13–ամյա Գոռը ծնողների հետ խոսելիս նախ մոր առողջական վիճակով է հետաքրքրվում, ապա նրանց վերադառնալու ժամանակը ճշտում։ Էկրանի այս կողմից պատասխանն այդքան էլ հուսադրող չէ, բայց ծնողները՝Գայանեն ու Լեռնիկը, ժպիտով փորձում են թեման շրջանցել։
Գայանեն ու Լեռնիկը Երեւան էին եկել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակվելու նախօրեին՝ դեկտեմբերի 11–ին՝ Գայանեի բուժզննության նպատակով։ Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ Գայանեն վահանաձեւ գեղձի շտապ վիրահատության կարիք ունի։ Վիրահատությունը հաջող է անցել, դուրս է գրվել հիվանդանոցից, բայց ստիպված մնացել են Երեւանում։ Հիմա անհամբեր սպասում են ճանապարհի բացվելուն, որ վերադառնան Խրամորթ՝ իրենց երեք անչափահաս երեխաների մոտ, որոնց հիմա բարեկամներն են խնամում։
Այս տարվա մարտին՝ ադրբեջանցիների՝ Փառուխ ներխուժելու օրերին, Գայանեն միակ կինն էր, որ մնացել էր գյուղում՝ ամուսնու հետ հայրենիքն էին պաշտպանում։
«Մենք սահմանապահ գյուղում ենք ապրում, վտանգը շատ մեծ է, անգամ թշնամին կարող է տուն մտնել»,– NEWS.am-ի հետ զրույցում ասում է Գայանե Տիգրանյանը։
Խրամորթցի Լեռնիկն ասում է՝ գյուղը 44–օրյա պատերազմից հետո շրջափակման մեջ է հայտնվել։ Գարնանը հենց Խրամորթի ուղղությամբ էին ադրբեջանցիներն անընդհատ սադրանքների դիմում, կրակում էին դաշտերում աշխատող գյուղացիների ուղղությամբ, ադրբեջանական երաժշտություն միացնում, այդ կերպ փորձելով հայաթափել Խրամորթը, բայց գյուղը լքողներ չեն եղել։
«Չեն թողնում հողերը մշակենք, փոքր եղբայրս գնաց էլ էր դաշտերը, կրակել էին տրակտորի վրա։ Ապագա չենք տեսնում։ Խնդրանքս մեր ղեկավարությանն այն է, որ էդ հարցերին լուրջ վերաբերեն, կարգավորեն այդ խնդիրները, որ մարդիկ էլ կարողանան ապրել։ Մենք հույսով ենք, որ լավ է լինելու, դրա համար էլ պայքարում ենք, մեր գյուղն է՝ չենք թողնելու ու գնանք ուրիշ տեղ ապրենք»,– ասում է Լեռնիկ Հայրապետյանը։
Ստեփանակերտցի Աննան էլ 10 օրից ավելի է՝ դստերը չի տեսել։ 13–ամյա աղջկա հետ Աննան եկել էր Հայաստան՝ մասնակցելու մոր հուղարկավորությանը։ Աղջկան դեկտեմբերի 10–ին էր ճանապարհել տուն, ինքը պատրաստվում էր դեկտեմբերի 15–ից հետո տուն մեկնել, չհասցրեց։
«Անձնական վիշտը դրել ենք մի կողմ, մտածում ենք, թե ինչ պետք է անեք, որ ճանապարհը բացվի, գնանք մեր երեխաներին հասնենք։ Ամեն զանգելուց աղջիկս հարցնում է՝ ե՞րբ ես գալու, ճանապարհը ե՞րբ է բացվելու, էդ տարիքից արդեն ամեն ինչ հասկանում են, հետեւում՝լրատվությանը, մեծի նման էդ դարդով «տապակվում»։ Ստեփանակերտում իր հոր հետ է, բայց հայրը զինվորական է, միշտ չէ, որ տանն է լինում, երեխան մենակ է տանը մնում»,– ասում է Աննա Մանգասարյանը։
Աննան ասում է՝ անորոշությունն այսքան ծանր չէր տանի, եթե այնտեղ՝ իր տանը, ընտանիքի հետ լիներ։
Մանրամասները՝ տեսանյութում։











