Վարորդներից շատերը չգիտեն, որ իրենց մեքենայի գազաբալոնը ժամկետ ունի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Էքսպերտ թեչ» գազաբալոնների լիցենզավորման կենտրոնի տնօրեն Մկրտիչ Տիգրանյանը:

Նրա խոսքով՝ գազաբալոնների փորձարկումը պետք է նվազեցներ առկա ռիսկերը։ «Հաղորդագրություն տարածվեց, որ գազաբալոններն ինչ-որ տեղեկանքների հիման վրա պետք է լիցքավորվեն: Այժմ այն վիճակն է, որ գազալցակայանները չեն լիցքավորում մեքենաներին՝ պահանջելով տեղեկանք, ինչն ապօրինի է: Մեզ մոտ հերթերը հասել են մինչև փետրվար ամիս՝ հաշվի առնելով մեքենաների մեծ հոսքը: Երբ կառավարության որոշումը եղավ, նպատակն էր ստեղծել վարորդների համար անվտանգ միջավայր: Դա մեկ օրում չէին կարող կյանքի կոչվել: Այդ էր պատճառը, որ վարորդներին ժամանակ էր տրվել, բայց հետո այդ ժամանակը երկարաձգվեց»,- ասաց նա:

Մկրտիչ Տիգրանյանն ասաց, որ վարորդներից շատերն անգամ չգիտեն, որ իրենց մեքենայի գազաբալոնը ժամկետանց է:«Հիմա բավական մեծ թիվ են կազմում ժամկետանց բալոնները: Վարորդներից շատերը նույնիսկ տեղյակ էլ չէին, որ այդ բալոնները ժամկետ ունեին»,- ասաց Տիգրանյանը:

Հիշեցնենք, որ այսօրվանից ուժի մեջ են մտնում գազաբալոնների վկայագրման նոր կարգավորումները: Ըստ դրանց՝ տրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնները չեն լիցքավորվի, եթե գազաբալոնները տեղադրված կամ վկայագրված չեն լիցենզավորված կազմակերպության կողմից: Եթե մեքենայի չվկայագրված գազաբալոնը լիցքավորվի, ապա գազալցակայանը կտուգանվի առաջին անգամ 200 հազար դրամի չափով, երկրորդ անգամ՝ ավելի շատ: Իսկ ավտոմեքենայի վարորդը չի տուգանվի: