News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

«Բլից հարցազրույցներ ԱԺ պատգամավորների հետ» շարքի շրջանակներում NEWS.am-ը ներկայացնում է իր հերթական հարցազրույցը: Այս անգամ զրուցել ենք ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանի հետ:

Ո՞վ եք դուք եւ ինչպիսի՞ն եք:

Հայ մարդ, ՀՀ քաղաքացի, իսկ թե ինչպիսին եմ, ճիշտ կլինի` ինձ ճանաչողները ասեն:

Ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվում:

Այդ սկզբունքները բավականին շատ են:

Լավագույն աֆորիզմը:

Յուրաքանչյուր դեպքի համար կան տարբեր աֆորիզմներ: Ինձ շատ է դուր գալիս Սենեկայի այն միտքը, որ հաճախ, երբ ես հիշում եմ` ինչ եմ ասել, նախանձում եմ խուլ ու համրերին:

Այսինքն, երբեւէ ձեր ասածի համար «ընկե՞լ եք կրակը»:

Արդեն կարծես պատասխանեցի այդ հարցին, եղել են դեպքեր, երբ ասվել է խոսք, որը հետագայում ուրիշ կերպ է հասկացվել:

Ո՞րն է ամենախոցելի կողմը:

Ցանկացած մարդ ունի խոցելի կողմեր, երբեք չեմ մտածել` իմ խոցելի կողմերից որն է  ամենախոցելին:

Ձեր առավելությունների եւ թերությունների մասին կբարձրաձայնե՞ք:

Ավելի լավ կլինի ոչ առավելության, ոչ էլ թերության մասին չխոսեմ:

Ամենահամարձակ քայլը, որ արել եք:

Կարծում եմ, որ յուրաքանչյուր օր առիթ լինում է ինչ-ինչ քայլեր ձեռնարկելու, եւ յուրաքանչյուր քայլ, որ արվում է, իր մեջ որոշակի համարաձակության պաշար պարունակում է: Ձեր հարցերին պատասխանելը եւս որոշակի համարձակություն է պահանջում: Կդժվարանամ ասել, թե որն է ամենահամարձակը:

Ամենախենթ երազանքը:

Խենթ չէ եւ դժվար է ասել, որ երազանք է, բայց իմ ամենակարեւոր ցանկությունն է, որ իմ ապրած կյանքի ընթացքում տեսնեմ իմ երկիրը այնպիսին, ինչպիսին մեր Սահմանադրության մեջ է գրված:

Քանի՞ անգամ եք դավաճանել եւ դավաճանվել:

Ուղղակի զերծ կմնամ դավաճանել եւ դավաճանվել եզրույթից, որովհետեւ դա ամենասոսկալի զգացումներից է: Կյանքում, իհարկե, պատահել են պահեր, երբ դավաճանված լինելու զգացում ունեցել եմ,  կարծում եմ` բոլորի հետ էլ պատահել է: Միակ բանը, որ ընդհանրապես չեմ ների, դավաճանելն է: Ես կյանքում չեմ դավաճանել:

Ի՞նչն է ձեզ ուրախացնում կյանքում:

Ցանկացած պահի, երբ զգում եմ, որ որեւէ մեկին օգտակար եմ լինում, ինձ անկեղծ ուրախություն է պատճառում դա: Կյանքի կարեւորագույն իմաստը մարդկանց օգնելն է:

Տխրությունն ի՞նչ գույն ունի:

Գորշ գույներից ինչ-որ մեկը:

Ի՞նչ հոգսեր ունեք:

Չէ, հոգս երեւի թե չունեմ:

Երբեւէ արտասվե՞լ եք:

Իհարկե, արտասվել ոչ միայն բացասական զգացումներից, այլեւ ուրախությունից: Ամենավերջին պահը սեպտեմբերի 21-ն էր, այնպիսի ուրախություն էր տեսնել, թե ինչպես են ուրախանում մեր անկախության 20-ամյակի կապակցությամբ, անկեղծ ասած` դժվար էր զսպել արցունքները:

Հաջողության հասնելիս ո՞վ է ձեզ օգնել:

Հաջողության հասնելիս ինձ շատ մարդիկ են օգնել, բայց ամենակարեւոր մարդը, ում անունը կցանկանայի նշել, իմ կինն է:

Ովքե՞ր են ձեզ հիասթափեցրել:

Շատ մարդիկ, այդ թվում` վերջին օլիմպիադայի հետ կապված:

Ի՞նչն է ձեզ հուսահատեցնում:

Այն, երբ զգում եմ, որ ինչ-որ բան անելու համար իմ ուժերը չեն բավականացնում:

Շա՞տ են նման իրավիճակներ լինում:

Կարծում եմ` ոչ:

Երջանկությունը ո՞ւմ կերպարով է ձեզ ներկայանում:

Փոքրիկ դստրիկի:

Հենց հիմա` այս հարցազրույցի շրջանակներում, կխնդրեի մեկ բացահայտում անեիք ձեր մասին, որ հենց հիմա հանրությունը չի լսել, չգիտի:

Կարող եք ինքներդ անել այդ բացահայոտւմը: Իմ մասին գիտեն այն, ինչ պետք է իմանալ, իսկ այն, ինչը պետք չէ իմանալ, իմ անձնական տիրույթն է:

Ի՞նչ բամբասանքներ եք լսել ձեր մասին:

Ամենատարբեր տիպի բամբասանքներ լսել եմ եւ կլսեմ, անկեղծ ասած` դրանք ինձ քիչ են հետարքրքում, դրանք այնքան շատ են:

Կռիվների, ծեծկռտուքների որքանո՞վ եք մասնակցել եւ կապտուկներով տուն եկե՞լ եք:

Չեմ ասի` շատ հաճախ, բայց մասնակցել եմ, կապտուկներով անպայման տուն եկել եմ:

Խաղատներ այցելելիս ամենամեծ գումարը, որ հաղթել եւ պարտվել եք:

Կարծում եմ` խաղատները եւս մարդկանց համար են, այո, այցելել եմ, ես խաղամոլ չեմ, այցելել եմ ոչ միայն հետաքրրքությունից, այլեւ ժամանց անցկացնելու նպատակով: Երկու տարի առաջ ԱՄՆ-ում այցելել եմ, իսկ գումարը շատ սիմվոլիկ էր`  10-15 դոլար:

Նյութական ամենամեծ հարստությունը, որ ունեք:

Միգուցե ոչ թե նյութական հարտությունից խոսենք, որովհետեւ այն, ինչ ես ունեմ, գույքագրվում է հայտարարագրի մեջ: Ես մի նկարիչ ընկեր ունեի, ով մահացավ երկու ամիս առաջ, ինձ համար նյութական ամենամեծ հարստությունը ընկերոջս նկարներն են:

Հայտնի կանանցից ո՞ւմ եք հավանում` գեղեցկության առումով:

Ինձ համար գեղեցկության չափանիշ է Էլիզաբեթ Թեյլորը:

Քանի՞ անցած սեր եք ունեցել:

Հիմա չթվարկենք եւ չհաշվենք, մարդ բնականաբար անցած սերեր ունենում է:

Ընտանիքում ձեզնից ի՞նչ դժգոհելու առիթներ են լինում, օրինակ` աղբը չեք թափում, շուկա չեք գնում, երեխաների հետ քիչ եք ժամանակ անցկացնում եւ այլն:

Երեւի թե դժգոհությունները կապված են ժամանակ սղության հետ:

Ձեր կինը, ինչո՞ւ եք հենց նրան ընտրել:

Դա իմ ընտրությունն է:

Ամենառոմանտիկ քայլը, որ երբեւէ արել եք:

Երեւի թե կնոջս գրած նամակներն էին:

Խմիչք եւ ծխախոտ:

Ընդհանրապես չեմ ծխել, շատ քիչ քանակությամբ նախընտրում եմ վիսկի Red Lebel:

Վերջին անգամ ե՞րբ եք խոհանոցում ինչ-որ բան պատրաստել:

Մի քանի օր առաջ` պոմիդոր, վարունգով սալաթ:

Ձեր սիրելի կերակուրները եւ որքանո՞վ եք տեղ տալիս ուտեստներին:

Ոտեստներին մեծ տեղ չեմ տալիս, նախընտրում եմ բանջարեղեն:

Եթե ոսկե ձկնիկ բռնեիք...

Բաց կթողնեի` առանց որեւէ բան խնդրելու, հեքիաթներ սիրում եմ, բայց ոսկե ձկնիկներին չեմ հավատացել եւ չեմ էլ հավատալու:

Լինում է, չի լինում...

Մի լրատվամիջոց:

Եւ

Եւ բազմակետեր…

Մեր շարքին մասնակցող նախորդ պատգամավոր` ՀՀԿ-ից Կարինե Աճեմյանը հարց  է ուղղել շարքին մասնակցող հաջորդ պատգամավորին, որը դուք եք: Նա ձեզ հարցնում է` ինչպես անցկացրեցիք ձեր ամառային հանգիստը եւ արդյոք այժմ ձեզ չեն անհանգստացնում  ավելացած կիլոգրամները:

Շատ լավ հանգստացա, իսկ լավ հանգիստը դա նշանակում է, որ ոչ միայն կգ-ներ չեմ ավելացրել, այլեւ նվազեցրել եմ:

Այժմ ձեր հարցը շարքին մասնակցող մյուս պատգամավորին:

Որն է ձեր կյանքի ամենաերջանիկ օրը:

Նշենք, որ 46-ամյա Արտակ Դավթյանը ԱԺ-ում հնաբնակներից է, պատգամավոր է դեռեւս 2007թ: Մասնագիտությամբ տնտեսագետ է, աշխատել է որպես մարզիչ, տնտեսագետից մինչեւ կառավարիչ, էներգետիկայի փոխնախարար եւ այլն: Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Ավելի վաղ NEWS.am-ը ներկայացրել էր հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի, Լեւոն Մարտիրոսյանի, Նաիրա Կարապետյանի , Հայկ Գրիգորյանի , Մարգարիտ Եսայանի, Գարեգին Նուշիկյանի , Հովհաննես Սահակյանի, Արտակ Զաքարյանի , Կարինե Աճեմյանի , ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի , Էլինար Վարդանյանի , Վահե ԷնֆիաջյանիՆաիրա Զոհրաբյանի , ՀԱԿ-ից Լյուդմիլա Սարգսյանի , Հրանտ Բագրատյանի , Գագիկ Ջհանգիրյանի   «Ժառանգությունից»` Ռուբեն Հակոբյանի , Խաչատուր Քոքոբելյանի , Ալեքսանդր Արզումանյանի , ՀՅԴ-ից` Արծվիկ Մինասյանի  հետ, Աղվան Վարդանյանի , անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ:

Շարքը` Ինգա Մարտինյանի

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ