News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

«Բլից հարցազրույցներ ԱԺ պատգամավորների հետ» շարքի շրջանակներում NEWS.am-ը ներկայացնում է իր հերթական հարցազրույցը: Այս անգամ զրուցել ենք ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի հետ:

Ե՞րբ եք սկսել հետաքրքրվել քաղաքականությամբ:

Վաղ երիտասարդության տարիքից եւ պատճառն Արցախյան շարժումն էր.

Հաջողության հասնելու Ձեր բանաձե՞ւը:

Հնարավորինս անկեղծություն ու արդարություն քո եւ շրջապատիդ հանդեպ: Եվ իհարկե հանդուրժողավանություն ու հավատ:

Ի՞նչ է Ձեզ համար քաղաքականությունը:

Քաղաքականությունն արվեստ է, որի հիմքը նպատակն է:

Ձեր կարծիքով, ովքե՞ր են ՙբոլոր ժամանակների և ժողովուրդների՚ քաղաքական գործիչները:

Արման Ժան դյու Պլեսսի դե Ռիշելյե, Պետրոս Մեծ, Եկատերինա Երկրորդ (Եկատերինա Ալեքսեեւվնա), Բենջամին Ֆրանկլին, Թեոդոր Գերցլ (Բենիամին Զեեւ), Օտտո ֆոն Բիսմարկ-Շյոնհաուզեն, Գարեգին Տեր-Հարությունյան (Նժդեհ), Թոմաս Վուդրո Վիլսոն, Ուինսթոն Լեոնարդ Սպենսեր Չերչիլ, Շառլ Անդրե Ժոզեֆ Մարի դե Գոլ , Մաո Ցզե-Դուն:

20-21-րդ դարերի հայտնի մարդկանցից ո՞ւմ հետ կցանկանայիք զրուցել:

Ադոլֆ Հիտլերի եւ Իոսիֆ Ստալինի:

Ի՞նչն է երիտասարդներին բերում քաղաքականություն:

Ի դեպ քաղաքական գործիչների մեծամասնությունը երիտասարդ տարիքից են հրապուրվում քաղաքականությամբ, սակայն  հետագայում նրանցից քչերն են ավելի հասուն տարիքում հիմնավորապես որոշում զբաղվել քաղաքականությամբ: Իսկ մեծ հաշվով առաջին փուլում երիտասարդներին քաղաքականություն է բերում հանրային կյանքին ակտիվ մասնակցելու եւ ինքնահաստատվելու մղումը, որը հետագայում կրում է տարբեր փոխակերպումներ: Ոմանք դառնում են գիտնական-տեսաբաններ, ոմանք կուսակցական ֆունկցիոներներ, ոմանք քաղաքական կամ պետական չինովնիկներ, ոմանք տեղական կամ ոլորտային կառավարիչներ: Եվ միայն քչերին է հաջողվում հաղթահարել ու հասնել պետական-քաղաքական գործչի բարձր պատասխանատվությանն ու համբավին: Դա կախված է գաղափարական պատրաստվածության եւ նվիրվածության աստիճանից:

Ձեր կարծիքով կուսակցական երիտասարդներն ինչո՞վ են տարբերվում անկուսակցականներից:

Ձեր հարցն իր մեջ պարունակում է ինտրիգ, բայց լավ հարց է: Որպես երիտասարդներ, երկու կարգավիճակում գտնվողներն էլ ոչնչով միմյանցից չեն տարբերվում: Ես ճանաչում եմ շատ պարկեշտ, բանիմաց, խելացի, նվիրյալ հայրենասեր անկուսակցականների եւ կուսակցականների, ինչպես նաեւ  հակառակ որակներով կուսակցական ու անկուսակցական երիտասարդների: Իսկ եթե նրանց դիտարկենք որպես քաղաքականությամբ զբաղվելու համար հայտ ներկայացնող մարդկանց, ապա կուսակցական երիտասարդներն արդեն արել են իրենց առաջին քայլը՝ քաղաքական կողմնորոշում ցուցաբերելով ու կուսակցական պատասխանատվություն ստանձնելով:

Քաղաքականության մեջ  լինելու պատճառով` ո՞ր նախասիրություններից եք ստիպված եղել հրաժարվել:

Շատ քիչ նախասիրություններից: Ես ձգտում եմ ապրել ազատ ու անկաշկանդ, բոլորի պես:

Ի՞նչն  է առավել շատ բավականություն պատճառում Ձեզ կյանքում եւ աշխատանքում:

Կյանքում միշտ օգտակար լինելը, թեկուզ փոքրիկ հարցում դրական դերակատարություն ունենալը: Աշխատանքում՝ իմ քաղաքական առաջնորդի ու թիմի հետ միասին շոշափելի արդյունքների ու ձեռքբերումների հասնելը: 

Ձեր գնահատմամբ` ինչպի՞սի մարդ եք:

Թերություններով:

Ձեր կարծիքով` ինչպես Ձեզ կբնութագրեն շրջապատի մարդիկ:

Աստված գիտի:

Շփվո՞ղ մարդ եք. շա՞տ ընկերներ ունեք:

Սիրում եմ շփումներ ամենատարբեր հայացքների ու զբաղմունքի տեր մարդկանց հետ: Որոշ դեպքերում դա նաեւ իմ աշխատանքի մի մասն է, որը հաճույքով եմ կատարում: Իսկ իրականում ես ունեմ ժամանակի  փորձություններով անցած ու կարծրացած փայլուն ընկերներ: Նրանցից յուրաքանչյուրն իմ կենսագրության անբաժանելի մասն են ու ես պատասխանատվություն եմ կրում նաեւ նրանց առջեւ:

Ո՞րն է Ձեր սիրելի, նախընտրելի զբաղմունքը:

Զբոսանք երեխաներիս հետ, ընթերցանություն, երաժշտություն, ժամանց ընտանեկան եւ ընկերական միջավայրում:

Հավատո՞ւմ եք աստղագուշակին, եւ գուշակություններին:

Ոչ:

Ո՞ր ժանրի գրքերին եք տալիս նախապատվություն, եւ ո՞ր հեղինակներին:

Կարդում եմ գրեթե առանց խտրականության բոլոր ժանրերի ստեղծագործությունները՝ վեպ, վիպակ, պատմվածք, նովել, բանաստեղծություն, կատակերգություն, ոդեւիլ, դրամա, բալլադ, պոեմ, առակ եւ այլն: Հեղինակներից հատուկ նախընտրություն չունեմ:

Վերջին անգամ ե՞րբ եք գիրք կարդացել:

Ընթացիկ արձակուրդներին, կարդացել եմ Ալեքսանդր Խինշտեյնի «Լուբյանկայի գաղտնիքները» եւ վերընթերցել եմ Գարեգին Նժդեհի «Հատընտիր»-ը:

Ո՞րն է ձեր կարգախոսը:

Աստծո օգնությամբ ամեն բան հնարավոր է, եթե լինես իմաստուն, արդարամիտ եւ զուսպ:

Ամենաշատն ինչի՞ց եք վախենում:

Ժամանակակից աշխարհում վախենալու պատճառներ շատ կան, բայց սարսափելու աստիճան վախենում եմ այն դիլետանտներից, ովքեր զբաղվում են հայրենանվեր աշխատանքով եւ այն պրեֆեսիոնալներից, ովքեր գործում են ի վնաս մեր երկրի:

Ո՞րն է Ձեր վատագույն սովորությունը:

Իսկ դուք ո՞ր մեկն ի նկատի ունեք:

Ինչի մասին եք ամենաշատը ափսոսում:

Ափսոսում եմ ժամանակի կորստի համար, ափսոսում եմ, որ այն հնարավոր չէ կանգնեցնել կամ ետ պտտել: Դա միակ բանն է, որ մենք կորցնում ենք ամեն օր, ամեն պահ:

Ո՞րն է Ձեր կյանքի լավագույն օրը:

Սեպտեմբերի 24-ը եւ մայիսի 5-ը: Այդ օրերին ծնվել են իմ երեխաները:

Ո ՞րն է Ձեր ամենառոմանտիկ հիշողությունը:

Դա իմ անձնական արխիվի խիստ կոնֆիդենցիալ հիշողություններից է:

Ի՞նչ եք երազում նվեր ստանալ ծննդյան օրվա առիթով:

Երբեք մտքովս չի անցել մտածել այդ մասին:

Սիրու՞մ եք նվերներ անել, հատկապես անակնկալ նվերներ:

Նվերները ցանկալի է, որ լինեն անակնկալ, այլապես դառնում են մեր կյանքի բազմաթիվ արարողակարգերից մեկը, որը մենք այսպես թե այնպես պետք է իրականացնենք:

Ո՞րն է Ձեր մասին տարածված ամենաանհեթեթ բամբասանքը:

Տարօրինակ է, բայց իմ մասին բամբասանքներ դեռ չեմ լսել: Դա երեւի լավ նշան չէ: Իսկ ընդհանրապես բամբասանքներն ահազանգ են, որ ինքդ քեզ համար պարզես` ճի՞շտ ես արդյոք ապրում: Եթե համոզվում ես, որ «այո՛», ու հարազատ մարդիկ էլ են այդպես կարծում, ապա կարիք չի լինի ուշադրություն դարձնել բոլոր այն անհեթեթ խոսակցություններին, որոնց մասին վաղ թե ուշ մոռանալու են բոլորը:

Ձեզ դու՞ր է գալիս հարցազրույց տալը:

Երբեմն` ոչ:

Հարցազրույցների ընթացքում ո՞ր հարցն է նյարդայնացնում Ձեզ:

Բոլոր այն հարցերը, որոնց ստիպված եմ տալ ոչինչ չասող պատասխաններ: Չնայած դրանք հազվադեպ են լինում:

Ինչպիսի՞ ապագա եք կանխատեսում Ձեզ համար:

Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի ճանաչված Հանրապետության երկքաղաքացիություն ունեցող անձ:

Ի՞նչ կենդանի եք սիրում, եւ ո՞ր հատկանիշի համար:

Վագր, որին կարելի է բնութագրել որպես ուժի խորհրդանիշ՝ մեծահոգի, վիրավորանքների հանդեպ հանդուրժող, կրքոտ, արդար եւ համեստ:

Ի՞նչ կցանկանայիք  ավելացնել Ձեր մասին

Ամբողջովին Ձեր Արտակ Զաքարյան:

Ավելի վաղ NEWS.am-ը ներկայացրել էր հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե ՀովհաննիսյանիԼեւոն ՄարտիրոսյանիՆաիրա ԿարապետյանիՀայկ ԳրիգորյանիՄարգարիտ ԵսայանիԳարեգին Նուշիկյանի,  ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան ՈւրիխանյանիԷլինար ՎարդանյանիՎահե ԷնֆիաջյանիՆաիրա Զոհրաբյանի,  ՀԱԿ-ից Լյուդմիլա ՍարգսյանիՀրանտ ԲագրատյանիԳագիկ Ջհանգիրյանի, «Ժառանգությունից»` Ռուբեն ՀակոբյանիԽաչատուր Քոքոբելյանի, ՀՅԴ-ից` Արծվիկ Մինասյանի հետ, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ:

Տպել
Ամենաշատ