Աբովյան քաղաքի քարե անձնագիրը՝ Դարանիի 2800-ամյա բացառիկ սեպագիր արձանագրության բեկորը, Հայաստանի պատմության թանգարանի հետնաբակում վերածվել է կայանատեղիի քարի և ռիսկերի է ենթարկվում: Այս մասին NEWS.am-ի գիտահանրամատչելի «Բա իմացար» ալիքի EXPERT հաղորդման եթերում հայտարարեց արևելագետ, հնավայրերի և հուշարձանների անկախ հետազոտող, բանասիրական գիտությունների թեկնածու Դավիթ Վարդազարյանը:

Վերջինիս խոսքով՝ այսօր աշխարհում շատ քիչ քաղաքներ կարող են հպարտանալ նման վկայագրի առկայությամբ և այդ բացառիկ հուշարձանի պատշաճ պահպանությունը չափազանց կարևոր է:

«Խորհրդային շրջանում Դարանիի արձանագրության բնօրինակը համարվում էր ոչնչացված: Վերջին անգամ Դարանիում (Աբովյան) ամբողջ ծավալով պեղումներ իրականացվել են նախորդ դարի 60-ականներին: Տարիներ առաջ ուսումնասիրելով հայտնի պատմաբան, հնագետ Էմմա Խանզադյանի արխիվը, հրաշքով գտել էի Դարանիի  հուշարձանի մի լուսանկար, որը համեմատելով այլ հեղինակավոր գիտնականների նյութերի հետ, ինչպես նաև խոսելով  Էլառի (Աբովյան) հնաբնակների, պատմության թանգարանի նախորդ ֆոնդապահի հետ, ի մի բերելով դաշտային տվյալներն ու ազգային արխիվի նյութերը, ինձ հաջողվել էր նույնականացնել և պարզել, որ դա հենց այն հուշարձանն է, որն այսօր գտնվում է Պատմության թանգարանի, ինչպես իրենք են ասում՝ պահպանվող տարածքում: Մեկ ասում են, որ դա թանգարանի բաղկացուցիչ մասն է, մեկ նշում են բակն է, սակայն, փաստն այն է, որ այն, ըստ էության կայանատեղի է: Ավելին, ժամանակին այդ տարածում շինարարություն էր ընթանում, և այդ ամբողջ աղբն անմիջապես այնտեղ էին դնում և տարածքում շինտեխնիկա էր աշխատում, ինչը ևս արձանագրված է»,-պատմեց մեր զրուցակիցը՝ նշելով, որ հուշարձանի սկզբնական դիրքը անգամ պահպանված չէ:

Արևելագետը նշեց, որ մոտ երկուսուկես տարի առաջ խոսել է թանգարանի տնօրինության հետ, խնդրել քայլեր ձեռնարկել, որպեսզի այդ հուշարձանը բաց երկնքի տակ չմնա, սակայն այդ ուղղությամբ մինչ օրս որևէ տեսանելի քայլ չի իրականացվել: 

Ըստ Վարդազարյանի՝ պետք է մի կողմ դնել էմոցիաները և հարցին նայել գիտական տեսանկյունից:

«Պետք չէ գիտնական կամ մասնագետ լինել հասկանալու համար, որ պահպանության այս ձևն անընդունելի է»,-ասաց նա:

Դարանիի արձանագրության պատմահնագիտական նշանակության, մասնավոր  տարածքներում գտնվող կարևոր պատմամշակութային միջավայրերի և հուշարձանների պաշտպանության, հայկական հնավայրերին սպառնացող վտանգների, հայկական Կարթագենի՝ Արտաշատի հնավայրի հեռանկարների և այլ հետաքրքիր հարցերի շուրջ Դավիթ Վարդազարյանի հետ ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: