«Ռոք-ն-ռոլը» կենդանի է: Հանձնվեք, եթե ուզում եք, լքեք իսկական երաժշտության աղբյուրը եւ կհամալրեք անտարբերների սերունդը»: Նման է ինչ-որ երաժշտական փառատոնի կարգախոսի, այդպես չէ՞: Սա կարգախոս չէ, սա ընդամենը ուղերձ է աշխարհին` ֆրանսահայ 10-ամյա տղայի կողմից: Նրա անունը Րաֆֆի Արտո է:

Երբ Րաֆֆին 6,5 տարեկան էր, նա խանութում էլեկտրական դաշնամուր է տեսել ու խնդրել գնել այն իր համար: Այնպես ստացվեց, որ այդ գնումից մի քանի օր անց, նա դիտեց «Back to the Future» ֆիլմը, որտեղ գլխավոր հերոսը կատարում է Ջոնի Բի Հուդի երգերը: «Ես էլ եմ այդպես ուզում, ես կդառնամ նրա նման եւ կերգեմ նույն ոճի մեջ»,-ասել է Րաֆֆին իր հորը` Վարդանին: Այնուհետեւ նա YouTube-ում գտել է Ջոնի Բի Հուդի դաշնամուրային մի քանի կատարումներ եւ սկսել է նվագել:

Րաֆֆի, մինչ այդ դու երաժշտությամբ չե՞ս զբաղվել:

Այո, չեմ զբաղվել: Ես սկսել եմ նվագել լսողությամբ, բայց մի անգամ համերգի ժամանակ ինձ տեսավ Սերժի Փոնթուազ քաղաքի կոնսերվատորիայի տնօրենը եւ ես արդեն երկու տարի է, դասական երաժշտություն եմ ուսանում այնտեղ:

Դու Երեւան ես եկել, որպեսզի հանդես գաս Մեցցո ակումբում`Պատրիկ Ֆիորիի համերգի առաջին մասում: Ինչպե՞ս ես ստացել այդ հրավերը:

Մի անգամ ես հանդես եկա հայ-ֆրանսիական ռադիկայանի եթերում: Ինձ մոտեցավ այդ ռադիկայանի տնօրեն Վարդանը եւ պատմեց Երեւանում Պատրիկ Ֆիորիի մասնակցությամբ մեծ միջոցառման մասին: Վարդանը կապնվեց Պատրիկի հետ, ցույց տվեց նրան իմ ձայնագրությունները, որոնք լսելուց հետո Պատրիկն ասաց, որ կցանկանար ինձ տեսնել այդ համերգին: Այդպես էլ ստացվեց:

Հայտնի կատարողներից էլ ո՞ւմ հետ ես նույն բեմում հանդես եկել:

Դեռ նման փորձ ես չունեմ: Շուտով Փարիզում համերգով հանդես կգա Ջերրի Լի Լյուիսը: Ես շատ կցանկանայի նրա հետ նույն բեմ դուրս գալ, բայց մենք դեռ պատասխան չենք ստացել իմ այդ հարցմանը:

Քեզ հետ է եկել TF1 հեռուստաալիքի նկարահանող խումբը, քո մասին ֆիլմ են նկարահանում: Արդյոք դա վկայո՞ւմ է այն մասին, որ դու արդեն հայտնի ես դարձել Ֆրանսիայում:

Չեմ կարող ասել, որ ես շատ ճանաչված եմ, բայց Ֆրանսիա վերադառնալուց անմիջապես հետո ես պատրաստվում եմ շրջագայության մեկնել, եւ կարծում եմ, որ դրանից հետո շատերը կճանաչեն ինձ: Միգուցե գտնվեն նաեւ այնպիսիք, ովքեր կսիրեն ինձ (կարմրում է):

Որտեղի՞ց է այդ սերը երաժշտության հանդեպ, դա ընտանեկա՞ն է: (պատասխանում է Ռաֆֆի հայրը՝ Վարդանը)

Ես կարծում եմ, որ ֆիլմը դիտելու ժամանակ իմ տղան գիտակցել է, որ երաժշտությունը դա հրաշք է: Ռաֆֆին տեսել է, թե ինչպես է փոխվում մթնոլորտը երաժշտության հնչունների ներքո: Նա հասկացել է, որ երաժշտությունը ծառայում է ինչ-որ նպատակի, կարող է շոշափել հոգու ամենանուրբ լարերը: Երբ Ռաֆֆին նվագում է, ապա այդ հրաշքը կատարվում է: Կարեւոր չէ, թե որտեղ է նա նվագում, ինչ հանդիսատեսի համար, լարված է գործիքը, թե ոչ` ամեն ինչ շուրջդ վերափոխվում է:

Ես անձամբ երաժշտության հետ ընդհանուր ոչինչ չունեմ: Ոչ ոք երբեք նրա հետ չի պարապել, նա ուղղակի սկսել է նվագել: Ինչ վերաբերվում է նրա երաժշտական նախասիրություններին` բլյուզ, ռոք-ն-ռոլ, ապա դա նրա անձնական ընտրությունն է: Իհարկե, մասնակիորեն դա իմ «մեղքն է», ես տանը հաճախ եմ Էլվիս լսում եւ հաճախ եմ դիտում «Blues Brothers» կինոնկարը: Ռաֆֆիին միշտ դուր է եկել նմանակել ֆիլմի հերոսներին, նրան ոճը: Բայց ոչ ոք նրա փոխարեն ընտրություն չի արել:

Մենք համառորեն հետեւում էինք, որպեսզի երաժշտությունը չխանգարի կրթությանը: Ռաֆֆին առաջինն է դասարանում: Կրթությունը ամեն ինչից վեր է: Դեռեւս նրա մոտ ամեն ինչ ստացվում է: Նույնիսկ ժամանակ է մնում սպորտի համար: Եթե մենք հանկարծ նկատենք, որ երաժշտությունը խանգարում է նրա պարապմունքներին, ապա անմիջապես կթուլացնենք տեմպերը: Դեռեւս խնդիրներ չեն առաջացել:

Ռաֆֆի, ասա, դու քեզ համարո՞ւմ ես յուրահատուկ:

Ոչ, ես չեմ կարող ասել, որ ինձ յուրահատուկ եմ համարում, քանի որ իմ դաշնամուրային տեխնիկան դեռ հեռու է կատարելությունից, բայց ես աշխատում եմ այդ ուղղությամբ եւ փորձում եմ դառնալ յուրահատուկ (ծիծաղում է):

Ի՞նչ նպատակներ ես դրել կյանքում քո առջև:

Դե, ես ուզում եմ դաշնամուր դասավանդել եւ երեխաներին սովորեցնել ռոք-ն-ռոլ, բլյուզ, մի խոսքով, լավ երաժշտություն:

Իսկ միթե լինում է վատ երաժշտություն:

Այո, լինում է: Բլյուզի եւ ռոք-ն-ռոլի օգտին ընտրությունը պատահական չի եղել: Ես ծանոթացա ջազի, բլյուզի, քանթրիի պատմության հետ եւ հասկացա, որ կոմերցիոն երաժշտությունը որեւէ իմաստ չունի:

Կա՞ ինչ-որ բան, որ դու սիրում ես երաժշտությունից առավել:

Սպորտը ես սիրում եմ նույնպես, ինչ երաժշտությունը: Այսինքն, ոչ թե սպորտն ընդհանրապես, այլ քիքբոքսինգն ու կարատեն:

Դու հայերեն երգեր կատարո՞ւմ ես:

Առայժմ ոչ, բայց ես նվագում եմ հայկական երգեր, օրինակ «Շալախոն»: Երբեմն իմպրովիզներ եմ անում հայկական մեղեդիների թեմաներով, գործիքավորումներ անում, երբեմն էլ ինքս եմ հորինում: Այժմ ես աշխատում եմ Կոմիտասի երգերի գործիքավորումների վրա:

Ի՞նչ լեզվով եք խոսում տանը:

Հիմնականում ֆրանսերեն, հազվադեպ` հայերեն: Նաեւ հայրս է ինձ հետ զբաղվում անգլերենով:

Վարդան. Անգլերենը շատ կարեւոր է, հատկապես նրա համար, քանի որ երգում է անգլերեն։ Մենք երգերի բառեր ենք գրում, ապա փորձում ենք թարգմանել:: Նաեւ, անգլերենի իմացությունը թույլ է տալիս ընդլայնել աշխարհայացքը:

Րաֆֆի. Անգլերենը շատ գեղեցիկ է, ֆրանսերենից գեղեցիկ (ծիծաղում է):

Իսկ դու հաճա՞խ ես երազներ տեսնում:

Ոչ, ես ընդհանրապես շատ վատ եմ քնում:

Ինչո՞ւ: Քո տարիքո՞ւմ:

Չգիտեմ, ես վատ եմ քնում, ինչպես հայրս:

Միգուցե, հարցը, որը կտամ, կարող է բարդ թվալ, բայց փորձիր պատասխանել: Ի՞նչ է քեզ համար նշանակում հայ լինելը: Դա կարեւո՞ր է, որեւէ դեր խաղո՞ւմ է:

Դա կարեւոր է ինձ համար: Ես շատ եմ սիրում Հայաստանում գտնվել: Այստեղ աղջիկները գեղեցիկ են, սնունդը հրաշալի, օդը` մաքուր: Ես եղել եմ Էջմիածնում, Սեւանում, ինձ դուր է գալիս գիշերային Երեւանը: Բայց այս անգամ ես քիչ ժամանակ ունեմ, չի ստացվում զբոսնել: Այստեղ շատ եղբայրներ, քույրեր, պարզապես ընկերներ ունեմ:

Կա՞ աշխարհում ինչ-որ տեղ, ուր կցանկանայիր լինել:

Այո, կուզեի գնալ Ամերիկա, Նյու Յորք: Բայց ամենից շատ սիրում եմ Հայաստանը: