Թե ով է Գյումրիում ստվերային կառավարում իրականացրել, այդ մասին ոչինչ չեմ կարող ասել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց գյումրեցի ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք տեղյակ է` ով է Գյումրու ստվերային կառավարիչը, քանի որ ՔՊ-ն հայտարարել է, որ խզում է «Բալասանյան դաշինքի» հետ կնքած հուշագիրը՝ հիմնավորելով, որ «քաղաքում իրականացվում է ստվերային կառավարում»։
«Այն, որ Գյումրիում եղել է ստվերային կառավարում, այդ մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակությունը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ։ Տեսեք ինչ է կատարվել՝ աշխատանքային հարաբերությունները չեն ստացվել, այսինքն՝ այն խնդիրը, ինչ իր առջև դրել է ՔՊ-ն Գյումրու կառավարման մասով, ձևավորված կոալիցիայի արդյունքում չի կարողացել լուծել»,- ասաց պատգամավորը։
Այսպիսով, ըստ պատգամավորի, նախընտրական քարոզարշավի ընթացքում տրված խոստումները համատեղ կառավարման արդյունքում չեն իրականացվել։ «Դա ևս մեկ ապացույց է, որ մենք երբեք իշխանությունից կառչած չենք և եթե գտնում ենք, որ կառավարել, աշխատել չի ստացվում, կարող ենք նաև հրաժարական տալ և ինչ-որ փուլում դառնալ ընդդիմություն»,- նշեց Կարեն Սարուխանյանը։
Դիտարկմանն՝ արդյոք իշխանազավթում տեղի չի ունենում, քանի որ Ալավերդի, Վանաձոր համայնքների օրինակը բոլորի աչքի առաջ է, պատգամավորն ասաց, թե այդ համայքներում իշխանազավթում տեղի չի ունեցել, ամեն ինչ եղել է օրենքի սահմաններում:
«Նույն Ալավերդիում եղել է քաղաքական պրոցես։ Քանի որ համայնքի ղեկավարին ընտրում է ավագանին, հետևաբար, ավագանին անվստահություն է հայտնել և ընտրել է նոր ղեկավար։ Նմանատիպ փոփոխություն եղել է Շիրակի մարզի Ախուրյան համայնքում։ Մասնավորապես, դաշնակցական համայնքի ղեկավարը հրաժարական է տվել, որից հետո ավագանու կողմից համայնքի ղեկավար է ընտրվել ՔՊ-ի մեր գործընկերը»,- նշեց Կարեն Սարուխանյանը։
Հարցին, թե արդյոք ՔՊ-ն Գյումրին էլ չի վերցնում իր ձեռքը, վերջինս պատասխանեց, թե այդ մասին որևէ բան չեն հայտարարել, նման տրամադրվածություն չկա, բացի այդ, Գյուրմրիում ավագանու 33 անդամներից միայն 11-ն է ՔՊ-ական։
Լրագրողի դիտարկմանը, թե որոշ խոսակցությունների համաձայն Գյումրու ստվերային կառավարիչը եղել է նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին, Կարեն Սարուխանյանը նշեց, թե հստակ չի կարող ասել՝ իր գործընկերները կոնկրետ ում են նկատի ունեցել։ «Չգիտեմ կոնկրետ անձի կամ քաղաքական թիմին են նկատի ունեցել, բայց փաստ է, որ մենք «Բալասանյան դաշինք» կուսակցության հետ ենք կոալիցիա կազմել։ Թե ինչու իրենց ներքին աշխատանքը չի ստացվել, մեր գործընկերներն այդ հարցին ավելի լավ կպատասխանեն»,- ընդգծեց Կարեն Սարուխանյանը։
Ինչ վերաբերում է տեղեկություններին, որ վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի բարեկամ Վահագն Մկրտչյանին ՔՊ-ն փորձում է պատրաստել որպես Գյումրու քաղաքապետ, պատգամավորը նշեց, թե պետք չէ շահարկել այդ բարեկամական կապերը։ Նրա խոսքով՝ ինքը նման խոսակցություններ չի լսել, իսկ Վահագն Մկրտչյանը ՔՊ-ի ցուցակում եղել է ոչ թե այն պատճառով, որ Աննա Հակոբյանի ազգականն է, այլ իր անցած ճանապարհով, նախընտրական քարոզարշավին մասնակցությամբ և այլն։











