Ես չգիտեմ՝ ընտրությունների այդ օրակարգը որտեղից է ի հայտ եկել. դա ֆեյք, բամբասանքների մակարդակի օրակարգ է, այդպիսի օրակարգ չկա: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 12-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը՝ արձագանքելով հարցին, թե վերջին շրջանում ՔՊ-ն ակտիվ կուսակցական գործունեություն է ծավալում, ինչին զուգահեռ քննարկումներ են ընթանում, թե իշխանությունն արտահերթ ընտրություններ անցկացնելու նախապատրաստություն է իրականացնում:

Ըստ նրա՝ արտահերթ ընտրություններ լինում են, երբ ժողովրդի կամարտահայտությունը չի լինում այնպես, ինչպես որ Սահմանադրության ձևաչափն է, պահանջն է: «Արտահերթ ընտրություններ տեղի ունեցան պատերազմից՝ ազգային աղետից հետո, և մենք դրա միջով անցանք: Նման բան հիմա չկա, արտահերթ ընտրությունների հիմք չկա»,- ասաց պատգամավորը։

Նա նաև նշեց, որ հիմա ընդդիմության հետ կառուցողական աշխատում են. «Վերջիվերջո մեզ հաջողվեց ընդդիմությանը բերել աշխատանքային կառուցողական դաշտ: Միգուցե նրանք եկան, չափաբաժինները չեմ կարող գնահատել»:

Դիտարկմանը, որ իշխանությունն ու ընդդիմությունը նվեր են իրար համար, Վաղարշակ Հակոբյանը պատասխանեց. «Ես չգիտեմ իշխանությունն ընդդիմության համար ինչքանով է նվեր, բայց որ ընդդիմությունը մեզ համար նվեր է, միանշանակ համաձայն եմ»:

Նա միաժամանակ ասաց, որ «իրենք ընդդիմությանը շատ լավ են վերաբերվում, աշխատում են, քննադատությունների հետ հաշվի են նստում»: «Վերջին մի քանի տարիներին մեր ընդդիմությունը ԱԺ-ում չէր լինում, շրջագայությունների մեջ էր փոքր Կենտրոնում, բայց մենք մեր ընդդիմության հետ լավ աշխատանքային հարաբերություններ ունենք»,- ընդգծեց ՔՊ-ական պատգամավորը: