News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

«Բլից հարցազրույցներ ԱԺ պատգամավորների հետ» շարքի շրջանակներում NEWS.am-ը ներկայացնում է իր հերթական հարցազրույցը: Այս անգամ զրուցել ենք ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Շարմազանովի հետ:

Ձեր գնահատմամբ` ինչպի՞սի մարդ եք:

Շփվող, մի քիչ զգացմունքային, ամենակարեւորը` կեղծ չեմ, համերաշխ ապրում եմ խղճիս հետ:

Ո՞րն է ձեր կարգախոսը:

Ներդաշնակ ապրել խղճիդ հետ:

Ե՞րբ եք սկսել հետաքրքրվել քաղաքականությամբ:

Զարմանալի է, բայց 7-8-րդ դասարանից: 80-ականների վերջին ազգային զարթոնքը նպաստեց դրան: Իսկ արդեն 1991-ին շատ ուշադիր հետեւում էի օգոստոսի 19-21-ը ГКЧП-ի հայտնի դեպքերին, որին մեկ ամիս անց հաջորդեց սեպտեմբերի 21-ի Հայաստանի անկախության հանրաքվեն:

Ի՞նչ է Ձեզ համար քաղաքականությունը:

Սկզբում սիրած զբաղմունք, իսկ արդեն գրեթե 5-6 տարի` մասնագիտություն, որի միջոցով կարող ես լինել օվկիանոսում այն կաթիլը, որով հնարավոր է օգտակար լինել քո պետությանն ու ազգին:

Եթե քաղաքականությամբ չզբաղվեիք, ապա ի՞նչ էիք անելու:

Կզբաղվեի պատմագիտությամբ:

Իսկ փոքր ժամանակ օդաչու դառնալու ցանկություն չե՞ք ունեցել:

Ոչ, փոքր ժամանակ ուզում էի ֆուտբոլիստ դառնալ, իմ կուռքը եղել է Խորեն Հովհաննիսյանը:

Ձեր կարծիքով, ո՞վ է բոլոր ժամանակների եւ ժողովուրդների՚ քաղաքական գործիչը կամ գործիչները:

Շատ են: Համաշխարհային պատմությունը հարուստ է նման դեմքերով: Անտիկ աշխարհում` Ալեքսանդր Մակեդոնացի եւ Հուլիոս Կեսար, Հին Հայաստանում` Արտաշես 1-ին եւ Տիգրան Մեծ, միջին դարերում` Կարլոս Մեծ, Ալեքսանդր Նեւսկի, նոր ժամանակներում`Թոմաս Ջեֆերսոն, ֆրանսիական հեղափոխության ակնառու դեմքեր Դանտոն, Ռոբեսպիեր, քիչ ավելի ուշ Նապոլեոն, Ռուսատանում` Պյոտր Ստոլիպին: Նորագույն ժամանակաշրջանում Շառլ դը Գոլ, Ուինսթոն Չերչիլ, Ստալին, Ֆրանկլին Ռուզվելտ եւ այլք: Ինձ ավելի մոտ են դը Գոլը եւ Ստոլիպինը: 20-րդ դարի Հայաստանում Արամ Մանուկյան, Գարեգին Նժդեհ, Ալեքսանդր Մյասնիկյան…

Ի՞նչն է երիտասարդներին բերում քաղաքականություն:

Հետաքրքրությունը, ինքնադրսեւորվելու ցանկությունը, որոշ դեպքերում ամբիցիաները եւ, իհարկե, պետությանն ու հասարակությանն օգտակար լինելու ձգտումը:

Ձեր կարծիքով կուսակցական երիտասարդներն ինչո՞վ են տարբերվում անկուսակցականներից:

Քաղաքական առումով առաջիններն ավելի պատասխանատու են, քանի որ իրենց յուրաքանչյուր գործողության համար հաշվետու են կուսակցական մարմնին: Այն մեծացնում է պատասխանատվության զգացումն ու նպաստում թիմային աշխատանքին:

20-21-րդ դարերի հայտնի մարդկանցից ո՞ւմ հետ կցանկանայիք զրուցել:

20-րդ դարի հայերից Կոմիտասի, Չարենցի, Սեւակի, օտարերկրացիներից` Չերչիլի, Արիստոտել Օնասիսի, Ջոն Լենոնի, իսկ 21-րդ դարի հայտնի մարդկանց հետ, կարծում եմ, դեռ հնարավորություն կունենամ հաղորդակցվել:

Ի՞նչն  է առավել շատ բավականություն պատճառում Ձեզ կյանքում եւ աշխատանքում:

Մարդկանց օգտակար լինելը:

Ո՞րն է Ձեր սիրելի, նախընտրելի զբաղմունքը:

Ընթերցանություն եւ սպորտ:

Ո՞ր ժանրի գրքերին եք տալիս նախապատվություն, եւ ո՞ր հեղինակներին:

Տարբեր ժանրերի գրքեր եմ կարդում, սովորություն ունեմ միաժամանակ մի քանի գիրք կարդալ: Նախապատվություն եմ տալիս պատմական, քաղաքագիտական եւ գեղարվեստական գրականությանը: Մեծ սիրով եմ կարդում Դոստոեւսկի, Չեխով, Տոլստոյ: Շատ բարձր եմ գնահատում Հրանտ Մաթեւոսյանի արձակը, նաեւ հրապարակախոսական հոդվածները, բայց եթե ինձ բախտ վիճակվեր տիեզերք գնալ, ինձ հետ կվերցնեի Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը:

Վերջին անգամ ե՞րբ եք գիրք կարդացել:

Հենց այս պահին էլ վերընթերցում եմ Խորենացու «Հայոց պատմութունը» եւ Տուրգենեւի «Հայրեր եւ որդիները»:

Ո՞ր ֆիլմից կամ գրքից եք արտասվել:

Արտասվել եմ Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմից, իսկ ավելի դեռահաս տարիքւոմ մի հատ լավ ֆիլմ կա` «Թափառախումբը գնում է երկինք», որտեղ Սվետլանա Տոման է խաղում, այդ ֆիլմից եմ հուզվել:

Ձեր կյանքի ամենամեծ պարտությունը ո՞րն է եղել, իսկ ամենամեծ հաղթանա՞կը:

Պարտություն չասեմ, բայց տխրություն, հիասթափություն եղել է հորս մահը, որից հետո շատ դժվար եմ ուշքի եկել: Ամենամեծ հաղթանակը երեխաներիս ծնունդն է:

Հավատո՞ւմ եք աստղագուշակին, եւգուշակություններին:

Հավատում եմ միայն Աստծուն:

Ամենաշատն ինչի՞ց եք վախենում:

Ինչպես ցանկացած բանական մարդ` Աստծուց:

Ո՞րն է Ձեր վատագույն սովորությունը:

Ուշ քնելը:

Ի՞նչ կենդանի եք սիրում, եւ ո՞ր հատկանիշի համար:

Արծիվ` վեհության, եւ շուն` նվիրվածության համար:

Ձեր ինչ-որ արարքի կամ ասածի համար զղջո՞ւմ եք, եւ հնարավոր է մինչեւ այժմ չեք ներում ձեզ դրա համար:

Զղջալը շատ է եղել, բայց այնպես չէ, որ չեմ ներում: Զղջում եմ ավելորդ էմոցիաների դեպքում ինձ հարազատ մարդկանց նեղացնելու համար: Քաղաքականության մեջ կուտակված էներգիան շատ դեպքերում ընտանիքի կամ ընկերների վրա է թափվում: Եղել են արտահայտություններ, որոնց համար զղջում եմ:

Ո ՞րն է Ձեր ամենառոմանտիկ հիշողությունը:

1996-ի մայիսի 11-ին կնոջս` Լիլիթի հետ առաջին ժամադրությունը:

Ինչպե՞ս համոզեցիք, որ Լիլիթը ձեր հետ ամուսնանա, ո՞նց գրավեցիք նրա սիրտը:

Ես չեմ համոզել, ինքը սիրել է, ես էլ եմ սիրել, սերը համոզելով չի լինում, սերը կամ լինում է, կամ չի լինում:

Ռոմանտիկ ընթրիք ձեր կնոջ համար պատրաստե՞լ եք:

Այո, ոչ միայն կնոջս, այլեւ երեխաներիս, մայրիկիս, եղբորս, մեր մեծ ընտանիքի  համար: Շատ լավ պատրաստում եմ ձուկ, մեկ էլ մի լավ կերակրատեսակ ունեմ, որ տարին երկու անգամ պատրաստում եմ` պղպեղի մեջ պանիր եմ լցնում եւ դնում ջեռոցում:

Ձեր կնոջ համար ի՞նչ խենթություններ եք արել:

Շատ խենթություններ եմ արել, բայց չէի ցանկանա դրանք ասել, բաներ կան, որ ինչքան էլ անկաշկանդ լինես, դրանք միայն քոնն են, անձնական են:

Կան փիլիսոփաներ, գրողներ, ովքեր ասում են, թե ամուսնությունը սպանում է սերը, ձեր դեպքում ինչպե՞ս է:

Ում մոտ չի ստացվել, ասում  են` սերը մեռնում է, իմ մոտ սերը միշտ զարգանում է եւ երեխաների հետ ավելի ամբողջական է դառնում:

Երեխաների  դաստիարակությամբ ինչքանո՞վ եք զբաղվում եւ ի՞նչ խրատներ եք տալիս:

Ես կարծում եմ, որ երեխաների դաստիրակությամբ միայն մայրիկը չպետք է զբաղվի, այլեւ հայրիկը: Վերջին տասնհինգ օրը եղել եմ երեխաների հետ, աղջիկս մեծ է, մենք լավ ընկերներ ենք, զրուցում ենք, երեխայի համար ամենակարեւորն այն է, որ իր հարցերին պատասխան տրվի, երբ դու նրան ասում ես` չի կարելի, նրա մոտ հարցականներ են առաջանում եւ պետք է նրա հետ նստես զրուցես:

Ձեր երեխաները ի՞նչ հարցերով են ձեզ «հալածում», որ չեք կարողանում պատասխաններ գտնել: Օրինակ` չեն հարցնում, թե կաղամբի թփից են իրենք դուրս եկե՞լ, արագիլն է բերե՞լ եւ այլն:

Այո, ամենատարբեր հարցերով, սկսած` ընտանեկան հարցերից, բայց ամենաշատը պապիկի մասին են հարցնում, ես երեխեքիս դաստիարակել եմ, որ Շարմազանով ազգանունը, որ կրում եմ, դա մեծ պատասխանատվություն է: Օրինակ` աղջիկս Մայքլ Ջեքսոնի սիրահար է, ինձ հարցեր էր տալիս, թե ի՞նչ եմ ես լսում, սիրո՞ւմ եմ Մայքլ Ջեքսոն, թե՞ ոչ:

Իսկ կան հարցեր, որոնց պատասխանները չեք գտնում:

Այո, իհարկե, ինչպես Ռուբեն Հախվերդյանն է ասում` ծուռ հարցեր շիտակ:

Իսկ անցյալ հրապուրանքներ ունեցե՞լ եք, մինչ ձեր կնոջ հետ հանդիպումը:

Երբ հանդիպել եմ  իմ կնոջը, եղել են 21 տարեկան, եւ կարծում եմ` ինչպես ամեն մի նորմալ տղամարդ մինչ այդ տարիքը, ես եւս ունեցել եմ հրապուրանքներ: Ես ինքս հրապուրվող եւ էմոցիոնալ մարդ եմ,  հիշում եմ, որ երբ մանկապարտեզում էի, պապիկիս ասացի` ուզում եմ մեր խմբի Կարինեի հետ ամուսնանամ, պապս էլ, թե բալա ջան,  հիմա փոքր ես,գնաս դպրոց, նոր կամուսնանաս:

Ընտանեկան վեճերը ի՞նչ թեմաների շուրջ են առաջանում:

Տարբեր, մանր-մունր, կենցաղային հարցերի շուրջ:

Իսկ օրինակ հարս-սկեսուր, փեսա-զոքանչ հարաբերությունների հետ կապված խնդիրներ չե՞ն առաջանում:

Չէ, մեր բախտը բերել է: Աստված իմ մորը աղջիկ չի տվել, բայց ինքը իր հարսի հետ շատ լավ է, մոր-աղջկա հարաբերություն է, թեեւ ասում են` այդպես չեն լինում, բայց այդպես է, երբեմն նույնիսկ երկուսով իրար հետ կոալիցիա են կազմում իմ դեմ:

Ինչպիսի՞ ապագա եք կանխատեսում Ձեզ համար:

Մարդ կանխատեսում է, Աստված տնօրինում:

Հաջողության հասնելու Ձեր բանաձե՞ւը:

Երբեք չհուսահատվել եւ լինել անուղղելի լավատես:

Ի՞նչ բացահայտում կանեք ձեր մասին:

Սովորական, ուրախ մարդ եմ, երգել եմ սիրում, պարել եմ սիրուն, ի՞նչ ասեմ:

Օրինակ` վերջին անգամ երբ եք պարել, ինչ երաժշտության ներքո եք պարում:

Քաղաքականության իմ ընկերների հետ մեր տունը շատ լավ կարաոկե դիսկ ունեմ, որտեղ մեր մանկության երգերն են: Տասը օրը մեկ տղաներով հավաքվում ենք մեր տուն, առավոտ մի լավ երգում ենք, պարում,, նոր ենք գալիս գործի: Ես այդպիսի կոմպլեքներս չունեմ, կարծում եմ, որ մարդ հարսանիքում պետք է ուրախանա, աշխատանքում` աշխատի:

Հայաստանում ի՞նչ կենցաղային բաներ կան, որ ձեզ նյարդայնացնում է:

Աշխարհում այնքան բաներ կան, որ բոլորիս նյարդայնացնում է, օրինակ` նյարդայնանում եմ, երբ տգետ մարդը իրեն դնում է պրոֆեսորի տեղ, ինձ նյարդայնացնում է մեծախոսությունը, անկրթությունը:

Ձեր կյանքի հեքիաթը:

Լինում է, չի լինում, NEWS.am է լինում, NEWS.am-ի հարցերին միշտ պատրաստ Էդուարդ Շարմազանովը եւ մեր հարգարժան ընթերցողները, որոնք ձեզնից լսում են լավ հարցեր, ինձնից` բարի պատասխաններ, իսկ իրենց էլ լավ պատմություններ եւ էմոցիաներ:

Մեր շարքին մասնակցող նախորդ պատգամավորը` ՀՀԿ-ական Կարեն Ավագյանը ձեզ հարցնում է, թե ի՞նչ կփոխեիք ձեր կյանքում:

Ոչ մի բան չէի փոխի, իմ կյանքում: Փառք Աստծո, ամեն ինչ նորմալ է, իմ խղճի հետ հանգիստ ապրում եմ, ոչ մի բան  չէի փոխի, երջանիկ եմ, որ ծնվել եմ այս աշխարհում, ես կյանքը շատ եմ սիրում, կյանքը ինձ շատ դաժան հարվածներ է հասցրել, դրա համար էլ ես կյանքի գինը շատ լավ գիտեմ, ոչ ապրելակերպը, ոչ ընկերներիս կփոխեի, ոչ մի բան, ես ինչ արել եմ, արել եմ իմ ընտրությամբ, կարող է` միանշանակ չեմ ընդունվել: Կարծում եմ`կարելի էր ոչ թե երկու, այլ 3-4 երեխա ունենալ:

Ձեր հարցը շարքին մասնակցող մյուս պատգամավորին;

Ի՞նչ է պետք մարդուն երջանիկ լինելու եւ ուրիշներին երջանկացնելու համար:

Նշենք, որ 37-ամյա Էդուարդ Շարմազանովը ավարտել է Խ.Աբովյանի անվան ՀՊՄԻ պատմա-աշխարհագրական ֆակուլտետի պատմության բաժինը, մանկավարժական գիտությունների թեկնածու է: Աշխաստել է ուսուցիչ,  ռեկտորի օգնական, դասախոս, վարչապետի օգնական եւ այլն, պատգամավոր է ընտրվել 2007թ: Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Ավելի վաղ NEWS.am-ը ներկայացրել էր հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի, Լեւոն Մարտիրոսյանի, Նաիրա Կարապետյանի, Հայկ Գրիգորյանի, Մարգարիտ Եսայանի, Գարեգին Նուշիկյանի, Հովհաննես Սահակյանի, Արտակ Զաքարյանի, Կարինե Աճեմյանի, Արտակ Դավթյանի, Սամվել Ֆարմանյանի, Շիրակ Թորոսյանի, Կարեն Ավագյանի, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի, Էլինար Վարդանյանի, Վահե ԷնֆիաջյանիՆաիրա Զոհրաբյանի, ՀԱԿ-ից Լյուդմիլա Սարգսյանի, Հրանտ Բագրատյանի, Գագիկ Ջհանգիրյանի,  «Ժառանգությունից»` Ռուբեն Հակոբյանի, Խաչատուր Քոքոբելյանի, Ալեքսանդր Արզումանյանի, ՀՅԴ-ից` Արծվիկ Մինասյանի հետ, Աղվան Վարդանյանի, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ:

Շարքը` Ինգա Մարտինյանի

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ