News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

«Բլից հարցազրույցներ ԱԺ պատգամավորների հետ» շարքի շրջանակներում NEWS.am-ը ներկայացնում է իր հերթական հարցազրույցը: Այս անգամ զրուցել ենք «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանի հետ:

Պարոն Խաչատրյան, ձեր գործընկերները վստահ են, որ ամենահետաքրքիր բլից հարցազրույցներից մեկը ձեզ հետ կստացվի: Կմասնակցե՞ք մեր շարքին:

Ոչ, այդքան չեմ կարող ստել: Իսկ լրիվ անկեղծ լինելու համար էլ տարիքս թույլ չի տալիս:

Մեր շարքին մասնակցելու համար սուտ խոսելը պարտադիր չէ, կարող եք կիսով չափ սուտ խոսել:

Տեսնում եմ, կարդում եմ, հետեւում եմ պատասխանողներին:

Տեսնենք ինչ կստացվի: Լյովա Խաչատրյան` մարդ…

Մարդը դու ես, ես պատգամավոր եմ:

Փաստորեն  պատգամավոր լինելը հակասո՞ւմ է մարդ լինելուն:

Այսօր այդպես է ստացվում:

Ի՞նչ հատկանիշներ ունեք. առավելություններ, թերություններ, թուլություններ…

Դուք պետք է ասեք, այսքան տարի է` քաղաքականության մեջ եմ, կողքից ավելի լավ է երեւում:

Քաղաքականությունը ի՞նչ է, կսահմանե՞ք;

Ամենաշահավետ բիզնեսը ոմանց համար:

Իսկ ձեզ համա՞ր:

Ինձ համար դուք սահմանեք:

Ինչպիսի՞ մանուկ էիք:

Ժիր ու սիրունիկ:

Ո՞վ է ձեզ այդպես խաբել:

Լենին պապին:

Ի՞նչ էիք երազում դառնել մանուկ ժամանակ եւ ի՞նչ եք դարձել:

Ինչ եմ դարձել, գիտեք: Պաժառնիկ էի երազում դառնալ: Պաժառնիի հայաթում էի ապրում:

Ի՞նչի չդարձաք «պաժառնիկ»:

Նոր տուն ստացանք, տեղափոխվեցինք, հեռու գնացինք:

Պատգամավորի բակ տեղափոխվեցի՞ք:

Դե տարբերություն չկա աշխատող պատգամավորի եւ հրշեջի մեջ: Նմանությունն այն է, որ երկուսն էլ հրատապ խնդիրներով են զբաղվում:

Ձեր հաջողության հասնելու գաղտնիքը ո՞րն է:

Աշխատասիրությունը եւ ազնվությունը:

Ձեր կյանքի ամնամեծ սխալը:

Պետք է անկեղծանամ եւ ասեմ` վերադարձս Հայաստան:

Զղջո՞ւմ եք այդ քայլի համար:

Չեմ զղջում, բայց դրսում շատ բանի էի հասել:

Ինչո՞ւմ եք ձեզ ամենաշատը մեղադրում:

Արդեն ասացի, որ վերադարձա Հայաստան:

Այստեղ էլ քիչ բանի չեք հասել, վա՞տ է, պատգամավոր եք:

Երբ անունը կա, ամանումը` չկա, իսկ այնտեղ եւ այն կար, եւ՝ մյուսը:

Ապարանցի լինելը առավելությո՞ւն է, թե՞ թերություն, գուցե առանձնահատկությո՞ւն Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելու համատեքստում:

Ինչպես գեներալի դեպքում են ասում, հիմա էլ ապարանցի լինելը կոչում չէ, առավելություն է: Ապարանցի լինելը ինձ շատ է օգնել կյանքում, մասնավորապես` ապարանցու հատկանիշները` ազնվությունը,պարզությունը,վախ չունենալը:

Ապարանցիների մասին անեկդոտներ պատմելիս չե՞ք նեղվում:

Չէ, ես ինքս եմ շատ անեկդոտներ հորինում եւ պատմում:

Դե պատմեք, վերջին անկեդոտը ապարանցիների մասին:

Մեկը գալիս է Ապարան, մարդ է ման գալիս, հարցնում է` էսինչի տունը որտեղ ա, ասում ա` նստի տանեմ: Համոզում է, տանում հասցնում տեղ, ասում է` էս ա տունը: Էս մարդը մտնում է, թե բա, արա էսօր ձեր ապարանցիներից մեկին հարցրեցի` որտեղ ա ձեր տունը, մինչեւ չնստա ուսին, չբերեց ցույց տվեց, էդ էլ թե` հլը մի նստի գնանք տենանք` էդ ով էր:

Հայաստանի լավագույն քաղաքական գործիչն ո՞վ է:

Երբ քաղաքական դաշտը ձեւավորվի, կորոշենք:

Ինչի՞ց եք հոգնում եւ ո՞ւմ եք օգնում:

Օգնում եմ որքան հնարավոր է օգնության կարիք ունեցողներին, եթե հնարավորություններս ներում են: Հոգնում եմ դատարկությունից:

Ե՞րբ եք լռում:

Երբ ասելիք չունեմ:

Ո՞ւմ կամ ի՞նչն եք սիրում եւ ատում:

Սիրում եմ իմ հողն ու ջուրը, դրա համար էլ վերադարձել եմ ակունքներ:

Ովքե՞ր են ձեզ դավաճանել:

Նման բաներ չի եղել;

Իսկ դուք ո՞ւմ եք դավաճանել:

Ես նույնպես սուրբ չեմ:

Ստո՞ւմ եք:

Մասամբ (Ծիծաղում է-NEWS.am):

Ի՞նչը կարող է ձեզ հուսահատեցնել:

Ոչինչ,շատ բան եմ տեսել կյանքում, ոչ մի բանից էլ չեմ հուսահատվում:

Ի՞նչն է ձեզ զարմացնում եւ զայրացնում:

Ինձ զարմացնում է, երբ փորձում են խաբել ինձ, դա շատ դժվար է:

Իսկ դուք կարողանո՞ւմ եք տեղը տեղին խաբել:

Չէ, ինձ թույլ չեմ տալիս, դա փոքր մարդու գործ է:

Ձեզ երջանիկ զգո՞ւմ եք:

Որքանով հնարավոր է, փորձում եմ պիտանի լինել իմ հող ու ջրին:

Ձեր հպարտությունը:

Որ հայ եմ եւ ապարանցի:

Դուք Ձեզնից գո՞հ եք:

Ոնց կարելի է նման բան ասել, միշտ էլ կան չարած, չհասցրած գործեր, երազանքներ:

Հոգսեր:

Չեմ հասցնում բոլոր ծրագրերն իրագործել, բոլոր դիմողներին բավարարել:

Կարո՞ղ եք մի այնպիսի բացահայտում անել ձեր մասին, որ բոլորի բերանը բաց մնա:

Ես բաց բերաններից խուսափում եմ: (ծիծաղում է-NEWS.am):

Ֆոբիաներ:

Ապարանցուն ի՞նչ վախ: Իսկական տղամարդը նա է, ով գիտի վախն ինչ է, ոչ թե վախենում է: Ես գիտեմ` վախն ինչ է, վախն այն է, որին պետք է պատրաստ լինել:

Հոբբիներ:

Ավանակների նկարներ եւ արձաններ եմ հավաքում, հավաքածու ունեմ:

Հետաքրքիր է, այդ հոբբին մինչեւ ԱԺ գնալն ունեի՞ք, թե՞ գնալուց հետո սկսեցիք հավաքել:

Միշտ էլ սիրել եմ, հավաքել եմ, նաեւ պատգամավոր ընկերներից շատ նվերներ եմ ստացել: Սովորություն ունեմ, ով ինձ ավանակի արձան է նվիրում, իր անունով էլ կոչում եմ:

Եւ ո՞ւմ անուններով ավանակների արձաններ ունեք:

Կգաք մեր տուն, կկարդաք, կիմանաք, լիքը ծանոթներ կգտնեք: Նույնիսկ եղել են դեպքեր, երբ ընտանիքով վիճել են,թե ում անունը պետք է դրվի:

Կա՞ն հայտնի քաղաքական գործիչներ, գործարարներ, որոնց անուններով  ավանակների արձաններ կգտնենք: Չե՞ն նեղացել:

Այո, կան, չէ, չեն նեղացել, ինչի՞ պիտի նեղանան,նվիրողները հիմնականում հումոր ունեն:

Եթե հնարավորություն ունենայիք մեկ օրով զբաղեցնել ձեր երազանքների պաշտոնը, դա ո՞րը կլիներ:

Մարդ պաշտոնը:

Անցած սերեր:

Ինչպես բոլորը:

Ինչքա՞ն:

Մեկ:

Ո՞վ է կինը, կսահմանե՞ք:

Սենտիմենտալ բաներից չեմ ուզում խոսել:

Աֆորիզմն ասում է` ամեն դեպքում` ամուսնացիր, եթե բախտդ բերի, երջանիկ ընտանիք կկազմես, չբերի՝ փիլիսոփա կդառնաս: Դուք կարո՞ղ է այդ աֆորիզմին եք հետեւել եւ ուզում եք փիլիսոփա դառնալ:

Ես փիլիսոփա ծնվել եմ:

Ինչպիսի՞ն պետք է լինի ձեր կողքի կինը, ասեք չափանիշմներին, գուցե այս հարցազրույցի միջոցով գտնենք:

Նման կազմակերպություններ շատ կան, հավես ունենամ, կդիմեմ: Որտեղի՞ց իմանամ` ինչպիսին պետք է լինի, չունեցած բանի մասին ո՞նց կարող եմ իմանալ: Իմանայի, ամուսնացած կլինեի:

Հանուն սիրո կամ սիրելիի ինչի՞ եք պատրաստ:

Կարո՞ղ եմ լռել:

Սեր խոստովանելու լավագույն ձեւը ո՞րն է:

Եթե իմանայի, մինչեւ հիմա խոստովանած կլինեի էլի:

Փաստորեն, չե՞ք խոստովանել:

Ապարանցին ասում ա` կոպես կուգա:

Ցանկանո՞ւմ եք ամուսնանալ, թե՝ ոչ:

Դա հա՞րց է, թե՞ առաջարկ:

Հարց:

Նորից չկպավ:

Ծխախոտ, խմիչք եւ «լեւի» գնալ:

Ծխում էլ եմ, խմում էլ եմ, իսկ «լեւի» հասկացությունը առկա է այն դեպքում, երբ կա «պռավի» հասկացությունը: Ես ամուսնացած չեմ:

Գիշերային ակումբներ եւ կազինոներ:

Վերջին տասը տարին Հայաստանում` ոչ:

Իսկ մինչեւ այդ տասը տարին:

Եղել են, տարեկան մի քանի անգամ արտերկրում գնում էի հանգստանալու:

Հանգստանալու կազինոններո՞ւմ:

Նաեւ կազինոներում:

Խոհանոցում սպառո՞ղ եք, թե՞ պատրաստել էլ գիտեք:

Ամեն ինչ կարող եմ պատրաստել, ավելի քան 20 տարի ինքս ինձ համար պատրաստել եմ ձմեռվա ցրտին, ամառվա շոգին:

Սիրելի գույնը:

Ծիրանագույն:

Սիրելի բանաստեղծությունը:

Մանկական գրածներս:

Հիմա չե՞ք գրում:

Չէ, հիմա կարդում եմ:

Ո՞ւմ կամ ի՞նչ եք կարդում:

ԱԺ օրենսդրական նախաձեռնությունները եւ օրենքները:

Վերջին կարդացած գիրքը կհիշե՞ք:

Չէ, դեպուտատն ի՞նչ գործ ունի գիրք կարդա, որ հիշի;

Բա ինչի՞ հետ գործ ունի պատգամավորը:

Օրենքների:

Բայց այդ օրենքները գրելու համար մեկ-մեկ պետք չէ՞ գիրք կարդալ;

Մասնագիտական գրքեր:

Իսկ գեղարվեստական գրքե՞ր:

Վաղուց չեմ կարդացել: Վերջին անգամ կարդացել եմ հիանալի բանաստեղծությունների ժողովածու` «Ծաղկած փշերն իմ հոգու», հեղինակը` Ծաղիկ Ռուբո:

Ինչի՞ թողեցիք գրելը եւ ե՞րբ:

Երբ մանուկ հասակից մի փոքր առաջ գնացի եւ հասկացա, որ անհեթեթություններ եմ գրել:

Ձեր ներշնչանքի աղբյուրը ո՞րն է:

Վարդապետի աղբյուրը:

Մեր շարքին մասնակցող նախորդ պատգամավորը` ԲՀԿ-ից Մարտուն Գրիգորյանը ձեզ հարցնում է, թե արդյոք համամի՞տ եք Սողոմոն իմաստունի հետ, ով ասել է, թե ամեն բան անցողիկ է:

Սողոմոն իմաստունը մատանի ուներ, որի մի մասում գրած էր` ամեն ինչ անցողիկ է, երբ բարկանում էր, կարդում էր մատանու վրայի գրածն ու հանգստանում, մոռանում էր բարկությունը: Մի անգամ շատ է բարկանում եւ կարդալով գրածը` այն չի անցնում, մատանին շպրտում է եւ հանկարծ նկատում է, որ մատանու ներսի մասից էլ է բան գրած` դա էլ կանցնի: 

Ձեր հարցը շարքին մասնակցող հաջորդ պատգամավորին:

Ինչքանո՞վ է նա անկեղծ եղել իր պատասխաններում, ո՞ր մասն է ստել:

Նշենք, որ 57-ամյա Լյովա Խաչատրյանը մասնագիտությամբ ճարտարագետ-մեխանիկ է, աշխատել է Աստրախանի (ՌԴ) երկաթբետոնեկոնստրուկցիաների գործարանի գլխավոր տնօրեն: Պատգամավոր է ընտրվել դեռեւս 2007թ, ամուրի է:

Ավելի վաղ NEWS.am-ը ներկայացրել էր հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի, Լեւոն Մարտիրոսյանի, Նաիրա Կարապետյանի, Հայկ Գրիգորյանի, Մարգարիտ Եսայանի, Գարեգին Նուշիկյանի, Հովհաննես Սահակյանի, Արտակ Զաքարյանի, Կարինե Աճեմյանի, Արտակ Դավթյանի, Սամվել Ֆարմանյանի, Շիրակ Թորոսյանի, Հայկ Բաբուխանյանի, Սուքիաս Ավետիսյանի, Կարեն Ավագյանի, Էդուարդ Շարմազանովի, Տաճատ Վարդապետյանի, Սամվել Նիկոյանի, Ռուզաննա Մուրադյանի, Արթուր Գեւորգյանի, Գալուստ Սահակյանի, ՕԵԿ-ից` Հեղինե Բիշարյանի, Կարեն Բոթոյանի. Խաչիկ Հարությունյանի, ԲՀԿ-ից`Տիգրան Ուրիխանյանի, Էլինար Վարդանյանի, Վահե Էնֆիաջյանի, Նաիրա Զոհրաբյանի, Գուրգեն Արսենյանի, Վահան Բաբայանի, Արմեն Ավետիսյանի, Բազմասեր Առաքելյանի, Միքայել Մելքումյանի, Ռուբեն Գեւորգյանի (Ծաղիկ Ռուբո), Մարտուն Գրիգորյանի, ՀԱԿ-ից Լյուդմիլա Սարգսյանի, Հրանտ Բագրատյանի, Գագիկ Ջհանգիրյանի, Արամ Մանուկյանի , «Ժառանգությունից»` Ռուբեն Հակոբյանի, Խաչատուր Քոքոբելյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Թեւան Պողոսյանի, ՀՅԴ-ից` Արծվիկ Մինասյանի հետ, Աղվան Վարդանյանի, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ:

Շարքը` Ինգա Մարտինյանի

Տպել
Ամենաշատ