Նախորդ տարվա նոյեմբերի 9-ի զանգվածային անկարգությունների վերաբերյալ քրեական գործով բացառում եմ որեւէ դատավարական հեռանկար։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց գործով մեղադրյալներ Սերգեյ Խառատյանի եւ Էդգար Գրիգորյան պաշտպան Ալեքսանդր Կոչուբաեւը։
«Բովանդակային առումով զանգվածային անկարգություններ տեղի չէին ունեցել։ Զանգվածային անկարգության դրվագ ՀՀ երրորդ Հանրապետության մեջ ունեցել ենք մեկ անգամ՝ դա «Մարտի 1-ի» իրադարձություններն էին, որոնք օրինական ուժի մեջ մտած դատական ակտով որակվել էին որպես զանգվածային անկարգություններ, որը կազմակերպել էր երկրի այսօրվա ղեկավարը. այլ նախադեպ չունենք»,- նշեց նա։
Փաստաբանի խոսքով՝ սխալ է քրեական գործը որակել որպես զանգվածային անկարգություն, քանի որ նոյեմբերի 9-ի երեկոյան ինքնաբուխ հավաք է տեղի է ունեցել։
Կոչուբաեւն ասաց, որ հավաքը մի պահ դուրս է եկել վերահսկողությունից, դրան նպաստել են ուղղորդված ջարդարար խմբակները։
Փաստաբանի դիտարկմամբ՝ հենց այդ խմբակներն էլ վնասել են Կառավարության եւ Ազգային ժողովի շենքերի գույքը, հափշտակություն կատարել վարչապետի առանձնատնից։
«Նիկոլ Փաշինյանի անունը պարունակող ցուցափեղկը պոկելը որակվել է որպես զանգվածային անկարգություն, դրոշը ծածանելը Կառավարության շենքում՝ որակվել է որպես զանգվածային անկարգության ընթացքում գույքի հափշտակություն եւ նման ծիծաղաշարժ բազմաթիվ դեպքեր»,- ասաց Կոչուբաեւը։
Թե իրականում ովքե՞ր են իրականացրել նոյեմբերի 9-ի վնասարարությունները, Կոչուբաեւը շեշտեց, որ այդ դեպքերը չեն բացահայտվել։
Նրա խոսքով՝ նախաքննության փուլում արդեն իսկ դատարաններն արձանագրում էին, որ զանգվածային անկարգության հանցափաստ առկա չէ։
«Արագ բացահայտման տպավորություն ստեղծելու մղումով՝ դեպքից մեկ ամիս անց, քրեական գործից մաս անջատվեց ,ուղարկվեց դատարան, տեղեկատվական հարթակներում տպավորություն ստեղծելու, որ տեղի էին ունեցել զանգվածային անկարգություններ, որ ԱԱԾ-ն շատ արագ բացահայտել էր։ ԱԱԾ-ն այնքան շտապողականություն էր դրսեւորում՝ գործը դատարան ուղարկելու համար, որ պաշտպանական կողմին փաստաթղթերը թերի, առհասարակ մի քանի հատորներ չկային, ոչ թե դա արվել էր ինչ-որ փաստաթղթեր թաքցնելու համար, այլ տարրական փնթիության հետեւանքով էր»,- ասաց Ալեքսանդր Կոչուբաեւը։
Նշենք, որ նոյեմբերի 9-ի հայտնի հայտարարությունից հետո պետական մի քանի շենքերում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով 54 մեղադրյալ կա։ Խոսքը եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Կառավարության, ԱԺ-ի շենքերի եւ կառավարական առանձնատների տարածքում տեղի ունեցած դեպքերի մասին է։
Հիշեցնենք՝ երբ պատերազմի 44-րդ օրը՝ կեսգիշերն անց Փաշինյանը Արցախի մեծ մասն Արդբեջանին անցնելու մասին, մեծ թվով քաղաքացիներ խիստ վրդոհված հավաքվեցին Կառավարության առջեւ՝ կոտրելով դռներն ու պատուհանները՝ մտան ներս։ Նույն գիշերվա ընթացքում ցուցարարները մտան նաեւ ԱԺ-ի շենք եւ վարչապետի առանձնատուն։
Նրանք ԱԺ դարպասների մոտ հանդիպեցին Արարատ Միրզոյանին, որին ստիպեցին՝ իջնել մեքենայից եւ ծեծի ենթարկեցին։ Ավելի ուշ պարզվեց, որ Կառավարության շենքում ցուցարարները քաշքշել էին վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանին։ Երկու պաշտոնյաներն էլ տուժող են ճանաչվել։
Այդ օրվա դեպքերով մի քանի քրեական գործ է հարուցվել՝ տարբեր հոդվածներով, այդ թվում՝ իշխանությունը զավթելու փորձի, պաշտոնական փաստաթղթեր հափշտակելու հիմքերով։
Այդ քրեական գործերից 7–ն ուղարկվել է դատարան։ Դրանցով անցնում է 23 անձ։ Գործերից մեկով արդեն մեղադրական դատավճիռ կա։
Իսկ գործերից որոշները դեռ նախաքննության փուլում են, դրանցով անցնում է 31 մարդ, որոնցից 3-ը կալանքի տակ են։ Մեղադրյալներից Գառնիկ Պետրոսյանը հենց դեպքի հաջորդ օրը մահացել է։ Նրա մարմինը գտել էին Կիեւյան կամրջի տակ, իրավապահների պնդմամբ՝ նա ինքնասպանություն է գործել։











