News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

«Բլից հարցազրույցներ ԱԺ պատգամավորների հետ» շարքի շրջանակներում NEWS.am-ը ներկայացնում է իր հերթական հարցազրույցը: Այս անգամ զրուցել ենք «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանի հետ:

Եթե ձեզ խնդրեին, երեք նախադասությամբ բնութագրեիք ինքներդ ձեզ, ի՞նչ կասեիք:

Ինքս դժվար ինձ կբնութագրեմ: Ավելի լավ կլիներ հարցը ուղղեիք ինձ լավ ճանաչողներին: Մի բան կարող եմ ասել. ինձ համար անհանդուրժելի են սուտը, ստորաքարշությունը, շողոքորթությունը եւ նման այլ որակներն ու դրանք կրողները:

Ի՞նչ է կյանքը, այն իմաստ ո՞ւնի, թե՞ ոչ:

Կյանքը իմաստ ունի այն ժամանակ, երբ քեզնից հետո որեւէ դրական հետք ես թողնում` լինի դա առողջ ու պիտանի սերունդ կամ իմաստալից  գործեր:

Կյանքում ի՞նչ երբեք չեք անի:

Ինչն ինձ համար անհանդուրժելի է, չեմ արել եւ չեմ անի:

Պատգամավորներից շատերը, որպես իրենց կյանքի համարձակ քայլ նշում են քաղաքականությամբ զբաղվելը, իսկ դուք ո՞րն եք համարում ձեր կյանքի ամենահամարձակ քայլը:

Քաղաքականությամբ զբաղվելը, իրոք, համարձակություն է, մանավանդ մեր պայմաններում, ես համաձայն եմ:

Ինչի՞ համար եք ափսոսում: 

Ընդհանուր առմամբ ափսոսելու շատ բան չունեմ, եթե չմտնեի քաղաքականություն մի գուցե հնարավոր կլիներ զբաղվել բիզնեսով եւ հասնել ավելիին:

Ի՞նչ մեղքեր եք գործել: Եթե որեւէ մեղք չեք գործել, կարելի է եզրակացնել, որ Գրիգոր Նարեկացուց էլ սուրբ եք:

Երեւի թե կյանքում չկա մեկը ով մեղք գործած չլինի` փոքր կամ մեծ: Փոքր տարիքում պարսատիկով մի աղավնի եմ սպանել ու մինչեւ հիմա այդ տեսարանը չեմ մոռանում:

Կարո՞ղ եք մի պահ մոռանալ, որ պատգամավոր եք եւ որ ձեր հարցազրույցը կարդալու են հազարավոր մարդիկ, եւ մի անկեղծ խոտովանություն կամ ինքներդ ձեր մասին բացահայտում անեք:

Երեւի թե սա բացահայտում չէ, այլ ճշմարտություն, շատ եմ հավատում ու վստահում մարդկանց: Վերջին տարիները ցույց տվեցին, որ դա սխալ մոտեցում է, կյանքը փոխվել է, մարդիկ նույնպես, ինչի համար շատ եմ ափսոսում եւ ինչը շատ է ինձ մտահոգում, թեպետ մերձավորներս ասում են` «թեթեւ տար»:

Ի՞նչ կցանկանայիք փոխել այժմ  ձեր կյանքում եւ ձեր մեջ` թե արտաքինում, թե ներքին աշխարհում:

Կուզենայի վերականգվեին այն հարաբերությունները, որ կային մարդկանց միջեւ 90-ականներից առաջ` զուտ հարաբերությունների առումով: Ինձ հետ կապված՝ ցանկալի կլիներ, որ արտաքինս ու ներքնաշխարհս լինեին ավելի ներդաշնակ:

Սոկրատեսն ասում է` կյանքում կան շատ բաներ, որ ինձ պետք չեն: Ձեզ ի՞նչ պետք չէ:

Երեւի ավելի հեշտ ու ճիշտ կլինի ասել, թե ինչ է պետք: Ինձ պետք է իմ ընտանիքը, պետք են իմ ընկերներն ու բարեկամները, եւ այնպիսի միջավայր, որտեղ հնարավոր կլինի ապրել ազատ, ապահով ու անկաշկանդ, զերծ շրջապատող թշվառությունից:

Մեկ հետաքրքիր դրվագ կհիշեք ձեր մանկությունից, պատանեկությունից կամ ուսանողությունից:

Հետաքրքիր դրվագները ավելի շատ կապված են ուսանողական տարիների հետ: Պատմեմ մեր խենթություններից մեկի մասին:

Երրորդ կուրսում էինք, ապրում էինք երեք ընկերներով: Մի օր` ուշ երեկոյան, պատրաստվում էինք քնելու, ընկերներիցս մեկը շուտ պառկեց ու շատ շուտ քնեց: Մենք` երկուսով, հեռուստացույց էինք  դիտում: Քիչ անց իմ երրորդ ընկերը մի տհաճ, սուր հոտով իր դրեց քնած ընկերոջ բարձի տակ` գլխի հակառակ կողմում: Մի տաս-տասնհինգ րոպե անց  քնած ընկերս շրջվեց, անցավ էլի մի քանի րոպե սկսեց հոտոտել։ Հոտոտեց, հոտոտեց  ու վեր կացավ, ձեռքը տարավ բարձի տակ, հանեց իրը, դեն նետեց, մեզ հանդիմանեց, շրջվեց հակառակ կողմի վրա ու քնեց: Մենք մի զարթուցիչ ունեինք, որը այնպիսի անտանելի Էրեբունի-Երեւան էր նվագում, որ ուզեիր թե չուզեիր արթնանում ու վեր էիր կենում: Ահա այս զարթուցիչը լարեցինք, որ մի տասնհինգ րոպեից զանգը խփի ու նորից դրեցինք բարձի տակ` հակառակ կողմում: Տաս րոպեից ընկերս շրջվեց, եւս հինգ րոպե ու զարթուցիչը զնգաց: Սա վեր կացավ տեղից, բարձի տակից հանեց զարթուցիչը խփեց պատին ու կտոր-կտոր արեց, մեզ էլի՝ մեղմ ասած, հանդիմանեց, սթափության կոչ արեց, նորից շրջվեց ու քնեց: Անցան հերթական մի քանի րոպեները. վերցրինք շամպայնի շիշը, լցրինք շատ սառը ջրով ու դրինք նրա ոտքերի տակ: Էլի մի տասը րոպեից սա շրջվեց ու որ ոտքերը չկպան այդ սառը շշին, այնպես վեր թռավ ու...հետոն ինքներդ պատկերացրեք:

Ի՞նչ էիք երազում դառնալ մանուկ հասակում  եւ իրականացա՞ն ձեր երազանքները: եթե ոչ, ապա ինչո՞ւ:

Հաստատ չեմ երազել ոչ օդաչու, ոչ էլ տիեզերագնաց դառնալ, շատ բան չեմ երազել, ինչ էլ երազել եմ, համարյա թե իրականացել է: 

Տարիները, պաշտոնները ինչպե՞ս փոխեցին ձեզ, ի՞նչ նոր հատկանիշներ ձեռք բերեցիք կամ կորցրիք:

Աշխատանքային տարիներին ձեռք բերեցի փորձառություն ու նոր հմտություններ, սկսեցի մարդկանց ավելի լավ ճանաչել: Իսկ քաղաքականության մեջ գտնվելու տարիներին, ինձ համար բացահայտեցի մի նոր ճշմարտություն կամ մարդկանց երկու ծայրահեղ տիպեր` մեկը իրենց սկզբունքներին ու խոսքին  նվիրված, մյուսը՝ ճիշտ հակառակը (չեմ ուզում վատ բառեր օգտագործել): Այս երկրորդներին խղճում եմ:

Ո՞ւմ եք համարում հայ ագզի հայրեր:

 Հայկ Նահապետին, Արա Գեղեցիկին, Տիգրան Մեծին:

Ձեր սիրելի բանաստեղծները: Քանի՞ բանաստեղծություն անգիր գիտեք, որեւէ մեջբերում կհիշեք: 

Իհարկե Թումանյանը, Տերյանը, Չարենցը, Սեւակը եւ էլի: Դեռ դպրոց չէի հաճախում, բայց անգիր գիտեի Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի մեծ մասը:

«Հեյ պարոններ ականջ արեք թափառական աշուղին»..: Շատ խորն իմաստ ունի ու շատ արդիական է Թումանյանի «Պոետն ու մուսան» պոեմը, որը  գրվել է 1899 թվականին:  Շատ եմ կարդացել ու գիտեմ ռուս բանաստեղծներ Պուշկինի, Լերմոնտովի, Եսենինի ստեղծագործություններից: 

Ձեր սիրելի նկարիչները եւ կոմպոզիտորները:

Չեմ ուզում կոնկրետ անուններ տալ: Իրականում ինձ դուր են գալիս շատ նկարիչներ, սկսած իտալական վերածննդի ներկայացուցիչներից մինչեւ իմպրեսիոնիստներ ու սյուրռեալիստներ: Իհարկե նաեւ հայ ժողովրդի հանճարեղ ներկայացուցիչները` Այվազովսկի, Կոջոյան, Սարյան եւ այլք: Շատ եմ սիրում դասական երաժշտություն, սիրում եմ լսել Բեթհովենի, Մոցարտի, Բախի, հայ կոմպոզիտորներից` Սպենդիարյանի, Արմեն Տիգրանյանի, Արամ Խաչատրյանի, մեր ժամանակակիցներ Առնո Բաբաջանյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Էդվարդ Միրզոյանի (ի դեպ ցավակցում եմ մեծ կոմպոզիտորի հարազատներին), Կոնստանտին Օրբելյանի, Ռոբերտ Ամիրխանյանի եւ այլոց ստեղծագործությունները: Սիրում լսել լիվերպուլյան քառյակի`«Բիթլզ» խմբի, երգերը:

Վերջին անգամ ե՞րբ եւ ի՞նչ առիթով եք արտասվել:

1988թ.-ի երկրաշարժի օրերին:

Ի՞նչ ֆոբիաներ ունեք:

Ես ֆոբիաներով չեմ տառապում:

Ո՞րն է ձեր հպարտությունը:

Իմ ու իմ ընտանիքի բարի անունը:

Ի՞նչ հոգսեր ունեք:

Հոգսերը ավելի շատ ընտանեկան են ու կապված երեխաների հետ:

Ինչքա՞ն եք սպասել եւ սպասեցրել:

Չեմ սիրում սպասել ու շատ չեմ էլ սպասել: Եզակի է պատահում, որ ինձ սպասում են:

Ո՞րն է Ձեր վատագույն սովորությունը:

Չգիտեմ վատագույն է, վատ է, թե մի գուցե լավ է, բայց  քչախոս եմ:

Ի՞նչը կարող է ձեզ հուսահատեցնել եւ ինչպե՞ս եք հաղթահարում այդ պահերը:

Անարդար վերաբերմունքը ինչ-որ մեկի կամ ինչ-որ հարցի նկատմամբ, բայց դա երեւի ավելի շատ հիասթափություն է, քան հուսահատություն: Նման դեպքերում, եթե այլ ելք չկա, ինքս ինձ, երբեմն էլ շրջապատիս, ասում եմ՝ սա է իրականությունը, որից չես փախչի, ուրեմն ընդունիր այնպես ինչպես կա:

Ասում են` ուրախ կյանքը հետքեր չի թողնում, ձեր կյանքի տխուր օրերից:

Չեմ ասի, թե նման օրեր չեն եղել, եղել են ու միգուցե ոչ քիչ, բայց հատուկ ընդգծված օրեր կամ դեպքեր չեմ մտաբերում:

Ի՞նչ կորուստներ եւ ձեռքբերումներ եք ունեցել կյանքում: 

Երկու լավ ընկեր եմ կորցրել՝ ֆիզիկապես, նրանք իմ կյանքում կարեւոր տեղ էին գրավում: Ձեռքբերումները՝ դրանք իմ ընտանիքն ու իմ ընկերներն են:

Իսկական տղամարդը չի խմում ,չի ծխում, չի խաղում, «լեւի» չի գնում, երբեք չի վիճում  ու պարզապես գոյություն չի ունենում:  Նշվածներից ո՞րն եք անում կամ չե՞ք անում:

Մի անգամ գնացել էի բժշկի մոտ՝ սրտի պրոֆիլակտիկ ստուգման, բժիշկը, ավելի ճիշտ բժշկուհին՝ մի երիտասարդ կին, սկսեց գլուխը կախ հարցաթերթիկ լրացնել, հարցրեց խմում եք, ասացի քիչ՝ համարյա ոչ, ծխում եք, ասացի ոչ ու շարունակեց ինչ որ բան գրել, ասացի «բժշկուհի էլ հարցեր չունեք», գրիչը գցեց ու երկուսով մի լավ ծիծաղեցինք: Ձեր հարցերի առումով ժողովուրդը մի լավ խոսք ունի՝ «ամեն ինչ, չափի մեջ է գեղեցիկ»:

Անցած սերեր: 

Որեւէ լուրջ բան չի եղել:

Սեր խոստովանելու լավագույն ձեւը:

Թեթեւ բաները թողնենք մի կողմ:

Հայտնի կանանցից գեղեցկության էտալոնը ձեզ համար ո՞վ է:

Երբ անց են կացվում գեղեցկության մրցույթներ, ես զարմանում եմ, թե ինչպես են ընտրում լավագույնին, որովհետեւ նրանք բոլորն էլ գեղեցիկ են, ես կընտրեի նրանցից յուրաքանչյուրին կամ բոլորին միասին: Հենց այս փիլիսոփայությունից ելնելով՝ Ձեր հարցը ինձ համար կոնկրետ պատասխան չունի, կոնկրետ պատասխան չունի նաեւ այն հիմնավորմամբ, որ գեղեցկության չափանիշը հաճախ միայն արտաքին տվյալները չեն, մեծ դեր է խաղում նաեւ ներքին աշխարհը: Այնպես որ, ես կարծում եմ, կոնկրետ մեկին մատնանշելը սխալ է:

Ինչպիսի՞ն է ձեր ընտրյալը: Ինչո՞ւ հենց նրան ընտրեցիք:

Իմ կարծիքով յուրաքանչյուր նման ընտրության դեպքում մեծ դերը պատկանում է ճակատագրին, որին ես հավատում եմ ու գոհ եմ նրանից:

Ի՞նչ խրատներ եք տալիս ձեր երեխաներին:

Լինել ճշմարտախոս, ազնիվ ու շիտակ, լինել խոսքի տեր, միաժամանակ լինել ուժեղ՝ հոգով ու մարմնով:

Ընտանեկան վեճերն ի՞նչ թեմաների շուրջ են լինում:

Մեր ընտանիքում վիճելու լուրջ թեմաներ չեն լինում, դրանք ավելի շատ կենցաղային են:

Օրական ինչքա՞ն գումար է ձեզ անհրաժեշտ ընտանիքի հոգսերը հոգալու համար:

 Նման դեպքերում ասում են ինչքան շատ, այնքան լավ: Մեր վաստակածը մեզ բավարարում է:

Ասում են, թե  տղամարդը երգում է 3 դեպքում`երբ ամեն-ինչ վատ է` տխրությունից,երբ ամեն-ինչ լավ է` ուրախությունից եւ երբ ամեն-ինչ նորմալ է` ուղղակի ձանձրույթից: Դուք վերջին անգամ ե՞րբ եք երգել եւ ի՞նչ առիթով:

Ձեր նկարագրած ոչ մի դեպքում էլ չեմ երգել: Վերջերս գիշերով՝ միայնակ, մեքենայով Երեւանից գնում էի Վանաձոր, աչքերս փակվում էին։ Չէր օգնում նույնիսկ ռադիոյի բարձր երաժշտությունը, ճարահատյալ սկսեցի բարձր երգել, որը կարծես ինչ-որ չափով օգնեց:

Երազ տեսա…

Հարցը պետք է ուղղեիք մորս, ում երազները անվերապահորեն կատարվում են. լավը՝ լավ, վատի դեպքում էլ զգուշացնում է: Ես երազներ շատ եմ տեսնում, բայց դրանց նշանակություն չեմ տալիս:

Ձեր հարցը շարքին մասնակցող հաջորդ պատգամավորին:

Եթե ունենայիք կախարդական փայտիկ ու այն օգտագործելու մեկ հնարավորություն, ի՞նչ կանեիք:

Շարքին մասնակցող նախորդ պատգամավորը` ՀՀԿ-ից Արթուր Գեւորգյանը ձեզ հարցնում է, թե եթե հնարավորություն ունենայիք մեկ օրով զբաղեցնել ձեր երազանքների պաշտոնը, ո՞րը կլիներ դա։

Ես շատ կուզենայի լինել ազատ ու լավ արվեստագետ, ասենք՝ լավ նկարիչ կամ լավ քանդակագործ կամ լավ կոմպոզիտոր (կուզեք համարեք դա պաշտոն, թե մասնագիտություն, թե կոչում), որովհետեւ նրանցից յուրաքանչյուրը՝ ինքն իրենով, անկախ ուրիշներից, ու իր ներքնաշխարհին հատուկ, շոշափելի արդյունք ու արժեք է ստեղծում, որը ինքնաբավարարման, ինքնադրսեւորման ու ինքնաիրացման լավագույն ձեւն է:

Նշենք, որ Խաչիկ Հարությունյանը մասնագիտությամբ ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Երկար տարիներ աշխատել է մասնագիտությամբ` որպես ինժեներ, այնուհետեւ` «Հայանտառ» ՊՓԲԸ «Դսեղի անտառտնտեսություն» ԴՓԲԸ տնօրեն: Պատգամավոր է դեռեւս 2008թ, ամուսնացած է, ունի երկու երեխա:

Ավելի վաղ NEWS.am-ը ներկայացրել էր հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի, Լեւոն Մարտիրոսյանի, Նաիրա Կարապետյանի, Հայկ Գրիգորյանի, Մարգարիտ Եսայանի, Գարեգին Նուշիկյանի, Հովհաննես Սահակյանի, Արտակ Զաքարյանի, Կարինե Աճեմյանի, Արտակ Դավթյանի, Սամվել Ֆարմանյանի, Շիրակ Թորոսյանի, Հայկ Բաբուխանյանի, Սուքիաս Ավետիսյանի, Կարեն Ավագյանի, Էդուարդ Շարմազանովի, Տաճատ Վարդապետյանի, Սամվել Նիկոյանի, Ռուզաննա Մուրադյանի, Արթուր Գեւորգյանի ,ՕԵԿ-ից` Հեղինե Բիշարյանի, Կարեն Բոթոյանի. ԲՀԿ-ից`Տիգրան Ուրիխանյանի, Էլինար Վարդանյանի, Վահե Էնֆիաջյանի , Նաիրա Զոհրաբյանի, Գուրգեն Արսենյանի, Վահան Բաբայանի, Արմեն Ավետիսյանի, Բազմասեր Առաքելյանի, Միքայել Մելքումյանի, ՀԱԿ-ից Լյուդմիլա Սարգսյանի, Հրանտ Բագրատյանի, Գագիկ Ջհանգիրյանի, Արամ Մանուկյանի, «Ժառանգությունից»` Ռուբեն Հակոբյանի, Խաչատուր Քոքոբելյանի, Ալեքսանդր Արզումանյանի, ՀՅԴ-ից` Արծվիկ Մինասյանի հետ, Աղվան Վարդանյանի, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ:

Շարքը` Ինգա Մարտինյանի

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ