News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

«Բլից հարցազրույցներ ԱԺ պատգամավորների հետ» շարքի շրջանակներում ներկայացնում ենք մեր հերթական հարցազրույցը: Այս անգամ զրուցել ենք «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր,  ԱԺ-ի հնաբնակներից Ռուբեն Գեւորգյանի հետ:

Սկսենք սկզբից: Ո՞վ եք դուք:

Ես ես եմ: Կյանքում առաջանում եմ իմ սեփական ոտքերով, խոսում եմ հայոց լեզվով, մտածում եմ հայավարի եւ գործում եմ հայավայել:

Հայելու առաջ, բնութագրեք ձեզ:

Տխուր, լռակյաց, շուտ բռնկվող, չհանդուրժող, անդավաճան, սիրող: Ես իմ դուրը գալիս եմ՝ որպես տղամարդ, սիրում եմ իմ տեսակը եւ հպարտ եմ իմ ապրած կյանքի ձեւի համար:

Ո՞րն է ձեր տեսակը:

Հասարակության մեջ ես ունեմ իմ տեսակը, դա Ծաղիկ Ռուբո տեսակն է: Ոչինչ չէի փոխի իմ մեջ, ունեցածս թերիների եւ դրականի համագումարով եմ ես` Ծաղիկ Ռուբոն: Այդ տեսակի մեջ մեծ դեր է խաղացել հորս կողմից ինձ հասցրած փեջի շշի տփոցները, շատ-շատ չար եմ եղել: Հորս գժի պես եմ սիրել, ինքը ինձ սարքեց  Ծաղիկ Ռուբո, ինչքան շատ էր ծեծում, էնքան շատ էի սիրում:

Հաշվի առնելով հումորի ձեր զգացումը եւ անկեղծությունը` կցանկանայի մեզ լուսավորեիք ձեր մականվան առաջացման մասին պատմությամբ: Ե՞րբ, որտե՞ղ եւ ինչպե՞ս են ձեզ կնքել «Ծաղիկ Ռուբո»:

Խորը ներս ունեցող, հոգում թախիծ եւ արցունք պարունակող, կյանքի դաժան եւ դառը փորձերով անցած, ուժեղ եւ հզոր մարդու մականուն, որը իմն է եւ որից երբեք չեմ հրաժարվի: Իմ բոլոր բանաստեղծությունների մեջ մտքերս ու խոհերս արտահայտել եմ ծաղկի միջոցով, այդտեղից էլ առաջացել է իմ մականունը:

Մեկ հետաքրքիր դրվագ կհիշեք մանկությունից:

Մանկապարտեզում, երբ տանում էին զբոսանքի, միշտ փախչում էի, եւ մորս համար, ով դաստիարակչուհիս էր, ստեղծում խնդիրներ: Այն ժամանակ մանկապարտեզի երեխաներին համատարած սպիտակ խալաթ էին հագցնում, բոլորը միանման էին, եւ որպեսզի մորս աչքից չվչիպեի, նա ինձ համար տանը սեւ խալաթ կարեց: Երեւույթը ասես սովորական էր, բայց թե ինչու ողջ կյանքս անցավ այդ սեւի մեջ՝ չգիտեմ:

 

Պարոն Գեւորգյան, մանուկ հասակում դուք է՞լ էիք երազում «լյոտչիկ» դառնալ:

Չէ, ես թռնողներից չեմ (ծիծաղում է)... Մինչեւ 11 տարեկանս երազում էի նավաստի դառնալ, իսկ 11-15-տ` սկսել էի ապրել այնպես, որպեսզի դառնայի օրենքով գող:

Հիմա դարձա՞ք օրենքով գող, թե՞ չդարձաք:

15  տարեկանում գիտակցեցի, որ հանցագործ մասը ինձ համար չէ, ես բարի եւ խղճով մարդ եմ: Այդպես էլ այդ երազանքս չիրականացավ, առաջին երազանքս ճակատագրի բերումով ստացվեց, 4 տարի ծառայությունս անց եմ կացրել Սեւծովյան ռազմական նավատորմում:

Ի՞նչ է կյանքը:

Ծնվել, ապրել, մեռնել, որը տեսնում եմ մի ամբողջության մեջ: Մահն էլ պետք է դիմավորես ապրածդ կյանքի տեսակին համահունչ:

Որո՞նք են մարդկային առաքինությունները:

Համեստություն, ազնվություն, խիղճ, պատիվ, խիզախություն:

Դրանցից ո՞րը ունեք ու ո՞րը չունեք:

Բոլորն էլ իմ մեջ կան: Համեստությունս բարձրացրել է իմ արժանապատվությունը, պատիվս կյանքից առավել թանկ է, հանուն նրա կարելի է զոհաբերել կյանքը: Ես ազնիվ մարդ եմ, եւ իմ ազնիվ լինելը միշտ էլ անհանգստացրել է իմ հանդեպ չարով լցված ստախոսներին եւ խաբեբաներին: Շատ խղճով մարդ եմ, որի պատճառով մենության մեջ ես իմ դուրը գալիս եմ: Խիզախությունը արյան բարձր տեսակ է, մարդու ազնվագույն արյան մասին է խոսքը:

Ի՞նչ թուլություններ ունեք:

Այս հարցը իմ վրայով չի:

Ո՞րն է ձեր ամենամեծ ձեռքբերումը եւ կորուստը:

Մինչ այսօր մարդկային արժեքներով ապրելաձեւից չշեղվելը, իսկ կորուստներս առնչվում են արյանս հետ՝ ծնողներիս, եղբորս, քույրիկիս, որդուս:

Թերթում ենք ձեր հիշողությունների գիրքը, ո՞րն է ձեր ամենաուրախ եւ ամենատխուր օրը:

Ուրախությունները տխրության պես միշտ լուռ եմ տարել, ուրախ պահերը չեմ հիշոմ, դրանք եկել եւ գնացել են: Կալանավայրում էի, երբ հայտնեցին որդուս, հետագայում՝ քույրիկիս մահը, Արցախյան պատերազմում զոհվեց եղբայրս, իսկ ծնողներիս մահը դժբախտության վերջին կաթիլն էր:

Արցախյան ազատամարտի մասնակից եք, ի՞նչը ձեզ տարավ ռազմի դաշտ, ի՞նչ թողեցիք այնտեղ եւ ի՞նչ բերեցիք այնտեղից:

Արյան տեսակը, հայրենիքի սերը: Ընտանիքից երկուսս էինք՝ ես ու եղբայրս, այնտեղ մնաց հերոս եղբայրս՝ Սամվելը՝ հազարավոր մեր քաջարիների հետ, իսկ այնտեղից մեր ժողովրդին բերեցինք հաղթանակ եւ հպարտություն:

Դուք նաեւ ստեղծագործում եք, ո՞վ է ձեր մուսան, ի՞նչ է գրելը ձեզ համար, ե՞րբ եք գրում եւ այլն: Հիմա ձեզ համար ձեր զենքը ձեր գրի՞չն է, թե՞ մանդատը:

Իմ ապրած կյանքը եւ լռությունը խեղդում է հոգիս, գրելով պարզապես ազատվում եմ այդ կապանքներից, իմ զենքը ես եմ՝ իմ ապրած կյանքի դառը եւ քաղցր ելեւէջներով:

Գրելը եւ քաղաքականությունը հակադիր չե՞ն իրար, ստեղծագործելը կարծես սուրբ գործ լինի, իսկ քաղաքականությունը` «կեղտոտ խաղ»:

Քաղաքականությունը բարդ ուսմունք է, շատերին՝ անհասանելի, պարզապես այն կեղտոտվել է կեղտոտ գործիչների մուտքով:

Ո՞վ է մերօրյա ուժեղ քաղաքական գործիչը:

Չկա, չեմ տեսնում, մեր երկրում քաղաքականությունը դարձել է բլեֆ:

Ձեր կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը եւս այդ դաշտում է:

Ոչ, նրա տեսակը ես նայում եմ առավել բարձր եւ ճերմակ դաշտում: Մարդ, որը կարող է իրենից կտրել եւ տալ ուրիշին, տարվել ժողովրդի եւ երկրի ցավով,  դա արդեն երկրի ճակատագրողի տեսակ է:

Կարգախոսը:

Ճանաչիր ինքդ քեզ, որ ճանաչես ազգիդ, զգա հոգուդ չափը, որ վիշտ չանես սրտիդ:

Ինչո՞ւմ եք ձեզ ամենաշատը մեղադրում:

Խղճիս անսահմանության եւ շուտ ներելու մեջ:

Ի՞նչ երբեք չեք արել եւ չեք անի:

Չեմ դավաճանի երբեք արյանս եւ հայրենիքիս:

Հանուն պաշտոնի կամ փողի ինչերի՞ եք պատրաստ:

Ես նյութի մարդ չեմ, հոգու մարդ եմ, ձեր թվարկածների նկատմամբ անհաղթահարելի հոգեկան ախտով չեմ տառապում: Եղել են պահեր, երբ փող չեմ ունեցել, ինձ մոտ փողերը եկել ու գնացել են, բայց չեղած պահերին էլ ինձ միշտ թվացել են, թե աշխարհի փողերը իմն եմ: Պաշտոնի մասով էլ կասեմ, որ ես ազատատենչ մարդ եմ:

Սիրո՞ւմ եք...

Սիրո համար ժամկետ չկա, դա ապրելու ցանկություն է:

Լռո՞ւմ եք...

Ավելի լավ է լռել, քան ասել ոչինչ:

Խղճո՞ւմ եք...

Խիղճը իմ հոգու դատավորն է:

Զղջո՞ւմ եք...

Արածներիս համար ոչ, չարածներիս համար՝ այո:

Հիասթափվո՞ւմ եք...

Հիասթափվելու ցավ եմ ապրում, որովհետեւ դա մտերիմների նկատմամբ առաջ եկող երեւույթ է:

Հուզվո՞ւմ եք...

Հաճախ, անգամ՝ անծանոթների համար:

Ատո՞ւմ եք...

Աշխատում եմ դիմացինին միշտ արդարացնել իմ մեջ, բայց որ ատեցի, ամբողջապես ոչնչացնում եմ իմ մեջից:

Ստո՞ւմ եք...

Սուտ խոսելը թուրք-ադրբեջանական սովորություն է, ես ատում եմ այդ ցեղատեսականերին, որոնք առաջացել են բռնությունների եւ բռնաբարությունների արդյունքից:

Հավատու՞մ եք...

Առանց հավատի կյանքը տաղտկալի է:

Ուզո՞ւմ եք...

Քանի դեռ ապրում ես, միշտ էլ ուզում ես:

Նախանձո՞ւմ եք:

Ուրիշի համար ապրող մարդը նախանձ լինել չի կարող:

Ձեր կյանքի մութ էջերից, օրինակ`ի՞նչ կապեր ունեք կրիմինալ աշխարհի հետ, ասում են` նույնիսկ երկար տարիներ ազատազրկման եք ենթարկվել:

Տասը տարի ազատազրկման մեջ գտնված եւ ճիշտ կյանքով ապրած մարդը ո՞նց կարող է կտրուկ կապերը խզել որոշ մարդկանցից, որոնք նույնպես ապրում են օրենքով եւ ճիշտ:Ճակատագրի բերումով ինձ բաժին ընկած այդ ժամանակաընթացքից եւ պատճառից երբեք չեմ փոշմանել:

Իսկ ո՞րն է պատճառը:

1980թ, խփել եմ եղբորս մահ պատճառելու ցանկությունը իրագործող մարդուն՝ փրկվելով եղբորս կյանքը, դատապարտվեցի տասը տարի ազատազրկման: Այդ մասին գիրք ունեմ գրած՝ «Դատապարտված դափնիներ»:

Հենց հիմա` այս հարցազրույցի շրջանակներում, կխնդրեի մեկ բացահայտում անեիք ձեր մասին, որ հիմա հանրությունը չի լսել, չգիտի:

Մարդ, որը քմծիծաղով է նայում աշխարհում: Քմծիծաղի մեջ ցավն էլ հետն է ծիծաղի:

Պարոն Գեւորգյան, դուք «կոպիտ» մարդու համբավ ունեք, գոնե լրագրողների շրջանում, դա նուրբ հոգին սքողելու ձեւ է, թե...:

Գուցե նրանք միայն դեմքիս լռության սարսափն են զգո՞ւմ, բայց թե ներսս ինչքան թախիծ, արցունք եւ քնքշանք կա, չգիտեն... ճանաչելու համար շփվել է պետք:

Ո՞րն է ձեր սիրելի զբաղմունքը:

Ազատ ժամանակ մտքերս թղթին եմ տալիս:

Ինչի՞ մասին եք գրում:

Այ սենց բաների...

Մի թքիր հոգուս մեջ, հոգիս թքաման չէ քեզ համար:

Այնտեղ աճում են ծաղիկներ` քեզ սիրող,

Սիրո մոմեր են վառվում քեզ համար

Մի թքիր, խնդրում եմ, թախիծ ու արցունք է իմ հոգում:

Հոգուս մեջ նստած ես հենց ինքդ,

Ինքդ քո վրա ես թքում:

Եւ այսպես շարունակ....Ձեր՝ Ծաղիկ Ռուբո:

Ո՞րն է երջանկության ձեր բանաձեւը:

Մինչ այսօր ապրել եմ ուրիշների համար:

Ի՞նչ ֆոբիաներ ունեք:

Վախենում եմ բարձրությունից: Աշխարհի հզոր եւ խելացի մարդկանց իննսուն տոկոսը բարձրությունից վախեցել են, Նապոլեոնը, Ստալինը, Չերչիլը ձեզ օրինակ:

Ինչի՞ց եք հոգնում:

Միապաղաղ կյանքից:

Ինչի՞ց եք սարսափում:

Արյան դավաճանությունից: Արյանս չդավաճանելը իմ առողջ հիվանդությունն է: Իսկ արյանը դավաճանելը մաստերի դասակարգմամբ ամենավերջին մաստը:

Առաջին սիրո խոստովանությունը, ե՞րբ եւ ինչպե՞ս եղավ: Ո՞րն է սեր խոստովանելու լավագույն ձեւը:

Լռությամբ եմ տարել եւ լռությամբ էլ նայելով աչքերին՝ հասկացրել եմ, որ սիրում եմ քեզ, իսկ նա արձագանքել է, իմ կինն է եղել:

Ձեր ընտրյալը, ինչպիսի՞նն է նա, կբնութագրեք:

Կիրթ, համեստ, առաքինի,դաստիարկված, կես հայացքից ինձ հասկացող եւ բոլոր դժվարություններս, ցավերս ինձ հետ ապրած անձնավորություն:

Իսկական տղամարդը չի ծխում, չի խմում, լեւեի չի գնում, չի վիճում եւ պարզապես գոյություն չունի: Ի՞նչ ակսեք:

Ինձ նման բան մի հարցրու, ես լուրջ մարդ եմ: (ծիծաղում է )

Ասում են, թե տղամարդը երգում է 3 դեպքում`երբ ամեն-ինչ վատ է` տխրությունից, երբ ամեն-ինչ լավ է` ուրախությունից եւ երբ ամեն-ինչ նորմալ է` ուղղակի ձանձրույթից: Դուք վերջին անգամ ե՞րբ եք երգել եւ ի՞նչ առիթով:

Ես չեմ երգել երբեք, բայց տխուր պահերին սիրտս իր նվագն է նվագել:

Նվագիր, իմ սիրտ, նվագիր

Բաբախումներդ դիր ստեղներրին,

Հնչյուներդ հոգուցս արցունք թող պոկեն,

Կաիթլ-կաթիլ տան ամբողջ աշխարհին:

Նվագիր, նվագիր, նվագիր, անվերջ նվագիր:

Երգով մորմոքիր ցավերը ներսիդ,

Նվագիր, իմ սիրտ, նվագիր

Նվագիր տխուր հնչյունը երգիդ:

Սիրելի գույնը եւ եղանակը:

Սիրում եմ աշունը, ինչ վերաբերում է գույնին, ապա սեւը՝ հագուստի ընտրության մեջ, դեղինը՝ բնաշխարհի:

Շարքին մասնակցող նախորդ պատգամավորը` ՀՀԿ-ից Գալուստ Սահակյանը ձեզ հարցնում է, թե որտեղի՞ց եք գալիս եւ ո՞ւր եք գնում:

Գալիս եմ ես շատ վերեւից եւ գնում եմ մի աշխարհ, ուր ուղղորդում են ինձ էլի վերեւից:

Այժմ, ձեր հարցը շարքին մասնակցող մյուս պատգամավորին, որը ինչպես դուք, այնպես էլ ես, չգիտենք, թե ով կլինի:

Այս կյանքում քո գոյությունը արժեւորվա՞ծ ես համարում:

Նշենք, որ Ռուբեն Գեւորգյանը մասնագիտությամբ ճարտարապետ-շինարար է, Արցախյան ազատամարտի մասնակից է, եղել է Երեւանի Դավթաշեն համայնքի ղեկավար: Պատգամավոր է դեռեւս 1999թ: Հայաստանի գրողների միության անդամ է, 5 գրքի հեղինակ: 

Ավելի վաղ NEWS.am-ը ներկայացրել էր հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե ՀովհաննիսյանիԼեւոն ՄարտիրոսյանիՆաիրա ԿարապետյանիՀայկ ԳրիգորյանիՄարգարիտ ԵսայանիԳարեգին ՆուշիկյանիՀովհաննես ՍահակյանիԱրտակ ԶաքարյանիԿարինե ԱճեմյանիԱրտակ ԴավթյանիՍամվել ՖարմանյանիՇիրակ ԹորոսյանիՀայկ ԲաբուխանյանիՍուքիաս ԱվետիսյանիԿարեն ԱվագյանիԷդուարդ ՇարմազանովիՏաճատ ՎարդապետյանիՍամվել ՆիկոյանիՌուզաննա ՄուրադյանիԱրթուր Գեւորգյանի, ՕԵԿ-ից` Հեղինե ԲիշարյանիԿարեն Բոթոյանի. ԲՀԿ-ից`Տիգրան ՈւրիխանյանիԷլինար ՎարդանյանիՎահե Էնֆիաջյանի , Նաիրա ԶոհրաբյանիԳուրգեն ԱրսենյանիՎահան Բաբայանի,Արմեն ԱվետիսյանիԲազմասեր ԱռաքելյանիՄիքայել Մելքումյանի, ՀԱԿ-ից Լյուդմիլա ՍարգսյանիՀրանտ Բագրատյանի,Գագիկ ՋհանգիրյանիԱրամ Մանուկյանի, «Ժառանգությունից»` Ռուբեն ՀակոբյանիԽաչատուր ՔոքոբելյանիԱլեքսանդր Արզումանյանի,Թեւան Պողոսյանի, ՀՅԴ-ից` Արծվիկ Մինասյանի հետ, Աղվան Վարդանյանի, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ:

Շարքը` Ինգա Մարտինյանի

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ