Արցախյան պատերազմի մի քանի մասնակիցներ ի նշան բողոքի՝ հավաքվել են կառավարության շենքի դիմաց՝ վերադարձնելու հայրենիքին մատուցած ծառայությունների համար ստացած պարգևները՝ մեդալները։ Ակցիան ընթանում է անձրևի տակ։
Ակցիայի նախաձեռնողներից Արման Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Հայաստանի երրորդ Հանրապետությունը հռչակվեց ազատագրական պայքարի գաղափարական հիմքով, որի արդյունքում էլ 30 տարի շարունակ տարածաշրջանում ունեցել ենք թե՛ քաղաքական, թե՛ ռազմական, ինչու ոչ նաև աշխարհաքաղաքական ազդեցություն, իսկ նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո մենք սկսեցինք պարբերաբար զիջել թե՛ տարածքային, թե՛ արժեքային ամբողջ համակարգը։
Այդ փաստաթղթի ստորագրումով ամեն ինչ չվերջացավ, այլ սկսեցին հրաժարվել մեր ինքնությունից, ազատությունից և պայքարելու իրավունքից։ Դրա պատճառով է, որ այսօր այստեղ ես իմ մարտական ընկերների հետ եկել ենք ի նշան բողոքի ձայն բարձրացնելու։ Դրա միջոցն է մեր մեդալները և շքանշանները ետ վերադարձնելը ու ասելը, որ այս քաղաքական իշխանությունը զբաղված է ապազգային և ապահայկական գործունեությամբ, որի վառ վկայությունն է մեր պետականության ապամոնտաժումը իրենց կողմից»։
Նա լրագրողներին ներկայացրեց իր ստացած պարգևները. «Սա «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալ է, որը ստացել եմ 2012 թվականին ժամկետային ծառայության ժամանակ, միջդիրքային հատվածում հակառակորդի սպային մահացու վիրավորում հասցնելու համար պարգևատրվել եմ ՊՆ նախարարի կողմից։
«Դրաստամատ Կանայան» գերատեսչական մեդալը ստացել եմ 2016 թվականին քառօրյա պատերազմին կամավոր մասնակցելու համար, նորից պաշտպանության նախարարի կողմից։
«Մարտական ծառայության» մեդալը ստացել եմ նորից կամավորական հիմունքներով Արցախյան 44-օրյա պատերազմին մասնակից լինելու համար ՀՀ նախագահի կողմից։
«Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանը ստացել եմ Արցախի նախագահի կողմից 44 օրյա պատերազմին մասնակցելու համար։
Համագործակցության համար մեդալը ստացել եմ 22 թվականին Արցախից գալու և Ջերմուկյան դեպքերին մասնակցելու համար ՊՆ նախարարի կողմից։
Արման Պետրոսյանը նկատեց, որ Նիկոլ Փաշինյանն ինչքան քաղաքական արտահայտություն արել է, այդքան մենք տարածքային կորուստներ և զոհեր ենք ունեցել. «Դա սկսվել է այն դեպքից, երբ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հայտարարեց՝ «Արցախը Հայաստան է և վերջ»։ Արդյունքում ունեցան 44-օրյա պատերազմը, տարածքային կորուստներ և 4000 զոհ։
Հաջորդը եղավ այն գիծը, որ ասաց՝ ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարի, բայց այդ արժեհամակարգի պղծումը ինքը սկսեց։ Մյուսը այն էր, որ ասաց՝ միջանցք չի լինելու և դա մեր համար կարմիր գիծ է ու այսօր արդեն քննարկվում է մեր ինքնիշխան տարածքի տարածքով հակառակորդ պետության մեքենաների ճանապարհ տրամադրելը։ Խոսում է իրական Հայաստան տերմինից, ուզում եմ հիշեցնել, որ իր, այսպես ասած, իրական Հայաստանի սուվերեն տարածքում էր, երբ 2022 թվականին մարտական դիրքում հայ կին խեղվեց, ինչպես նաև ծնկի եկած անզեն 18-ամյա զինծառայողներ գնդակահարվեցին։ Դա Հայաստանի սուվերեն տարածքի մարտական դիրքերում էր, որտեղ հակառակորդը առաջ խաղացում էր գրանցել և հասել Ջերմուկի մատույցներին»,– հայտարարեց զինծառայողը։
Նա ընդգծեց որ ինքն ու իր ընկերները պայքարելու են, որ Հայաստանին վերադարձնեն արժանապատվությունը, պայքարելու ոգին. «Մենք ընտրել այս պայքարի միջոցը, որովհետև ուզում ենք ժառանգություն թողնել մի արժեհամակարգ, որի համար մեր սերունդները նորից պայքարելու են։ Այս պայքարի ձևը լավ օրից չի, որ ընտրել ենք, որ մենք հրաժարվում ենք մեր ամենա թանկից, մեր ձեռք բերածից, ինչի համար զոհվել են նաև հազարավոր մարդիկ, դրանց թվում նաև իմ մարտական ընկերները, որոնցից վեցը միայն Արցախի հերոս են եղել»։











