News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

«Բլից հարցազրույցներ ԱԺ պատգամավորների հետ» շարքի շրջանակներում NEWS.am-ը ներկայացնում է իր հերթական հարցազրույցը: Այս անգամ զրուցել ենք ՀՀԿ խմբակցության քարտուղար, պատգամավոր Հովհաննես Սահակյանի հետ:

Նկարագրեք ձեզ ամենալավ եւ ամենավատ բառերով:

Երբեմն համեբարատար եմ չափից դուրս, բայց երբ այդ համբերության բաժակը լցվում է` անտանելի եմ ահավոր:

Կյանքի եւ մահվան հանդեպ ձեր վերաբերմունքը:

Կյանքին բավականին լուրջ եմ վերաբերում, շատ խնամքով, մահից էլ չեմ վախենում, վախենում են անիմաստ մահերից` ինքնաթիռի ընկնել, ավտովթար եւ այլն, մնացածը նորմալ է:

Ձեր հետ մենախոսությունները ի՞նչ թեմաների շուրջ են եւ ինչպե՞ս են ավարտվում:

Սկզբունք է, որ  տղամարդը պետք է ազնիվ լինի իր հետ եւ պատասխանատու լինի նախեւառաջ իր առաջ:Եւ երբ առավոտյան հայելու առաջ սանրվում եւ ինչ-որ տեղ ինքդ քեզ հաշվետվություն ես ներկայացնում եւ եթե քո աչքերի մեջ կարողանում ես նայես, ուրմեն` նորմալ է, եթե չէ, ուրեմն խնդիր կա:

Դուք մի՞շտ եք կարողանում ձեր աչքերի մեջ նայել:

Չի եղել դեռ, որ ինքս ինձնից աչքերս փախցնեմ, լինում են դեպքեր, երբ ստիպված ես լինում ինչ-որ բաներ անել, որը հոգով, սրտով չէիր ուզի, բայց եւ միջավայրը, եւ աշխատանքը, եւ խնդիրները ստիպում են, որպեսզի որոշակի գործողություններ կատարես, ընդհանուրի մեջ զոհում ես քո եսը:

Ձեր մեծ մեղքերը:

Եթե դուք հրեշտակն եք, կամ Գաբրիել հրեշտակապետն եք, կամ Աստված եք, մեծ հաճույքով կպատմեմ մեղքերիս մասին, որ թողություն տաք:

Հասկանալի է, հասարակ մահկանացուների հետ չե՞ք կիսվում մեղքերով:

Հասարակ մահկանացուներից միայն իմ հետ եմ կիսվում մեղքերով:

Ձեր խոցելի կողմերը:

Անչափ խղճով եմ, որը երբեմն խանգարում  է, նաեւ այս իրականության մեջ համբերատար եմ, երբեմն դա էլ է խոցելի:

Ձեր կյանքի ամենամեծ սխալը:

Երբեմն կյանքի կարեւոր իրադարձությունների եւ որոշումներ կայացնելու ժամանակ որոշ անարժան մարդկանց իրենց տեղը ցույց չենք տալիս, չենք պատժում, որ բորենիների պես չաճեն եւ չզարգանան:

Հաջողության հասնելու  ձեր բանաձեւը:

Բարությունը:

Ինչո՞վ եք տարբերվում դուք հանրապետական մյուս պատգամավորներից եւ առհասարակ բոլոր պատգամավորներից:

Սանրվածքով (ծիծաղում է): Չեմ ուզենա ոչ ինձ, ոչ իմ գործընկերներին թերագնահատել:

Ձեր ամենավատ սովորությունը:

Երբեմն որոշ գործողություններ չկատարել, որի համար հետո տուժում եմ:

Լավագույն դերը կյանքում:

Առաջինը, առաջնայինը, բարձրը, ուժեղը:

Ձեր հուսահատություններից եւ հիասթափություններից:

Քաղաքականության մեջ յուրաքանչյուր շաբաթ հնարավոր է հիասթափվես, մարդկային չարությունը վերջին ժամանկներս շատ ծանր է անդրադառնում իմ վրա:

Ինչի՞ց եք հոգնում եւ ձանձրանում:

Մեքենա վարելուց եմ հոգնում:  Իսկ ձանձրանում եմ վարսավիրանոցում նստելուց եւ մազ կտրելուց:

Իսկ ի՞նչն է ձեզ զայրացնում:

Բարբառով ասած` երբ մարդ քթի ծակ չի ունենում, անֆայմությունը:

Ի՞նչն է ձեզ զարմացնում:

Մարդկային մտքի եւ երեւակայության  անսահման թռիքը:

Վերջին անգամ ե՞րբ եք գիրք կարդացել:

Այս արձակուրդների սկզբին վերընթերցել եմ «Փոքրիկ իշխանը»:

Ի՞նչ ֆոբիաներ ունեք:

Ինքնաթիռ չեմ սիրում, բայց երեւի ֆոբիայի չի հասնում:

Պատրաստում ենք երջանկություն, Բաղադրատոմսը` մեկ ճաշի գդալ..,,մեկ բաժակ... եւ այլն:

Վերցնում ենք մեկ թեյի գդալ սեր, այնուհետեւ վերցնում ենք շիտակություն եւ ապահովություն, այդ ամենը խառնում ենք մեր կյանքի ամբողջ սոուսի հետ եւ երջանկությունը պատրաստ է:

Ո՞ւմ եք դուք ինքներդ ձեզ նմանեցնում:

Արտաքինից ինձ նմանեցնում են ինչ-որ մի դերասանի եւ երգիչ Գառուին:

Ո՞վ է բոլոր  ժամանակների լավագույն հայը:

Ով իր հող ու ջրի հետ կռիվ է տալիս, արարում է իր հացի համար, իր որդուն կոսմոպոլիտ չի դարձնում, երբ թերություն է տեսնում, փորձում է ինքը շռտկել, նոր բարձրաձայնել, ամեն ինչ փորձում է անել  միայն իր հայրենակիցների միջոցով եւ շրջանակում, դրսից տղա չի բերում, կոպիտ ասած`Հայաստանի վրա հայ մարդը տղա չի բերում:

Համաշխարհային հայտնի կանանցից ո՞ւմ եք հավանում:

Մոնիկա Բելուչիին, Ջուլիա Ռոբերթսին, բավականին գեղեցիկ ժպիտ ունի:

Ինչքա՞ն  փող կցանկանայիք ունենալ կամ կենցաղային ի՞նչ կցանկանայիք ունենալ, որ չունեք:

Ես այդ հարցին փիլիսոփայորեն եմ վերաբերում,  ինչքան էլ ունենամ, քիչ է, եւ ինչքան ունեմ, բավարար է: Մեքենա քշում ենք, տուն ունենք, ես չեմ հականում այն մարդկանց, ովքեր ունեն 10 մեքենա, ամենաբուռն ցանկության դեպքում միանգամից երեք մեքենայով չես կարող շրջել: Այդ նյութականացումը,  որ տիրել է այսօր մեր ամբողջ երկիրը, չեմ հասկանում:

Ասում են` աշխարհում ամենալավ ամենալավ խոհարարները տղամարդիկ են: Դուք` խոհանոցում:

Առիթների դեպքում հաճույքով ինչ-որ մի բան պատրաստում եմ,  հատկապես` որսի մսից:

Իսկ ձեր սիրտ տանող ճանապարհն է՞լ է ստամոքսով:

Ես շատ քչակեր եմ, բոլորը դա փաստում են, հետեւաբար ստամոքսը` որպես տղամարդու խոցելի օրգան, իմ մոտ չի աշխատում:

Իսկ որտեղո՞վ է ձեր սիրտ տանող ճանապարհը: Եւ ինչպե՞ս են այն գրավել:

Դե իմ սիրտը արդեն գրաված է, ավելորդ է խոսել այդ մասին: Իմ սիրտը գրավել են զգույշ եւ համբերատար, ես այդ առումով անտանելի մարդ եմ, երեւի աշխարհի ամենահամբերատար կինն իմ կինն է:

Իսկ խմիչքի հետ ո՞նց եք:

Յուրաքանչյուր հանրապետական սիրում է  խմիչքը, ով լավ քեֆ է անում, ուտում, խմում է, նա էլ լավ աշխատում է: Ինձ համար խմիչքը ընդամենը միջոց է մարդկանց հետ արտահայտվելու, շփվելու, որեւէ խմիչքային եւ խաղային մոլուցքով չեմ տառապում:

Իսկ անչափ խմած ժամանակ կարելի է ձեզ տեսնել կիսամերկ տարօրինակ վիճակներում:

Չէ, չէ, չէ: Լավ, գաղտնիքը բացեմ, չեմ խմում շատ, որովհետեւ  ինչքան խմում եմ, այնքան լրջանում եմ: Ամենաշատ խմել եմ որդուս  ծնվելու ժամանակ, բայց միեւնույն է`  կիսամերկ ոչ ոք չի տեսել, ընդամենը շատ դանդաղ մեքենան վարել եմ եւ հասել եմ տուն:

Եւ ոստիկանները չե՞ն բռնել:

Գիշերվա ժամը 5-ին ոստիկանները երեւի քնած էին:

Ծխախոտը:

Չեմ ծխում, ունեմ լավ սիգարների հավաքածու, 4-5 հատ ծխամորճ ունեմ,  գործուղման ժամանակ մի ծխամորճ տանում եմ: Սիրում եմ սիգար եւ ծխամորճ:

Որո՞նք են ձեր կյանքի ամենախենթ քայլերը:

Խենթություններ շատ ենք անում: Օրինակ` կնոջս հետ երբ ծանոթացել ենք, պետք է ամուսնանայինք, որոշեցի, որ ես իրեն ասեմ, որ երկրաշարժի արդյունքում ծանր եւ լուրջ հիվանդություն չունեմ եւ կյանքն անհամատեղելի է իմ հետ  եւ դրանով փորձեինք տեսնել` ինքը պատրատս է իմ հետ ամուսնանալ: Եւ այդպես երեք ամիս  տառապելուց հետո նոր ասացի, որ նման խնդիր չկա, բայց միեւնույն է, ինքը պատրաստ էր:

Դե դա խենթություն էր ձեր կնոջ կողմից:

Լավն էր (ծիծաղում է):

Իսկ ռոմանտիկ քայլեր, օրինակ` սերենադներ նվագել, երգել:

Նվագելուց շատ հեռու եմ, երգելուց` առավել եւս, ագռավները հավաքվում են: Լավ գեղեցիկ, հետաքրիքր երաժշտություններ սիրում եմ լսել:  Սիրում եմ անակնկալ նվերներ անել կնոջս, դստերս եւ մայրիկիս:

Ձեր կինը չի՞ նեղանա, եթե խոսենք նաեւ կյանքի անցած սերերի մասին:

Աշխատում եմ անցյալին ընդհանրապես չանդրադառնալ, նայում եմ ապագային եւ աշխատում  եմ անցյալի սխալները չկրկնել այլեւս, հետեւաբար` անցած սերերը թողնենք մի կողմ:

Հիմա կանանց նկամամբ ձեր վերաբերմունքը ինչպիսի՞ն է:

Խնամքով:

Համամիտ եք, որ սերը կյանքի լույսն է, իսկ ամուսնությունը` լույսի վարձը:

Ես համաձայն եմ, որ սերը կյանքի լույսն է, եւ եթե այն իրական է, մաքուր է, մեծ է, ապա լույսը օգտագործում ես  անհատույց, առանց վարձի:

Ո՞րն է կյանքում սերը խոստովանելու լավագույն ձեւը:

Շատ ձեւեր կան, սեր բացատրելու մեջ կարեւորն այն է, որ քեզ ընկալեն եւ զգան:

Իսկ դուք ինչպե՞ս եք սեր խոստովանել:

Դժվար էր, երբ կինս կարդա այս բառերը, կհասկանա ինչ նկատի ունեմ:

Երեխաների վրա ամենաշատը ի՞նչ թեմաներով եք բարկանում եւ ապտակո՞ւմ եք:

Ապտակը դաստիարակության համար լավագույն միջոցը չէ: Երեխաներիս վրա առհասարակ ջղայնանալու առիթ չի լինում, որ թե նրա համար, որ իրենք շատ դաստիարակված են, այլես քիչ եմ տանը լինում եւ իրենց հետ շփվում: Իրենք այս դարաշրջանի համեմատ բավականին զուսպ երեխաներ են, երեխաների դաստիրակությամբ մասսամբ զբաղվում է նաւե մայրս: Օրինակ` կարող է երբեմն –երբեմն աղջկաս ոչ ճիշտ նստելու կամ այլ հարցերի հետ կապված հայացքով սաստեմ:

Եթե իմանայիք, կամ եթե իմանային...

Եթե իմանայի, ապա միգուցե նաեւ որոշ հարցերի այլ կերպ մոտենայի, եթե իմանային, ինձ համար ավելի հեշտ կլիներ:

Շարքին մասնակացող նախորդ պատգամավորը` ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, չխախտելով ավանդույթը, հարց է ուղղում շարքին մասնակցող մյուս պատգամավորին, որը դուք եք: Նա ձեզ հարցնում է` «ինչո՞ւ եք որոշել պատգամավոր դառնալ, միայն թե չասեք` ժողովրդի հոգսը թեթեւացնելու համար»:

Որ որոշ պատգամավորների երեսը պարզ անեմ:

Այժմ, ձեր հարցը շարքին մասնակցող մյուս պատգամավորին, որը ինչպես դուք, այնպես էլ ես, դեռ չգիտենք, թե ով կլինի:

Ո՞րն է  ձեր կյանքի ամենապայծառ եւ լուսավոր կետը:

Նշենք, որ 35-ամյա Հովհաննես Սահակյանը մասնագիտությամբ իրավաբան է, ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը: Աշխատել է բնապահպանության նախարարությունում, հարկային պետական ծառայությունում, սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամում, վերահսկողության վարչության պետ եւ այլն: 2009թ ընտրվել է ԱԺ պատգամավոր, ամուսնացած է, ունի երկու երեխա:

Ավելի վաղ NEWS.am-ը ներկայացրել էր հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի, Լեւոն Մարտիրոսյանի, Նաիրա Կարապետյանի, Հայկ Գրիգորյանի, Մարգարիտ Եսայանի, Գարեգին Նուշիկյանի,  ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի, Էլինար Վարդանյանի, Վահե Էնֆիաջյանի, Նաիրա Զոհրաբյանի,  ՀԱԿ-ից Լյուդմիլա Սարգսյանի, Հրանտ Բագրատյանի, Գագիկ Ջհանգիրյանի, «Ժառանգությունից»` Ռուբեն Հակոբյանի, Խաչատուր Քոքոբելյանի, ՀՅԴ-ից` Արծվիկ Մինասյանի հետ, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ:

Շարքը` Ինգա Մարտինյանի

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ