News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

«Բլից հարցազրույցներ ԱԺ պատգամավորների հետ» շարքի շրջանակներում NEWS.am-ը ներկայացնում է իր հերթական հարցազրույցը: Այս անգամ զրուցել ենք հանրապետական խմբակցության ղեկավար, պատգամավոր Գալուստ Սահակյանի հետ:

Երեք բառով նկարագրեք ձեզ:

Հանգիստ, զուսպ, վճռական:

Մանկական եւ ոչ մանկական չարաճճիություններ:

Չարաճճի չեմ եղել, բայց բանիմաց չարություններ շատ եմ արել, օրինակ՝ ստուգողական աշխատանք են հանձնարարել, չեմ գրել: Նախարարության կողմից շարադրություն էր, գարնան մասին էի գրել, գրել էի երկու նախադասություն, մեկ էին նշանակել, երբ երկրորդ անգամ էին ընթերցել, տեսել էին, որ այդ երկու նախադասությունը մի սքանչելի պատկեր է, եւ խոսքուզրույցի առարկա դարձավ, գնահատականս փոխարինվեց 5-ով: Ես շատ հնարամիտ եմ:

Որո՞նք են ձեր դրական եւ բացասական կողմերը:

Դրական եւ բացասական կողմեր չունեմ:

Լավ, իսկ ինչպիսի՞ն եք:

Աստծո զորությամբ:

Ոչ մի կերպ չեք՞ ցանկանում նշել ձեր առավելությունները եւ թերությունները:

Առավելությունս ակնհայտ է, հասարակությունը ճանաչում է ինձ, թերությունս այն է, որ չափից ավելի է ճանաչում:

Ձեր թուլությունը:

Թույլ եմ: Ուժեղները միշտ թույլ են:

Ձեր կարգախոսը:

Վատ մարդ չկա, կա վատ փոխհարաբերություն:

Ի՞նչ է քաղաքականությունը:

Քաղաքականությունը գործիք է, որը առաջ է տանում մարդկությանը:

Ինչի՞ց եք վախենում:

Ստորություններից:

Ձեր հանդեպ շա՞տ են ստորություններ արել, իսկ դուք սխալ քայլեր այլոց նկատմամբ արե՞լ եք, թե՞ ոչ:

Դժվար է ստորությունները որսալ, բայց հետեւանքները միշտ էլ եղել են, չեմ էլ փնտրել, թե որ կողմից է գալիս այն: Մարդը ինքը սխալական է:

Ու՞մ հանդեպ եք ձեզ մեղավոր զգում:

Ժողովրդի:

Ինչի՞, լավ չեք կատարել պատգամավորի առջեւ դրված խնդիրները:

Ես կարծում եմ, որ առավելագույնն եմ կատարել, բայց, միեւնույն է, ժողովրդի վիճակը ինձ անհասկանալի է դարձնում ժողովրդի մոտ:

Ո՞վ է մեղավոր:

Մեղավոր է ժամանակաշրջանը, պայմանները եւ ագզի, պետության, ամբողջ հայության վճռականությունը:

Ի՞նչի համար եք զղջում:

Զղջում եմ, որ ժամանակները այնպիսին էին, որ աշխարհում ինձ համար ամենաընդունելի մասնագիտությունը մինչեւ վերջ չտարա: Խոսքը ուսուցչության մասին է, ժամանակները պարտադրեցին, որ թողնեն մանկավարժությունը:

Չե՞ք կարծում, որ մանկավարժությամբ զբաղվելը ավելի աստվածահաճո գործ է, քան պատգամավոր լինելը:

Իհարկե, ճաշակի խնդիրն է, ամենամեծ գործը ուսուցիչ լինելն է:

Խմբակցության ղեկավար եք, երբեմն ձեր մեջի մանկավարժը չի՞ արթնանում եւ ցանկություն չի առաջանում տերթոդիկյան մեթոդներով դաստիարակել պատգամավորներին, փայտով խփել մատներին, անկյուն կանգնեցնել եւ այլն:

Պատգամավոր լինելը երբեք չի խանգարում, որ ուսուցիչ էլ լինեմ:

Ե՞րբ եք ստում:

Իհարկե, նաեւ կարելի է ստել, բայց կան բարի ստեր: Օրինակ` բարի սուտ է, երբ տեսքով անհաճո մարդուն համարում ես գեղեցիկ, որ ինքը իրեն լավ զգա:

Այսինքն, հաճախ, հաճոյախոսություններ եք շռայլում:

Յուրաքանչյուր մարդ իր ցանկությունները կոմպլիմենտի տեսքով է արտահայտում:

Ձեր կյանքի ամենամեծ սխալը:

Դեռեւս չեմ արել, բայց դժվար է չանել: Երբ ասում են` կուզեիք նորից սկսել ձեր կյանքը, պատասխանում եմ` ոչ, որովհետեւ այդքան համբերել եւ զուսպ մնալ շատ դժվար է:

Ձեր վատագույն սովորությունը:

Առանց ծխախոտի սուրճ խմելը:

Ի՞նչը կփոխեիք ձեր մեջ:

Բարությունը, երբեմն չարությունը ավելի շատ է ընդունելի հասարակությանը:

Ինչ-որ սկզբունքներ, որոնց ստիպված եք եղել դավաճանել:

Ես իմ գործունեության տերն եմ եղել, ինչ արել եմ, համոզմունքով եմ արել:

Գուշակների երբեւէ այցելե՞լ եք:

Ինձ երբեմն հենց գուշակ են ասում:

Ինչի՞, ո՞ւմ ապագան եք ճշտորեն գուշակել:

Հայաստանի, այն ինչ այսօր կա եւ նաեւ հետագան: Ապագայում կունենանք Հայաստան, որը պետության եւ հավերժության ամենակարեւոր գործոնը կդառնա աշխարհում:

Ո՞վ է ձեզ կյանքում հիասթափեցրել:

Դժվար է ինձ հիասթափեցնել, հենց փորձում են հիասթափեցնել, ես եմ իրենց հիասթափեցնում, անում եմ այն, ինչը հիմա անում եմ:

Կյանքում ինչ պարտություններ եք ունեցել:

Ամեն օր ինձ մեղադրում եմ պարտությունների մեջ, այնքան ժամանակ, քանի վերջնականապես չեմ հաղթել: Եթե իդեալներիդ չես հասել, ուրեմն` ամեն օր պարտվում ես, եւ պետք է պայքարես, որ հաղթես:

Ի՞նչն է ձեզ զայրացնում:

Անճշտությունները եւ սխալ խոսքը:

Ո՞վ է սխալ խոսում:

Ամբողջ օրը լրատվամիջոցներում սխալ խոսքեր, ոչ ճիշտ մեկնաբանություններ են:

Իսկ ձեր կոլեգաները սխալ չե՞ն խոսում:

Գիտեք, եթե համոզմունքով են խոսում, դա ես սխալ խոսք չեմ համարում: Իսկ եթե կեղծում են իրենց, ներկայանում ժողովրդի անձնազոհ բարեկամը, դա եւս սոտրությումն եմ համարում: Քաղաքական դաշտը այդպիսին է:

Տեսնում եք, անմեղ երեխաներին թողել եք, եկել «կեղտոտ» պատգամավորների հետ եք շփվում:

Ինչո՞ւ միայն պատգամավորները, քաղաքական դաշտի մարդիկ, նրանք էլ մեղավոր երեխաներն են:

Փողը, հարստությունը, պաշտոնները երբեւէ ձեր մեջ որեւէ բան փոխե՞լ են, ազդե՞լ են ձեր վրա:

Փող երբեք չեմ ունեցել, անընդհատ աշխատել եմ, կարողանում եմ այնքանով, ինչքանով վաստակում եմ, բնորոշել նաեւ իմ կյանքը: Այդ առումով ես ինձ համարում եմ եզակի առեղծված, ինձ վրա չեն ազդել նման բաները:

Իսկ շա՞տ եք վաստակում, թե՞ քիչ:

Ես մշտապես բարձր աշխատավարձներ եմ ստացել, նաեւ` իմ ուսուցիչ ժամանակ ամենաբարձր աշխատավարձն եմ ստացել հանրապետությունում:

Ի՞նչ բիզնեսներ ունեք:

Չունեմ, բայց շատ կցանկանայի ունենայի: Եթե ժամանակ ունենամ, բնականաբար նաեւ կաշխատեմ այդ ուղղությամբ: Կարծում եմ, որ ամենահանգիստ պայմանները բիզնեսով զբաղվելն է:

Ասում էին` «մաշռուկայի» գծեր ունեք, դա բիզնես չէ՞:

Ես պատասխանել եմ` գիծ ունեմ, բայց քաղաքական:

Հայաստանի պատմության մեջ լավագույն քաղաքական գործիչը ո՞վ է:

Հայաստանի պատմության մեջ լավագույն քաղաքական գործիչը ես եմ եւ այն մարդիկ, որոնց հետ մշտապես փորձել եմ ճանապարհ անցնել՝ Վազգեն Սարգսյան, Աշոտ Նավասարդյան, Անդրանիկ Մարգարյան, Սերժ Սարգսյան, Յուրի Բախշյան:

Լուսանկարներ:

Չեմ սիրում իմ նկարները տեսնել, նկարվել չեմ սիրում, այսինքն իմ ամբողջ գիտակցական կյանքը նկարներով հնարավոր չէ պատկերել:

Հիշողություններ:

Հիշողությունները ընդունում են, բայց հիշողություններին չեմ տրվում, որովհետեւ յուրաքանչյուր մարդ, երբ ետ է նայում հիշողություններին, ինքն իրեն դարձնում է առասապելական հերոս:

Դուք չե՞ք սիրում ձեզ դարձնել առասպելական հերոս:

Ոչ, ընդհանրապես չեմ սիրում հերոսանալ, բայց սիրում եմ հերոսներին:

Աշխարհի ամենալավ մարդը ո՞վ է:

Ես:

Ինչո՞վ եք լավ:

Մյուսներից տարբերվում եմ:

Իսկ ինչպե՞ս է ձեզ հաջողվում տարբերվել, որովհետեւ դուք մնացած քաղաքական գործիչներից տարբերվում եք ձեր արտահայտած մտքերով:

Դա Աստծուն պետք է հարցնենք, այդ հատկությունը ձեռքբերովի չէ:

Երջանկության ձեր բաղադրատոմսը ո՞րն է:

Հասարակությունից մեկուսացած երջանիկ մարդ չի կարող լինել: Երջանիկ է այն մարդը, ով ապրում է երջանիկ հասարակության մեջ:

Հիմա դուք երջանի՞կ եք:

Բնականաբար, ոչ ամբողջությամբ, որովհետեւ հասարակությունը բավականին լուրջ պրոբլեմներ ունի:

Ի՞նչ կցանկանայիք նվեր ստանալ ձեր ծննդյան օրը:

Արեւմտյան Հայաստանը:

Իսկ եղե՞լ եք այնտեղ:

Չէ, չեմ եղել, բայց իմ ընտանիքի անդամները հիմնականում առնչվել են:

Սիրելի գույնը, ծաղիկը:

Գույնը չեմ մտածել, ծաղիկը այն սպիտակ ծաղիկը, որը տարին մեկ անգամ նվիրում եմ կնոջս:

Ինչպիսի՞ն կցանկանայիք լինել:

Գալուստ Սահակյանի պես:

Հիացա՞ծ եք ձեզանով

Չէ, չեմ կարծոմ, որ հիացած եմ, սիրում եմ Գալուստ Սահակյանին, որովհետեւ ամեն օր հետը կռվում եմ, օրվա անցուցադրձի, երկրի օրերի, աշխարհից:

Հայելու առաջ:

Դուրս չեմ գալիս ինձ:

Ինչի՞, գեղեցիկ չեք:

Լրիվ չեմ արտահայտվում: Հայելին արտաքինն է միայն ցույց տալիս, ոչ ներքինը:

Պապիկի պարտականությունները ինչպե՞ս եք կատարում:

Թոռներս ցնծություն են ապրում, երբ տեսնում են ինձ: Խաղում եմ իրենց հետ, իրենց մակարդակին եմ իջնում, ձի-ձի եմ խաղում, հրամաններն եմ կատարում: Փոքր թոռնիկս` Ժասմինը, բավականին խելացի աղջիկ է, նրան սովորեցրել եմ ինձ հրամանները տալ, ես էլ սիրով կատարում եմ, օրինակ` ասում է, պապիկ, նստիր, չշարժվես, հեռուստացույցը անջատիր եւ այլն, այն, ինչ ինձ համար հաճելի է, ինքը զգում է եւ հրամայում:

Ո՞վ է ձեր ամենասիրելի թռոնիկը, կցանկանայի՞ք փոքրիկ Գալուստիկը ձեզ նմանվեր:

Ես թոռներիս ամբողջության մեջ եմ տեսնում, տղայի առաքելությունը այլ է, սուբյեկտիվ վերաբերմունք կա`իմ անուն, ազգանունն է կրում: Չէի ցանկանա ինձ նմանվեր, որովհետեւ նույն ճանապարհը պետք է անցներ, որը բարդ էր, բայց ինձ համար հաճելի է, չգիտեմ` իրենց համար հաճելի կլինի, թե ոչ:

Երե՞ս եք տալիս թոռներին:

Այո, ես պետք է երես տամ, ծնողները` դաստիարակեն:

Ձեր խենթություններից:

Ես բնավորությամբ խենթ եմ, օրինակ` հենց այս պահին խենթություն եմ անում` այս հարցերին պատասխանելով:

Ձեր կյանքի սերերը:

Վեցերորդ դասարանից եմ սիրահարվել, եւ հաջողության եմ հասել, ամուսնացել եմ:

Ինչպե՞ս է հաջողվել այդքան տարի պահպանել սերը: Սովորաբար, ասում են, թե ամուսնությունից հետո սերը մեռնում է:

Դրա համար միշտ կնոջս ազգականներին ասում եմ, որ դեռեւս այդ աղջկան ինձ չեք տվել, անընդհատ այդ սիրո ճանապարհին եմ:

Ձեր ընտրյալը` կինը:

Ինձ համար ամեն ինչ է:

Ձեր կինն էր լա՞վ սովորում դպրոցում, թե՞ դուք, ո՞վ էր ում օգնում ստուգողականներ գրելիս:

Ինքը ավելի լավ էր սովորում, քան ես: Ցանկացած առավոտ մեզ համար նոր երեւույթ է: Խանդոտ չեմ եղել, ծնողները իմացել են, դպրոցում, իմիջայլոց, ինքը միշտ ինձ վանում էր, երկար ժամանակ է պահանջվել, որ կարողացել եմ հաջողության հասնել: Մինչեւ այսօր էլ վանում է: որովհետեւ երբ մարդու ներաշխարհն ու սիրտը գիտես, վերաբերմունքը կշռելու խնդիրը վերանում է:

Ինչպե՞ս եք սեր խոստովանել նրան:

Չէ, դեռեւս չեմ խոստովանել, չգիտեմ երբ կխոստովանեմ, պարզապես սիրտը կարդացել եմ: Ինքն էլ չի սեր խոստովանել:

Գիտեմ, որ սաքսաֆոն եք նվագում, իր համար նվագո՞ւմ եք:

Առաջին անգամ նվագելուց հետո այնպես արեց, որ այլեւս չնվագեմ: Իր համար անընդունելի էր այդ ճանապարհով գնալը, մեր հասարակության մեջ դերասանը, երաժիշտը ավելի ազատամիտ մարդիկ էին համարվում, որը իրենց դուրը չի գալիս: Կարոտում եմ սաքսոֆոն նվագելուս տարիները, բայց հիշողություններով չեմ ապրում:

Կանայք ձեր աչքերով: Որո՞նք են հայ կանանց մեջ գլխավոր թերությունները:

Ես կին հասկացության մեջ առավելությունը տալիս եմ մորը, որ երեխա է դաստիարկում: Հայ կանաց գլխավոր թերությունը անթերի չլինելն է:

Ի՞նչը կփրկեր կյանքում հերոսին,թե չլիներ կինն ու գինին:

Հերոսները ընդհանրապես փրկություն չունեն:

Ձեր սիրելի գրողները եւ բանաստեղծները:

Հիմնականում Տերյանն է, դա իմ աղոթագիրքն է:

Վերջին անակնկալը, որ արել եք նրա համար:

Չեմ էլ պատրաստվում անել, որովհետեւ իմ ամբողջ օրը, էությունը, կյանքը անընդհատ անակնկալներ են, կինս դա զգում է:

Ձեր հոբբիները, գիտեմ, որ սիրում եք սպրոտով զբաղվել, կարատեի ուսուցիչ ունեք, զբաղվել եք կարատեով երկար ժամանակ, հիմա է՞լ եք զբաղվում կարատեով:

Կարատեով` այժմ ոչ, ընդամենը դրա վարժություներն եմ անում, դա արվեստ է: Ամռանը ամեն օր այցելում էի մարզասրահ, իսկ այժմ` շաբաթը երկու կամ երեք անգամ: Պարապում եմ կնոջս հետ միասին, ես ավելի շահագրգիռ եմ, որ կինս ավելի շատ պարապի, եւ նույնիսկ այն վարժությունները, որ ճիշտ չի կատարում, դա էլ է ինձ դուր գալիս, գեղեցիկ է իմ աչքին:

Կարատեի «պրյոմները» ԱԺ-ում ձեզ պե՞տք են գալիս, որպես խմբակցության ղեկավար կամ պատգամավոր:

Չէ, միջադեպեր չեն եղել, բայց սովորական մարդը չի կարող ինձ մոտենալ, կարող եմ պաշտպանվել: Իմ բնավորությունը ավելի հաշտեցնող, մարդկանց միասնականացնելն է, դրա համար բոլորը հաշվի են նստում դրա հետ:

Իսկ լրագրողները զգուշանա՞ն ձեզնից, որ վատ հարց տալու դեպքում կկիրառեք կարատռեի պրյոմները:

Լրագրողների հետ շատ լավ եմ աշխատում, նույնիսկ դիտողություն չեմ անում սուտ ու ճիշտ գրելու համար, մտային կարատեի եմ ենթարկում, երբ անձիս են վիրավորում:

Շարքին մասնակցող նախորդ պատգամավորը` «Ժառանգություն» խմբակցությունից Թեւան Պողոսյանը ձեզ հարցնում է, թե ի՞նչ է տիեզերքը Ձեզ համար:

Հայաստան:

Ձեր հարցը շարքին մասնակցող հաջորդ պատգամավորին:

Որտեղի՞ց եք գալիս եւ ո՞ւր եք գնում:

Նշենք, որ Գալուստ Սահակյանը մանսագիտությամբ բանասեր է: Աշխատել է Երեւանի մետաքսի կոմբինատում եղել է փականագործ, դպրոցում` ուսուցիչ, տնօրենի տեղակալ եւ այլն: 1995թ պատգամավոր է: Ամուսնացած է, ունի երկու երեխա, երեք թոռ:

Ավելի վաղ NEWS.am-ը ներկայացրել էր հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե ՀովհաննիսյանիԼեւոն ՄարտիրոսյանիՆաիրա ԿարապետյանիՀայկ ԳրիգորյանիՄարգարիտ ԵսայանիԳարեգին ՆուշիկյանիՀովհաննես ՍահակյանիԱրտակ ԶաքարյանիԿարինե ԱճեմյանիԱրտակ ԴավթյանիՍամվել ՖարմանյանիՇիրակ ԹորոսյանիՀայկ ԲաբուխանյանիՍուքիաս ԱվետիսյանիԿարեն ԱվագյանիԷդուարդ ՇարմազանովիՏաճատ ՎարդապետյանիՍամվել ՆիկոյանիՌուզաննա ՄուրադյանիԱրթուր Գեւորգյանի, ՕԵԿ-ից` Հեղինե ԲիշարյանիԿարեն Բոթոյանի. ԲՀԿ-ից`Տիգրան ՈւրիխանյանիԷլինար ՎարդանյանիՎահե Էնֆիաջյանի , Նաիրա ԶոհրաբյանիԳուրգեն ԱրսենյանիՎահան Բաբայանի,Արմեն ԱվետիսյանիԲազմասեր ԱռաքելյանիՄիքայել Մելքումյանի, ՀԱԿ-ից Լյուդմիլա ՍարգսյանիՀրանտ Բագրատյանի,Գագիկ ՋհանգիրյանիԱրամ Մանուկյանի, «Ժառանգությունից»` Ռուբեն ՀակոբյանիԽաչատուր ՔոքոբելյանիԱլեքսանդր Արզումանյանի, Թեւան Պողոսյանի, ՀՅԴ-ից` Արծվիկ Մինասյանի հետ, Աղվան Վարդանյանի, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ:

Շարքը` Ինգա Մարտինյանի

 

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ