News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

«Բլից հարցազրույցներ» ԱԺ պատգամավորների հետ շարքի շրջանակներում NEWS.am-ը ներկայացնում է իր հերթական հարցազրույցը: Այս անգամ զրուցել ենք ՀՀԿ խմբակցությունից պատգամավոր Կարեն Ավագյանի հետ:

Ո՞վ եք դուք եւ ինչպիսի՞ն եք:

Շատ հետաքրքիր հարց է, երբեք չեմ մտածել, որ նման հարցի կպատասխանեմ, այսինքն` ինքս իմ աչքերով: Այնպիսին եմ, որ ունեմ շատ լավ ընտանիք, լավ ընկերներ, շրջապատված եմ լավ մարդկանցով, երեւի թե դա կլինի ձեր հարցի պատասխանը եւ իմ անձի բնութագրիչը:

Ձեր առավելությունները եւ թերությունները:

Անհասկանալի է, երբ մարդ ինքն է խոսում իր առավելությունների մասին, ես երբեք իմ առավելությունների մասին չեմ խոսել եւ հիմա էլ չեմ խոսի, դա կթողնեմ այն մարդկանց, ովքեր գնահատում են այն հարաբերությունները, աշխատանքները եւ գործընթացները, որտեղ ես կամ, իրենք ավելի լավ կտան գնահատականը: Իսկ  թերությունների մասին ասեմ, որ երբեմն շատ ժամանակ չեմ տրամադրել այն կրթական ծրագրերին, որոնք պետք է լինեին, այսինքն` շատ ուղղություններ բաց են մնացել կրթական ծրագրերի մեջ, ամեն դեպքում` կուզենայի շատ ավելի շատ օտար լեզուներ իմանայի, քան հիմա տիրապետում եմ:

Դուք ձեզնից գո՞հ եք:

Գոհունակությունը պետք է շրջապատող մարդկանցից հարցնել, ես գոհ եմ իմ աշխատանքից, իմ ընտանիքից, իմ շրջապատից, այսինքն` ընդհանուր առմամբ, այո:

Ձեր խղճի հետ հա՞շտ եք, օրինակ` գիշերը քնելիս ինչ-որ մտքեր ձեզ չե՞ն տանջում:

Ես երբեւէ չեմ արել այնպիսի բան, որ ինձ տանջի, եւ Փառք Աստծո, այդ տեսակետից շատ հանգիստ քնում եմ:

Ձեր թուլություններից:

Ընդհանուր գնահատական կարող եմ հնչեցնել մարդկային թուլություններին, բայց առանձնացնել եւ կոնկրետացնել, երեւի չհաջողվի: Փորձել եմ իմ կյանքի ընթացքում ուժեղ կողմերով հանդես գալ եւ չեմ մտածել թույլ կողմերի մասին:

Ձեր կյանքի ամենահամարձակը քայլը ո՞րն է:

Քաղաքականության մեջ մտնելը

Հուսահատության պահերը ինչպե՞ս եք հաղթահարում:

Բնականաբար, ամենալավ հաղթահարելու միջոցը ժամանակն է, ես նույնպես օգտվում եմ այդ հնարավորությունից: 

Ովքե՞ր են ձեզ հիասթափեցրել, անուններ կնշեք:

Այն մարդիկ, ում չափից շատ վստահում ես եւ հետո իրենք հակառակն են ապացուցում, դրանից ավելի մեծ հիասթափություն դժվար է պատկերացնել:  Դրանք հանրությանը հայտնի անուններ չեն, նեղ շրջապատի մարդիկ են:

Ամենամեծ հաղթանակը եւ պարտությունը:

Երբ դու կարողանում ես քո ընկերներով քո  նպատակին հասնել, բնականաբար այն նպատակները, որոնք ի շահ են այն թիմին, որի մեջ դու կաս: Անձնավորված հաղթանակնների մասին չէի ցանկանա խոսել, ես ինձ դիտարկում եմ թիմային մարդ եւ ամենամեծ  հաղթանակներից է վերջին ընտրությունները: Պարտություն կարելի է համարել որոշակի հարաբերություններ, երբ մարդուն սկզբից չես ճանաչում, նրա հետ շատ բաներ  ես կապում, բայց հետո տեսնում ես, որ դա այդպես չէ, հոգեբանորեն  քեզ պարտված ես զգում: Դա հոգեբանական պահ է, երբ դու ափսոսում ես այն ժամանակը, որը ծախսել ես:

Հաջողության հասնելիս համար ո՞վ կամ ի՞նչն է ձեզ օգնել:

Հաջողության հասնելիս ամենակարեւորը այն նպատակներն են, որոնք դրված են եղել, երբեք ու երբեք իմ համար նպատակը գերխնդիր չի դարձել, նպատակին հասնելու համար ցանկացած գին չէ, որ տրվել է: Ցավում եմ այն մարդկանց համար, ովքեր իրենց նպատակին հասնում են ցանկացած գնով, ուրիշներին տրորելով, ուրիշները շահերը ոտնահարելով: Ես իմ նպատակներին հասել եմ իմ քրտինքով, քրտնաջան աշխատանքով, քրտնաջան սովորելով եւ մինչեւ հիմա էլ դրա մեջ եմ:

Ի՞նչ մեղքեր եք գործել կյանքում, եթե հավատանք, որ յուրաքանչյուր մահկանաց մեղքեր գործում է:

Դա ձեր տեսակետն է, իսկ եթե հավատանք, որ ես հանգիստ քնում եմ, բնականաբար առանձնապես մեծ մեղքեր չեմ ունեցել իմ կյանքում:

Իսկ սխալնե՞ր:

Միգուցե մասնագիտական կրթության մեջ` բժշկական կրթություն ստանալիս, կցանկանայի ի սկզբանե քաղաքական կրթության մեջ լինել:

Անելանելի իրավիճակ ձեր կյանքից:

Երբ առաջին անգամ ոտք դրեցի արտասահմանմիայնակ ` կրթություն ստանալու, բավականին երիտասարդ, անփորձ, մինչեւ օրս դա հիշում եմ, միանգամից դող անցավ մարմնովս, ընկել էի մեծ աշխարհ, որից ոչ մի բան չգիտեի: Մշակութային շոկ էր մոտս:

Շեքսպիրն ասում է` կյանքը բեմ է, մարդիկ` դերասաններ, դուք ստիպվա՞ծ եք լինում դերասանություններ անել:

Դերասանություն անել` չէ, բայց  որոշակի կանոններ կան, որոնք քեզ պարտադրում է որոշակի վարվելակերպ եւ պահվածք, բնականաբար` դու ընկնում ես այն չգրված օրենքների եւ կանոնների մեջ, դա ինձ համար վարվելակերպ է եւ էթիկետ, երբ անկախ տրամադրությունից` դու ստիպված ես ինչ-որ կանոնների ենթարկվել:

Օրինակ` հատկապես ի՞նչ եք ստիպված անել որպես պատգամավոր եւ քաղաքական գործիչ:

Ես խոսում եմ որպես մարդ, երբ ստիպված ես որոշակի կանոնների հետեւել` անկախ քո տրամադրությունից, քո այդ օրվա դրսեւորումներից:

Չիրականացված երազանք ունե՞ք:

Կցանկանայի կյանքիս մեծ հատվածը անցկացնել ծնողներիս հետ, կորուստ չլիներ ժամանակից շուտ:

Համաշխարհային հայտնի կանանցից գեղեցկության էտալոնը ո՞վ է:

Ես չեմ սիրում առանձնացնել մարդկանց, շատ պրովակացիոն հարց եք տալիս` կանայք բոլորն էլ գեղեցիկ են, ինձ համար արտաքին գեղեցկությունը չի ամբողջացնում մարդու գեղեցկությունը,  գեղեցկությունը մի ամբողջություն է, պետք է նաեւ ճանաչել այդ մարդուն:

Լավ, եթե ձեզ հնարավորություն տային հանդիպել օրինակ Մոնիկա Բելուչիի կամ Մեգան Ֆոքսի հետ, ո՞ւմ կընտրեիք:

Ինձ հետաքրիքր կլինեին երկուսն էլ, առանձին-առանձին հանդիպումներ կնշանակեի:

Ի՞նչ եք կարծում` գեղեցկությունը կփրկի աշխարհը, թե արդեն փրկել է:

Աշխարհը կփրկեն մարդիկ: Ցավով եմ ասում` արժեքային համակարգեր են փոխվում եւ մարդ ասվածը սկսում է փոփոխությունների ենթարկվել, բայց աշխարհը կփրկեն մարդիկ:

Հայաստանյան քաղաքական գործիչներից ումո՞վ եք հիանում:

Եթե ես ձեռնպահ մնացի կանանց անուններ տալուց, ապա քաղաքական գործիչների դեպքում` առավել եւս, ամեն ինչ ցույց է տալու ժամանակը, թե այդ գործիչը ինչ կանի իր ազգի, ժողովրդի համար:

Ձեր մասին ամենանհեթեթ առասպելը:

Վերջերս էր, որ ես գնել էի աշխարհահռչակ դեղագործական ֆիրմա, փորձում էի հայկական շուկայում իմ ազդեցության մեծացնել:

Երջանկությունը գույն ունի՞:

Երջանկությունը սեւ ու սպիտակ է, եւ շատ հաճախ այդ սեւ ու սպիտակի մեջ դու կարող ես գտնել շատ ավելի շատ գույներ, քան այն գունավոր նկարների մեջ, որոնք տարբեր գույներ ունեն:

Ձեր ընտրյալը, ինչպիսի՞ն է:

Իմ կինն է, այնպիսին է, ինչպիսին ցանկանում էի, որ ինքը լիներ: Փառք Աստծո, ինձ հաջողվեց գտնել այն մարդուն, ով այսօր կիսում է, իմ գործունեությունը, իմ կյանքը, ընտանիքի անդորրը, ջերմությունը:

Ի՞նչ խենթ քայլեր եք արել ձեր կնոջ համար:

Երեւի ամենամեծ խենթությունը կարելի է համարել այն, որ իմ կինը ինձ հետ սովորել է նույն դասարանում, եւ մենք տասը տարի իրար հետ նույն նստարանին նստած` չէինք էլ իմացել, որ հետո ունենալու ենք ավելի ջերմ ընտանեկան հարաբերություններ:

Անցած սերեր չե՞ք ունեցել:

Ավելի շատ համակրանքներ կարելի է ասել, բայց զգացմունքային սեր, չի կարելի ասել:

Երեխայի դաստիարակությամբ որքանո՞վ եք զբաղվում:

Այնքանով, ինչքանով ժամանակս ներում է: Ժամանակս բավական է, իրականում չկա մի բան, որով ես չզբաղվեմ իմ որդու հետ:

Ընտանիքում դժգոհելու առիթներ տալի՞ս  եք:

Ինձնից դժգոհելու առիթը այն ժամանակն է որը ես մեծ մասամբ օգտագործում եմ աշխատանքի վրա  եւ բնականաբար` դա շատ դժգոհություններ առաջացնում է, բայց ոչ կոնֆլիկտ եւ վեճ: Գոհունակությամբ կարող եմ ասել, որ մեր ընտանիքը զերծ է նման խնդիրներից:

Ամենաթանկ իրը, որ ունեք:

Այն բնակարանն է, որտեղ ես ապրում եմ: Ես նյութական հարստության հետեւից չեմ ընկնում, սիրում եմ հարմարավետություն:

Հարմարավետությունից խոսեցիք` ձեզ համար հագուստը ո՞վ է ընտրում:

Իմ եւ որդուս հագուստը ես եմ ընտրում, երբ արտերկ8ում եմ լինում, այնտեղից եմ գնում, երբ Հայաստանում` այստեղից:

Ինչ-որ բրենդ կա՞, որ նախընտրում եք:

Չէ, չեմ սիրում ֆիքսվել մի բրենդի վրա եւ ամբողջությամբ կյանքը նվիրել այդ բրենդին:

Վերջին անգամ ե՞րբ եք երթուղային նստել:

Երկու ամիս առաջ, մեր տնից իջել եմ օպերա, շատ բան չէր փոխվել, իրավիճակը այնպիսին էր, ինչպիսին եղել էր:

-Խոհանոցում ի՞նչ եք պատրաստում եւ պահանջկո՞տ եք ուտելիքի առումով:

Ավանդական խպորոված եմ պատրաստում շատ լավ, ուտելիքի առումով պահանջկոտ եմ, համեղ ուտելը բոլորի ցանկությունն է:

-Ծխախոտ, խմիչք:

Չեմ ծխել եւ չեմ էլ ծխի, խմիչքներից նախընտրում եմ գինի:

-Գրազներից մինչեւ խաղատներ, ինչքա՞ն գումար եք տանուլ, տվել եւ հաղթել:

Խաղատներ չեմ այցելել, անգամ հայտնվում եմ շատ ծիծաղելի իրավիճակնբերում, չգիտեմ էլ այդ ապարատները ինչպես են աշխատում: Գրազ գալիս ես տանուլ եմ տվել այնքան, ինչի վրա գրազ ենք եկել, օրինակ` վերնաշապիկ, փողկապ:

Քանի որ գինի սիրում եք, իսկ կանանց մասով չեք որոշակիացնում ձեր վերաբերմունքը, կասե՞ք գոնե գինին եւ կինը ձեզ փրկում են, թե՞ կործանում:

Այսքան ժամանակ ոչ փրկել են, ոչ կործանել, բայց երբ նայում ես պատմությունը, տեսնում ես, որ որոշ դեպքերում կործանում է:

Նշենք ձեր կյանքի այն պահերը, երբ ասել եք` կանգ առ ակնթարթ, ինչ չքնաղ ես դու:

Երբ ծնվեց որդիս:

Շարքին մասնակցող նախորդ պատգամավորը` Սուքիաս Ավետիսյանը, ձեզ հարցնում է, թե ինչպես է ձեր առողջությունը:

Եթե ինքը մի բան գիտի, թող ասի:

Ձեր հարցը շարքին մասնակցող հաջորդ պատգամավորին:

Ի՞նչ կփոխեիք ձեր կյանքում:

Նշենք, որ 38-ամյա Կարեն Ավագյանը ավարտել է ԵՊԲՀ-ն,  մասնագիտությամբ դատական բժշիկ է: Եղել է ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի նախագահ, եղել է ՀՀ վարչապետի օգնական: Պատգամավոր է ընտրվել դեռեւս 2007թ, ամուսnացած է, ունի մեկ զավակ:

Ավելի վաղ NEWS.am-ը ներկայացրել էր հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե ՀովհաննիսյանիԼեւոն ՄարտիրոսյանիՆաիրա Կարապետյանի , Հայկ Գրիգորյանի , Մարգարիտ ԵսայանիԳարեգին ՆուշիկյանիՀովհաննես ՍահակյանիԱրտակ Զաքարյանի , Կարինե ԱճեմյանիԱրտակ ԴավթյանիՍամվել Ֆարմանյանի, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան ՈւրիխանյանիԷլինար ՎարդանյանիՎահե Էնֆիաջյանի,  Նաիրա Զոհրաբյանի, ՀԱԿ-ից Լյուդմիլա ՍարգսյանիՀրանտ ԲագրատյանիԳագիկ Ջհանգիրյանի, «Ժառանգությունից»` Ռուբեն ՀակոբյանիԽաչատուր ՔոքոբելյանիԱլեքսանդր Արզումանյանի, ՀՅԴ-ից`Արծվիկ Մինասյանի , Սուքիաս Ավետիսյանի, Աղվան Վարդանյանի, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ:

Շարքը` Ինգա Մարտինյանի

Տպել
Ամենաշատ