News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

«Բլից հարցազրույցներ ԱԺ պատգամավորների հետ» շարքի շրջանակներում NEWS.am-ը ներկայացնում է իր հերթական հարցազրույցը: Այս անգամ զրուցել ենք ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանի հետ:

Ո՞վ եք դուք եւ ինչպիսի՞ն եք:

Ես հայ եմ, կարծեմ՝ մի քիչ էլ խենթ:

Որտեղի՞ց եք գալիս եւ ո՞ւր եք գնում:

Որպես իմ ժողովրդի մասնիկ՝ ես եկել եմ դարերից եւ գնում եմ հաղթական դեպի դարերը նորից, դեպի վառվող ապագան:

Որո՞նք են ձեր ուժեղ եւ թույլ կողմերը:

Որքան ինձ ճանաչում եմ` եւ ուժեղ, եւ թույլ կողմս մարդասիրությունն է:

Եթե նորից ծնվեիք, ո՞ր դարաշրջանում եւ ո՞ր երկրում կցանկանայիք ապրել:

Կուզեի նորից ծնվել 1966թ  մարտի 10-ին, ապուպապերիս Կարին աշխարհի Սալաձոր գյուղում:

Ձեր հաջողության հասնելու գաղտնիքը ո՞րն է: Բացի Աստծուց եւ ընտանիքից` էլ ո՞ւմ եք շնորհակալ:

Շնորհակալ եմ ընկերներիս, որոնց սիրում եմ, ինչպես իմ անձը ,եւ հաջողության հասնելու գաղտնիքը իմ ընկերների վերաբերմունքն է իմ նկատմամբ:

Ձեր կյանքի ամենամեծ սխալը:

Դստերս չեմ կոչել մորս անունով:

Ինչո՞ւմ եք ձեզ ամենից շատ մեղադրում:

Թերեւս այն, որ չեմ ապրում իմ չքնաղ լեռնաշխարհում՝ Ջավախքում:

Ամենամեծ հաղթանակը եւ պարտությունը:

Հաղթանակս, թող մեծամիտ չհնչի, երկրորդ անգամ վերընտրվելս է որպես պատգամավոր, իսկ պարտությունս, երբ 1983թ Վրաստանի Շախմատի դպրոցականների առաջնությունում պարտվեցի ամենաթույլերից մեկին եւ զբաղեցրի 3-րդ տեղը:

Կարգախոս, ինչո՞վ եք առաջնորդվում կյանքում:

Աստվածաշնչյան ոսկե կանոնով՝ վարվիր դիմացինիդ հետ այնպես, ինչպես կուզեիր, որ քեզ հետ վարվեին:

Ո՞րն է ձեր կյանքի ամենահամարձակ քայլը:

Թերեւս քաղաքականությամբ զբաղվելը:

Ինչի՞ց եք հոգնում եւ ո՞ւմ եք օգնում:

Հոգնում եմ ես մանրաքանդակ պաղ խոսքերից, օգնում եմ, ով զգում է իմ կարիքը:

Ե՞րբ եք լռում:

Բնականաբար, շախմատ խաղալիս:

Ի՞նչը կարող է ձեզ ուրախացնել եւ տխրեցնել:

Ուրախանում եմ երեխաներիս ընդունակություններով, տխրում եմ, երբ կարկուտը ավերում է ծաղկած այգիս:

Ինչի՞ համար եք զղջում:

Զղջում եմ, որ հաճախ հավատացել եմ ուրացող եւ անազնիվ մարդկանց:

Ո՞ւմ կամ ի՞նչ եք սիրում եւ ատում:

Ես իմ անուշ Հայաստանի արեւահամ բարն եմ սիրում, ատում եմ քնածին սպանող տականքին:

Ինչի՞ց կամ ումի՞ց եք հիասթափվել:

Հիասթափվել եմ հունգարական անբարո գործարքից:

Ի՞նչը կարող է ձեզ հուսահատեցնել:

Հուսահատությունը իմը չէ:

Ի՞նչն է ձեզ զարմացնում եւ զայրացնում:

Շրջապատում տիրող անգրագիտությունն ու տգիտությունը:

Երբեւէ ամաչե՞լ եք ձեր արածի կամ ասածի համար:

Ամաչել եմ, երբ երեխա ժամանակ իմ գողացած կոնֆետների դատարկ տուփը մայրս չիմանալով դրեց մեր տան պատվարժան հյուրերի առաջ:

Ասում են՝ կոնֆետի գողը գող չէ, իսկ ինչպե՞ս եղավ ձեր դեպքում:

Ես տասներկու տարեկան էի, երբ առաջին անգամ մեր տուն եկավ ավագ եղբորս կինը: Եւ նա իր հետ բերել էր արտասահմանյան կոնֆետ՝ գեղեցիկ տուփով: Եւ վարպետորեն բացել էի տուփը, կերել շոկոլադները եւ փոխարենը պլաստիլին լցրել մեջը: Մի օր էլ մեր տուն եկան շատ պատվարժան հյուրեր, եւ մայրս որոշեց նրանց հյուրասիրել այդ յուրահատուկ եւ այդ թվականների համար չճարվող կոնֆետով:  Տուփը բացելուց հետո ամեն ինչ պարզ էր, ես փոշիացա...

Ձեր երջանկությունը ի՞նչ գույն ունի:

Իմ երջանկություը եռագույն է՝ կարմիր, կապույտ, ծիրանագույն:

Ո՞րն է ձեր ամենաթանկարժեք իրը եւ ի՞նչ նյութական հարստություն կցանկանայիք ունենալ:

Իմ ամենաթանկարժեք իրը հորիցս մասունք մնացած համեստ փողկապն է, իսկ նյութական հարստությունը կցանկանայի մի փոքրիկ խրճիթ ունենալ Վանա լճի Կտուց կղզում:

Ի՞նչ կցանկանայիք փոխել ձեր կյանքում:

Տարիքս, կցանկանայի գոնե կիսով չափ երիտասարդանայի:

Ի՞նչ էիք անելու այդ դեպքում:

Երեւի նույն բանը, բայց ավելի մեծ եռանդով, ավյունով:

Չիրականացած երազանք:

Դեռ չեմ բարձրացել Արարատի գագաթը:

Ֆոբիաներ:

Բարեբախատաբար, չունեմ:

Հպարտությունը:

Հպարտ եմ, բայց ոչ գոռոզամիտ:

Հոգսեր:

Ինչո՞վ ենք հարուստ...

Պարտականություններ:

Անթիվ, անհամար:

Անպատասխանատու արարք կամ հայտարարություն:

Միշտ եմ եղել զուսպ եւ չափի մեջ:

Անելանելի իրավիճակ:

Արժանապատվությամբ հաղթահարել եմ:

Վերջին անգամ ե՞րբ եւ ի՞նչ առիթով եք արտասվել:

Այս տարվա օգոստոսի 31-ին՝ երջանակահիշտական հորս ծննդյան օրը:

Նման պոետիկ ոգով մարդը ինչ է անում ԱԺ-ում եւ ինչպե՞ս է դիմանում ԱԺ-ում:

Իսկ ով է ասում, թե նման պոետիկ ոգով մարդիկ չպետք է լինեն ԱԺ-ում, չէ՞ որ ԱԺ-ն մեր ժողովրդի ցոլքն է: Այդեղ ինձ թվում է պետք են նաեւ մշակութային խառնվածք ունեցող մարդիկ, չեմ կարծում, որ իմ խառնվածքը խանգարում է քաղաքականությամբ զբաղվելուն ,չէ՞ որ երկու դեպքում էլ պետք է բարձր ինտելեկտ:

Դժվար չէ՞ պոետիկ ոգի ունենալ եւ քաղաքականությամբ զբաղվել:

Ամեն դեպքում, ես իմ մուսայի հետ ժամադրվում եմ ԱԺ-ից դուրս:

Իսկ ո՞վ է ձեր մուսան:

Իմ մուսան մենակությունն է եւ անշեջ կարոտս առ Ջավախք:  

Մոլախաղերում ամենաշատը ինչքա՞ն գումար եք պարտվել եւ հաղթել:

Եթե շախմատը համարենք այդպիսին, ապա մի քանի վերնաշապիկ եմ կրել, որոնց մի մասը դեռ չեմ էլ ստացել:

Կռիվների, վիճաբանությունների մասնակցել եք եւ քանի անգամ եք ծեծվել ու ծեծել:

Շատ եմ մասնկացել երեխա, պատանի եւ ուսանող ժամանակ, իսկ ծեծվելը նորից իմը չէ:

Վերջին անգամ ե՞րբ եք խոհանոցում ինչ-որ բան պատրաստել:

Խոհանոցում ես անճարակ եմ:

Ամենառոմանտիկ օրը:

Երբ սիրահարվեցի առաջին անգամ, երբ Էրոսը նետահարեց ինձ:

Ինչպիսի՞ն է ձեր ընտրյալը: Ինչո՞ւ հենց նրան ընտրեցիք:

Բարի, գեղեցիկ եւ առաքինի, որոնցով եւ պայմանավորված է ընտրությունս:

Անցած սերեր:

Սերե՞ր, թե՞ հրապուրանքներ, եղել են անշուշտ:

Հայտնի կանանցից գեղեցկության էտալոնը ձեզ համար ո՞վ է:

Լուսինե Զաքարյանը՝ իր անզուգական ձայնի եւ անմրցելի գեղեցկության զուգորդությամբ:

Ինչ խրատներ եք տալիս ձեր երեխաներին:

Չլինել երկչոտ, լինել ազնիվ եւ որոշում կայացնելու ընդունակ:

Երազ տեսա…

Երազ տեսավ...Թեհլերյանը Բաքու գնաց` զենքը ձեռին...

Երկնքից երեք խնձոր է ընկնում…

Երեքն էլ քաջաբազուկ այն հայ վրիժառուին, ով շանսատակ անի Սաֆարով կոչված բաշիբոզուկին:

Մեր շարքին մասնակցող նախորդ պատգամավորը` ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ձեզ հարցնում է, թե ի՞նչ է պետք մարդուն երջանիկ լինելու եւ ուրիշներին երջանկացնելու համար:

Բարեխղճություն, ազնվություն, ինչու չէ՞ նաեւ ինտելեկտ:

Ձեր հարցը շարքին մասնակցող մյուս պատգամավորին:

Ըստ ձեզ` ինչպես՞ եք ծառայում ժողովրդին՝ որպես ԱԺ պատգամավոր, եւ  արդյոք տեսնում ե թերություններձեր աշխատանքում: 

Նշենք, որ Տաճատ Վարդապետյանը ԱԺ-ում հնաբնակներից է, նա անկուսակցական պատգամավոր է` ՀՀԿ խմբակցությունից: Մասնագիտությամբ տնտեսագետ, ֆինանսիստ է, բայց նաեւ ստեղծագործում է: Աշխատել է տարբեր բանկերում, Վրաստանի առողջապահության եւ պետական ապահովության  միասնական ֆոնդում` առաջատար մասնագետ, «Կենտրոն» թաղապետարանում եւ այլն:

Ավելի վաղ NEWS.am-ը ներկայացրել էր հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի, Լեւոն Մարտիրոսյանի, Նաիրա Կարապետյանի, Հայկ Գրիգորյանի, Մարգարիտ Եսայանի, Գարեգին Նուշիկյանի, Հովհաննես Սահակյանի, Արտակ Զաքարյանի, Կարինե Աճեմյանի, Արտակ Դավթյանի, Սամվել Ֆարմանյանի, Շիրակ Թորոսյանի, Կարեն Ավագյանի, Էդուարդ Շարմազանովի, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի, Էլինար Վարդանյանի , Վահե ԷնֆիաջյանիՆաիրա Զոհրաբյանի, ՀԱԿ-ից Լյուդմիլա Սարգսյանի, Հրանտ Բագրատյանի, Գագիկ Ջհանգիրյանի  «Ժառանգությունից»` Ռուբեն Հակոբյանի, Խաչատուր Քոքոբելյանի, Ալեքսանդր Արզումանյանի, ՀՅԴ-ից` Արծվիկ Մինասյանի հետ, Աղվան Վարդանյանի, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ:

Շարքը` Ինգա Մարտինյանի

Տպել
Ամենաշատ