործընկերները, որոնց հետ նա մտերիմ հարաբերություններ ունի։ Ռուսական զենքի անարդյունավետության մասին թեզն ամեն կերպ սատարում է Միացյալ Նահանգները, որն այդ կերպ փորձում է Ռուսաստանը դուրս մղել սպառազինությունների շուկայից, որտեղ մենք խորհրդային ժամանակներից բավական լուրջ դիրքեր ենք զբաղեցնում»,– ասել է նա՝ ընդգծելով, «Գնալով համոզվում եմ, որ պատերազմում նախապես են պարտվել»։
Այս ֆոնին «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը համարում է, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցն է մեծ սպառնալիք Հայաստանի ազգային անվտանգությանը: Չմեկնաբանելով «Իսկանդերի» մասին Փաշինյանի խոսքերը, Անդրանիկ Քորչարյանն ասել է, թե պետք է ուսումնասիրվեն ոչ միայն «Իսկանդերները», այլեւ 15 տարում ձեռք բերված մյուս զենքերը:
Yerevan.today-ի հարցին՝ հնարավո՞ր է «Իսկանդերի» հրթիռը 10 տոկոսով պայթի՝ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալ գեներալ Տիրան Խաչատրյանը երկար ծիծաղել է, հետո պատասխանել. «Իհարկե՝ հնարավոր չէ... Կներեք սա լուրջ չէ» եւ նորից ծիծաղել է։ Ազգային հերոսի կոչում ստացած գեներալն ասել է, որ «թերի կրակոցի» շուրջ ծառայողական քննություն չի լինելու, քանի որ նման բան հնարավոր չէ։
Հայրենիքի փրկության շարժման երիտասարդ ակտիվիստները վարչապետի հրաժարականի պահանջով ակցիա են իրականացրել ԵՊՀ կենտրոնական մասնաշենքում, պարբերաբար վանկարկել «Նիկոլ դավաճան» եւ «Առանց Նիկոլ Հայաստան»
Համալսարանում ակտիվիստները հանդիպել են մայր բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի հետ, ճշտել, թե նա չի՞ պահանջում վարչապետի հրաժարականը, ինչին ի պատասխան, բուհի ղեկավարն ասել է, թե նոյեմբերին ԵՊՀ գիտխոհուրդը հայտարարություն է ընդունել։
Այստեղից երիտասարդները նույն վանկարկումներով շարժվել են դեպի Տնտեսագիտական համալսարանի շենք եւ իրենց առջեւ փակ գտել բուհի դարպասները։
Մուտքը հսկող ոստիկանների հետ քաքշքուկ է սկսվել։
Ոստիկաններն ասել են, որ դարպասները փակելու որոշումը բուհի ղեկավարությանն է:
Ակցիայի մասնակիցները շրջանցել են շենքը, մեկ այլ մուտքից ներս մտել եւ այնտեղ շարունակելով վանկարկումները՝ հորդորել ուսանողներին միանալ շարժմանը։
Վաղը Հայրենիքի փրկության շարժումը ավտոշարասյունով գնալու է մարզեր:
Երեկ զորամասերից մեկում տեղի ունեցած միջադեպի առիթով հայտարարություն է տարածել պաշտպանության նախարարությունը. «Զորամասի տարածքում տեղի է ունեցել անկարգություն, որի ընթացքում մի խումբ զինվորներ, դրսում հավաքված ծնողների դրդմամբ, հրաժարվել են մեկնել իրենց մշտական տեղակայման վայրեր, իսկ մի քանիսն էլ, օգտվելով ստեղծված իրավիճակից, ինքնակամ լքել են զորամասի տարածքը», նշված է հայտարարությունում։ Նշանակվել է ծառայողական քննություն, իսկ զորամասն ինքնակամ լքած զինծառայողների առնչությամբ ռազմական ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր՝ քրեական գործ հարուցելու համար։
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 273 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 170945-ի: Մահացել է 6 վարակված, որոնցից 2-ի մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Մահացածների ընդհանուր թիվը 3983 է:
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.69 դրամով ու կազմել 526.45 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.62 դրամով ու հասել 640.37 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 4.81 դրամով ու հասել 745.61 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.08 դրամով ու կազմել 7.16 դրամ:
Փետրվարի 25-ի գիշերը Հայաստանի առանձին վայրերում սպասվում է ձյուն: Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -1-3, վաղը ցերեկը՝ +5+7:











