«Ստեփանակերտ» օդանավակայանը շահագործման հանձնելու տեղեկատվության վերաբերյալ որոշ մտորումներից հետո Ադրբեջանը որոշել է վախեցնել «TALYES» ընկերությանը, որը ղարաբաղյան կողմին ապահովել է սարքավորումներով:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Էլման Աբդուլաեւը լրագրողների հետ զրույցում ասել է, որ  մի շարք օտարերկրյա ընկերություններ  համագործակցում են Հայաստանի հետ` օդանավակայանը սարաքավորումներով հագեցնելու գործընթացում: «Այդ ընկերությունների թվում է նաեւ «TALYES»-ը: Ադրբեջանական կողմը կապ է պահպանում այդ ընկերության հետ եւ պահանջել  է անհապաղ դադարեցնել համագործակցությունը:

Եթե դա տեղի չունենա, Ադրբեջանը համապատասխան քայլեր կձեռնարկի»,-ասել է նա:Մեկնաբանություն ստանալու համար NEWS.am-ը դիմեց ԼՂՀ քաղավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանին: «Այո, Ստեփանակերտի օդանվակայանում նշված ընկերության  նավիգացիոն սարքավորումներն են տեղադրված: DVOR/DME սարքավորումը տեղադրվել է 2010 թ-ին»,-հայտնեց նա: Ավելին, ըստ Ադբաշյանի,  նշված սարքավորումը  կոչված է ծառայելու ոչ միայն  Ստեփանակերտի օդանավակայանին:  «Այն վաղուց է գործում»,-ճշտեց վարչության պետը: Դրանից օգտվում են Հայաստանի օդային միջանցքի վրայով թռչող օտարերկրյա օդանավերը: Կարող են օգտվել նաեւ ԼՂՀ սահմանի մոտով Բաքու թռչող ինքնաթիռները:Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչի «տեղեկացվածությունը» զարմանքի չի առաջացնում, որը  մեծ «նորություն» է փորձում ներկայացնել ոչ առաջին տարին գործող սարքավորման առկայությունը: Իսկ բոլորին  շանտաժի ենթարկելու փորձերը, ովքեր «կհամարձակվեն»  համագործակցել Հայաստանի եւ ԼՂՀ-ի հետ, արդեն զավեշտալի է դառնում: