News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

«Բլից հարցազրույցներ ԱԺ պատգամավորների հետ» շարքի շրջանակներում NEWS.am-ը ներկայացնում է իր հերթական հարցազրույցը: Այս անգամ զրուցել ենք ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի հետ:

Ո՞վ եք դուք եւ ինչպիսի՞ն եք:

Դժվար է ասել: Երեկ լրիվ ուրիշ էի, այսօր՝ ուրիշ, վաղը՝ հավանաբար այլ: Ժամանակները փոխվում են, եւ մենք փոխվում ենք նրա հետ:  

Կարգախոսը:

Անձնական կյանքում՝ չանել ոչինչ, որի պատճառով ամաչես նայել կնոջդ, երեխաներիդ ու ծնողներիդ աչքերին, իսկ աշխատանքում՝ առաջ չգնալ ուրիշների վրայով անցնելու հաշվին. ամեն մեկս, մեր ամեն մի քայլի համար ինչ-որ մի օր պատասխան ենք տալու:

Ձեր ամենաուժեղ եւ թույլ կողմերը:

Ամենաուժեղ կողմս այն է, որ երբեք չեմ հանձնվում ու բոլոր իրավիճակներից համարժեք ելք եմ գտնում: Իսկ ամենաթույլ կողմս, երեւի, ավելորդ զգացմունքայնությունս է: 

Ի՞նչ կփոխեիք ձեր մեջ եւ ձեր ապրած կյանքում, կամ եթե նորից ծնվեիք:

Կփոխեի մեր ժամանակներն ու բարքերը. չէ՞ որ այսօր դա նույնքան անհավանական է թվում, որքան նորից ծնվելը: Եթե իրատեսորեն՝ կձգտեի դառնալ մեր ազգային հավաքականի ֆուտբոլիստ:

Ամենաշատը ինչո՞ւմ եք ձեզ մեղադրում:

Որ դեռ երկու երեխա ունեմ:

Ձեր կյանքի սխալները:

Որոշ դեպքերում շատ եմ վստահել «գրասենյակային առնետներին»:

Ինչի՞ համար եք զղջում:

Մի առիթով ընկերոջս հետ գրազ գալու ու պարտադրված պարտվելու համար: Շատ եմ զղջում:

Ամենամեծ հաղթանակը եւ պարտությունը:

Հաղթանակը՝ վերջին, եւ պարտությունը նախավերջին խորհրդարանական ընտրություններում:

Նպատակն արդարացնո՞ւմ է միջոցները, ինչի՞ եք պատրաստ ձեր նպատակներին հասնելու համար:

Իմ համոզմամբ, Մաքիավելիի այս միտքը կտրվել է իր ծննդյան ժամանակներից ու միջավայրից եւ այսօր՝ մեր ժամանակներում, շատ սխալ է հասկացվում: Մաքիավելին ի նկատի ուներ համապետական շահերով պայմանավորված՝ բարի նպատակներին հասնելու ճանապարհին միջոցների մեջ խտրականություն չդնելու անհրաժեշտությունը ու խոսքն էլ բացառապես տիրակալի մասին էր: Մաքիավելին ի նկատի չուներ յուրաքանչյուր տհասի անձնական շահերը, նրանց հակահանրային ձգտումներն ու մտադրությունները: Իսկ իմ նպատակներին հասնելու համար պատրաստ եմ ուղղակի քրտնաջան աշխատել, ինչպես արել եմ մինչ օրս:

Ի՞նչ կյանքում երբեք չեք անի: 

Երբեք կաշառք չեմ տա ու կաշառք չեմ վերցնի: Իմ բաժին կռիվն էլ ուրիշներին չեմ թողնի:

Երբեւէ ձեր արածի կամ ասածի համար ամաչե՞լ եք:

Ոչ: Բայց, չարածի համար ամաչել եմ, երբ տարբեր առիթներով հասկացել եմ, որ չեմ հասցրել նկատել, թե ինչքան են մեծացել երեխաներս ու ինչքան լուրջ հարցեր են ինձ տալիս:    

Ո՞ւմ կամ ինչի՞ն եք հավատում:

Հավատում եմ Աստծու գոյությանն ու բարու հաղթանակին: Հավատում եմ Նոր Հայաստանին, որը հաստատ գալու է: Հավատում եմ մեր ժողովրդի պոտենցիալին: Հավատում եմ մարդկային հնարավորությունների անսահմանությանը:

Ո՞վ է ձեզ կյանքում հիասթափեցրել:

Շատերը: Բայց ժամանակն ամեն ինչ իր տեղն է դնում: 

Ի՞նչն է ձեզ հուսահատեցնում:

Ամենամտերիմ մարդկանց կողմից չհասկացված լինելու զգացումը:

Ամենահամարձակ քայլը կյանքում:

Ապագա կնոջս ձեռքը բռնելը՝ 1997 թ. մայիսի 15-ին, մեր ծանոթության հենց առաջին օրը: Այդ օրվանից նրա ձեռքը չեմ թողել:

Հպարտությունը:

Շատ-շատ են: Վաղվա Հայաստանը, ընտանիքս, ընկերներս, ֆուտբոլի մեր ազգային հավաքականը:  

Զարմանում եք, երբ…

Տգետներն ու մակաբույծները, ժամանակի քամուն ենթակա, ինչ-որ մի պահից սկսում են հավատալ, որ իրենք խելոք են ու սկսում են չտեսնել իրենց առաջ տանող ուժը՝ ժամանակի քամին:

Զայրանում եք, երբ…

Կարդացած ու խելոք մարդը՝ անհատը, կյանքի ու սոցիալական իրողություններով պայմանավորված, ստիպված է լինում գլուխը կախել իր անգրագետ ու մոխրագույն վերադասի կամ գործատուի առջեւ:

Տխրելու պատճառներ, ուրախանալու առիթներ:

Տխրում եմ, երբ չեմ հասցնում ընտանիքիս տալ այն ամենը, ինչի կարիքն իրենք այդքան ունեն: Ուրախանալու առիթները՝ կնոջս ու երեխաներիս ժպիտը, հոգեկան անդորրը ու ինչպես արդեն գլխի եք ընկնում՝ մեր ազգային հավաքականի ու նրա խաղացողների հաջող խաղը: 

Երջանկությունն ի՞նչ գույն ունի:

Բաց կանաչ:

Թերթում եք ձեր հիշողությունների գիրքը, ամենալավ եւ վատ հիշողությունը ո՞րն է:

Միանշանակ՝ Դավիթիս ու Նարեիս ծնունդը: Ամենավատ հիշողություններս կապված են 1988 թ. երկրաշարժի հետ:

Մեր օրերի լավագույն քաղաքական գործիչն ո՞վ է:

Կարծում եմ, որ նման կատեգորիկ գնահատականներ տալու զորություն ունեն միայն Նորին Մեծություն Ժամանակն ու հիմարները: Շատ հուսով եմ, որ իմ անձնական ընկալումներն ու պատմության գնահատականները կհամընկնեն:

Ձեր մասին ամենանհեթեթ սուտը, բամբասանքը:

Նույնը, ինչ Արեւմուտքում կրթություն ստացած եւ օտար լեզուների տիրապետող գրեթե բոլոր հայ քաղաքական գործիչների մասին՝ որ ես գործում եմ ինչ-ինչ մասոնական կամ արեւմտյան խորհրդավոր կառույցների թելադրանքով: Դուք կարծում եք, նման բամբասանքների հեղինակներն այդքան երեւակայություն ունեն, որ մեզանից յուրաքանչյուրի մասին նոր բամբասա՞նք հորինեն:

Ինչի՞ց եք վախենում:

Նախ՝ անդառնալի կորուստներից: Ապա՝ ոչ մի բանի մասին ոչ մի կարծիք չունեցող մոխրագույն մարդկանցից: Նրանք մեր օրերի իրական հակահերոսներն են:

Վատագույն սովորությունը: Սիրելի եւ չսիրելի գործեր:

Ծխելը: Սիրում եմ տրվել գրադարանիս, ժամանակ առ ժամանակ վերադասավորել գրքերս, զգալ գրքի հոտն ու նրա ուժը. նրանք իմ ամենաանդավաճան ընկերներն են: Չեմ սիրում ամեն օր սափրվել:

Դուք ձեզնից գո՞հ եք, եթե ոչ, ապա՝ ինչու: Իսկ եթե այո՝ գոհ եք, ապա երբեւէ եղել է, որ դժգոհ մնաք ձեզնից եւ ի՞նչ առիթով էր:

Ոչ: Եթե մարդն իրենից գոհ է, հավանաբար, կորցնում է ինքնակատարելագործման ներքին հավերժ ու կենսատու մղումը: Միշտ պետք է ձգտել անել ավելին: 

Հայտնի կանանցից ո՞ւմ հետ չէիք հրաժարվի հանդիպել:

Շակիրայի:

Անցած սերեր:

Իրականում ես չգիտեմ, թե դա ինչ է: 1997 թ-ից Լիլիթն ու ես միասին ենք: Իսկ դպրոցական տարիների էպիզոդիկ զգացումները սեր չէի անվանի:

Սեր խոստովանելու լավագույն ձեւը:

Ճչացող լռությունը: 

Ձեր ընտրյալը:

Իմ ու երեխաներիս երջանկության աղբյուրը: Անսահման բարի, խելացի, հմայիչ ու ժպտերես հայուհի, ով շատ է սիրում ինձ ու նույնքան էլ ատում քաղաքականությունը: 

Ընտանեկան վեճերը ի՞նչ թեմաների շուրջ են լինում: 

Ամենաանիմաստ ու չհիշվող:

Ընտանեկան «հոգսերից» որո՞նք են ձեր վրա, օրինակ՝ շուկա գնալ, աղբ թափել, լամպ փոխել, երեխաներին կարուսել, սրճարան տանել եւ այլն:

Մենք ապրում ենք մեծ ընտանիքով՝ ծնողներիս հետ միասին եւ ընտանեկան հոգսերից, բարեբախտաբար, ամբողջությամբ ազատված եմ: Ես ուսանողական տարիներին, 8 տարի ապրել եմ վարձով եւ շատ կուշտ եմ բոլոր նմանատիպ հոգսերից՝ այդ թվում փլավ պատրաստելուց ու ձվաձեղ անելուց: Իսկ երեխաների դաստիարակությամբ զբաղվելը կամ նրանց տեղ տանելը հոգս չեմ համարում: 

Խաղադրույքներից մինչեւ կազինոներ, ինչքա՞ն գումար եք պարտվել եւ հաղթել:

62 500 դրամ: 7-8 տարի առաջ, ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնության ժամանակ կնոջս հետ միասին խաղադրույք էինք կատարել, որ այն ժամանակ, շատերին դեռ ոչ այնքան տեսանելի Անդրես Ինիեստան գոլ կխփի եւ Իսպանիան կհաղթի: Այդպես էլ եղավ: Տեսնեմ՝ շնորհակալություն եմ հայտնելու: 

Սամվել Ֆարմանյանը՝ խոհանոցում, ի՞նչ կարող եք պատրաստել եւ ի՞նչ եք սիրում ուտել: Ձեր սիրտ տանող ճանապարհը ե՞ւս ստամոքսով է:

Սիրում եմ հայկական, վրացական ու մեքսիկական խոհանոցները: Ամենասիրած ուտեստը մայրիկիս պատրաստած մսով ու կարտոֆիլով պարզ ապուրն է: Իմ օրգանիզմում սիրտս ու ստամոքսս տարաբաժանված են, իրար հետ չեն շփվում՝ վաղուց կռված են:

Որպես կյանքում մի հերոս, ձեզ կինն ու գինին փրկո՞ւմ են, թե՞ կործանում:

Յուրաքանչյուր ծայրահեղություն մարդուն կործանում է, իսկ չափի մեջ ամեն ինչ էլ օգտակար է, այդ թվում՝ կինն ու գինին, ինչպես առանձին-առանձին, այնպես էլ՝ միասին:

Ինչքան փող կամ նյութական ի՞նչ կցանկանայիք ունենալ, որ չունեք՝ մեքենա, առանձնատուն...

Ապրել եւ ապրում եմ աշխատավարձով, ինչով հպարտանում եմ: Առանձնատուն չունեմ, մեքենա չեմ սիրում, թեեւ ստիպված գնել եմ: Ես երջանկության շատ ավելի մնայուն, կենսունակ ու ծանրակշիռ աղբյուրներ ունեմ, քան փողն է, առանձնատունը կամ ավտոմեքենան միասին վերցրած: Այդպես էլ է լինում:

Երազ տեսա…

Որ մենք ու մեր երեխաների սերունդը ապրում էինք Նոր ու Հպարտ Հայաստանում:

Երբեւէ ասել կամ մտածել եք կանգ առ ակնթարթ, ինչ չքնաղ ես դու:

Բազում-բազում անգամներ: Հենց այդ ակնթարթերն են իմաստով լցնում կյանքը, մղում մեծ ու դժվարին նախաձեռնությունների, հիմնավորում զոհողությունները: Կնոջս ու երեխաներիս ուրախ ու երջանիկ հայացքը, մեր հավաքականի խփած գոլերը, երբ Հանրապետական մարզադաշտը ուրախությունից տրաքում է եւ ուզում ես, որ ժամանակը հենց այդ վայրկյանին կանգ առնի:     

Պարոն Ֆարմանյան, շարքին մասնակցող նախորդ պատգամավորը` Արտակ Դավթյանը ձեզ հարցնում է, թե որն է ձեր կյանքի ամենաերջանիկ օրը:

Այն դեռ գալու է` անկնկալ ու նաեւ շատ սպասված:

Այժմ, ձեր հարցը շարքին մասնակցող մյուս պատգամավորին, որը ինչպես դուք, այնպես էլ ես, չգիտենք, թե ով կլինի:

Ի՞նչ անել:

Նշենք, որ 34-ամյա Սամվել Ֆարմանյանը ԱԺ-ում «նորաբնակներից» է: Նա պատմագետ, է, պատմական գիտությունների թեկնածու, դասավանդում է ԵՊՀ պատմության ֆակուլտետում: Աշխատել է որպես ԱԺ նախագահաի խորհրդական, ՀՀ նախագահաի ռեֆերենտ, մամուլի քրատուղար, հանրային հեռուստաընկերության եւ ՀՀ հանրային ռադիոընկերության լրատվական եւ վերլուծական հաղորդումների տնօրեն: Ամուսնացած է, ունի երկու զավակ:

Ավելի վաղ NEWS.am-ը ներկայացրել էր հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե ՀովհաննիսյանիԼեւոն ՄարտիրոսյանիՆաիրա Կարապետյանի , Հայկ Գրիգորյանի , Մարգարիտ ԵսայանիԳարեգին ՆուշիկյանիՀովհաննես ՍահակյանիԱրտակ Զաքարյանի , Կարինե ԱճեմյանիԱրտակ Դավթյանի, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան ՈւրիխանյանիԷլինար ՎարդանյանիՎահե Էնֆիաջյանի,  Նաիրա Զոհրաբյանի, ՀԱԿ-ից Լյուդմիլա ՍարգսյանիՀրանտ ԲագրատյանիԳագիկ Ջհանգիրյանի, «Ժառանգությունից»` Ռուբեն ՀակոբյանիԽաչատուր ՔոքոբելյանիԱլեքսանդր Արզումանյանի, ՀՅԴ-ից`Արծվիկ Մինասյանի , Աղվան Վարդանյանի, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ:

Շարքը` Ինգա Մարտինյանի

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ