News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

«Բլից հարցազրույցներ ԱԺ պատգամավորների հետ» շարքի շրջանակներում NEWS.am-ը ներկայացնում է իր հերթական հարցազրույցը: Այս անգամ զրուցել ենք Հանրապետական խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանի հետ:

Ո՞վ եք դուք եւ ինչպիսի՞ն եք:

Բարդ հարց եք տալիս, կարծում եմ` սովորական հայ մարդ:

Մանկության կամ պատանեկության տարիներից ի՞նչն է ամենաշատը տպավորվել ձեր մեջ:

Մեր հողը եւ կանաչի հոտը, դաշտերի հոտը:

Կարոտո՞ւմ եք:

Այո:

Իսկ ինչի՞ չմնացիք այնտեղ:

Կարոտը սուրբ զգացողություն է, բայց դա միակը չէ:

Այսինքն, կարոտը սուրբ զգացողություն է, բայց պաշտոնը ավելի՞ թանկ է:

Չէի ասի այդպես, երբ ես եկա Երեւանում, մտքովս չի էլ անցել, որ պետք է պաշտոնյա դառնամ, եկել էի սովորելու:

Իսկ ինչի՞ սովորելուց հետո չվերադարձաք հայրենիք:

Այնպիսի մասնագիտություն եմ ստացել,որ Երեւանում կարող էի աշխատել:

Ե՞րբ կվերադառնաք, եւ կվերադառնա՞ք մի օր, թե՞ ոչ:

Հայրենիք ասվածը Շիրակ աշխարհն է, բայց պապերիս հայրենիքը Մշո դաշտն է:Շատ եմ երազում Մշո դաշտում լինել: Ամեն ամիս այցելում եմ հայրիկիս եւ մայրիկիս գերեզմանին, եւ եթե ինչ-որ մի ժամանակ ուշացնում եմ,չգիտեմ, դժվար եմ քնում: Չեմ վերադառնա Շիրակ աշխարհ, Երեւանում արդեն իմ արմատներն ունեմ գցած:

ԱԺ-ի ամենատարիքով պատգամավորն եք, դրա առավելություններն ու թերությունները:

Ոչ մի առավելություն չունի: Ընդամենը կյանքի պահ է, համընկել է, որ ես 66 տարեկան եմ եւ ամենավագն եմ, դրանից ոչ մի բան չի փոխվում:Ամենավագ լինելը պարտավորություն է  դնում քո վրա, պետք է ամենազուսպը, ամենահավասարակաշռվածը, ամենաբարին լինես, ավագի խորհուրդ պետք է ունենաս, ոչ թե անտրամաբանական քայլեր եւ կեցվածք, պետք է կարողանաս երիտասարդներին օգտակար լինես քո խոսքով, վարքագծով, կենասափորձով:

Օրինակ` ԱԺ-ի երիտասարդ պատգամավորները ձեզ դիմո՞ւմ են խորհուրդներով եւ ի՞նչ խորհուրդներ եք տալիս նրանց:

Միշտ չէ, որ երիտասարդները ինձ դիմում են: Ուշիմ երիտասարդների մեծամասնությունը ամեն մի ելույթից հետո մոտենում է ինձ, ասում է` խնդրում եմ` ձեր կարծիքը ասեք, եթե շատ լավն է, ասում եմ` շատ լավն է, եթե ինչ-որ բաներ այն չի արել,ասում եմ` առանձնանանք, զրուցենք, որպեսզի ուրիշների ներկայությամբ չասեմ այն, ինչ իրեն պետք է ասեմ:

Եւ ավելի հաճախ առանձնանո՞ւմ եք, թե՞...:

Նաեւ առանձնանում ենք բոլոր նրանց հետ, ում շատ սիրում եմ, եւ լավ երիտասարդներ են:

ԱԺ-ում հնաբնակներից եք, ԱԺ-ում «երկարակեցության» գաղտնիքները կբացահայտե՞ք:

Ասեմ ձեզ: Ամենաերկարակյացները 2-3ն են, խորհուրդ կտայի, իրենց մոտենաք հարցնեք: Որպես կիսաերկարակյաց, պետք է ասեմ, որ պիտի փորձես լինես ոչ միայն օրենսդիր, դա առաջին պայմանն է, այլեւ պետք է արդարացնես ներկայացչական մարմնի անդամ լինելը հանրության հետ հարաբերվելիս, մարդկանց լսելիս: Եւ ամենակարեւորը` ծայրահեղություններից հեռու մնալն է:

Ձեր աշխատանքային գործունեության մեջ ե՞րբ եք «ձուկը ջրում զգացել»:

Գործադիրում: Երկար տարիներ տեղական իշխանության մարմիններում եմ աշխատել, մարդկանց հետ շփվելու այլ դաշտում եմ, ես դրանից եմ մեծ հաճույք ստացել: Հիմա ինձ մոտենում են ոչ թե որպես լավագույն  պատգամավորներից մեկին, այլ որպես նախկին թաղապետ, գործկոմի նախագահ, իրենց ջերմությունը այդտեղից է գալիս: Գործադիրում շատ ավելի արդյունավետ եմ աշխատել, այստեղ տարիներիս կուտակած փորձը,  հմտությունը, մարդկային կերպարն է աշխատել:

Ինչո՞ւ է այդպես, գուցե դո՞ւք եք մեղավոր:

Չգիտեմ, երեւի ես` որպես պատգամավոր, այնքան չեմ արժանացել սիրո եւ վերաբերմունքի, ինչքան նախկին աշխատանքներիս դեպքում:

Իսկ ո՞րն է ձեր երազանքների պաշտոնը:

Երջանիկ պապիկինը: Մի ամբողջ օր դժվար է այս պաշտոնին լինել, մի քանի ժամ եմ ձգում:

Ձեր առավելություններից:

Պարտաճանաչությունը:

Թերություններից:

Շատ, չափից դուրս ուշադիր եւ պահանջկոտ լինելը քո եւ դիմացինների նկատմամբ:

Ձեր կյանքի ամենամեծ սխալը:

Երեւի մասնագիտության ընտրությունը: Կարծում եմ իմ կոչումը արվեստաբան լինելն է, ափսոսում եմ դրա համար: Հայրս դեր խաղաց, որ ընտրեցի Ճարտարագետ-էլեկտրամեխանիկի մասնագիտությունը: Հայրս, մայրս տեխնիկական կրթություն ունեն, ենթադրում էին, թե ես լավ ինժեներ կլինեմ, թեեւ լավագույններից մեկն էի ժամանակին, բայց էությամբ, զգացողությամբ արվեստի, հատկապես` գեղարվեստի մեծ սիրահար եմ:

Մանուկ հասակում ի՞նչ եք երազել դառնալ:

Ենթադրում էի, թե կդառնամ ամենալավ ուսուցիչը, չդարձա:

Ձեր կյանքի ամենահամարձակ քայլը:

Գոնե մի անգամ հիշել 96թ, երբ ամբողջ իշխանական մեքենան փորձում էր ինձ վտարել ամեն ինչից, բայց ես պայքարով հաղթեցի:19 հազար ձայն էի ստացել, ինձ ասում էին` դու օպոզիցիա ես, չպետք է ընտրվես թաղապետ, ես պնդեցի եւ անցա:

Ձեր խոցելի կողմերը:

Դյուրահավատ եմ:

Կյանքից ստացած ամենակարեւոր դասը:

Լինել չափի մեջ:

Հիշողությունների գիրքը, ամենալավ եւ վատ օրերը:

Ամենալավ օրը երեւի երեխաներիս ամուսնության օրն էր, առաջին թոռնիկիս գրկելու օրը: Ամենավատը, երբ իմացա հորս մահվան գույժը:

Թշնամիներին եւ հակառակորդներին  ունե՞ք:

Հակառակորդներ ունեմ, բայց թշնամիներ կարծես թե չէ: Հակառակորդները մարդիկ են, ովքեր հակադիր բանակում են, եւ գաղափարական տարաձայնություններ ունենք:

Սկզբունքներ, որոնք խախտել եք, եւ որոնք երբեք չեք խախտի:

Ամենակարեւորը չդավաճանելն է, եթե մարդը մի անգամ դավաճանեց, էլի կդավաճանի:

Ձեզ դավաճանե՞լ են եւ ովքե՞ր:

Երեք դեպք է եղել, երբ հիասթափություն ես ապրում ընկերոջիցդ, պարզվում է,որ դա շահի կամ օգուտ ստանալու նպատակով է եղել, հիասթափությունը սարսափելի է: Իմ այդ երեք ընկերները այժմ չկան, նրանք հանրությանը ոչ այդքան անհայտ մարդիկ էին:

Տխրությունը եւ ուրախությունը ո՞ւմ կերպարով են ձեզ այցելում:

Ուրախությունը` թռոնիկների կերպարով, տխրությունը՝   91-94թ, 95թթ կերպարով, երբ օրական տասնյակ երիտասարդ դիակներ էինք ընդունում, դաժան էր:

Դուք ձեզ երջանիկ մարդ զգո՞ւմ եք, կատարյալ երջանիկ լինելու համար ի՞նչ է ձեզ պակասում:

Կատարյալ երջանիկ ասվածը վերամբարձ է, այդպես հնարավոր չէ, երջանիկ պահեր լինում են, եթե դրանք անընդհատ լինեն, երջանկությունը լիարժեք չես էլ ըմբոշխնի:

Ի՞նչ կփոխեիք ձեր մեջ կամ եթե նորից ծնվեիք...

Անպայման մի քիչ բոյով կուզեի լինել, կպարտադրեի ծնողներիս, որ գազար շատ կերակրեն. որ ես մի քիչ ավելի բոյով լինեի: Հիմա թոռնիկներս, որ բոյով են, ուրախանում եմ, պապին չեն քաշել:

Ի՞նչն է ձեզ զարմացնում եւ զայրացնում:

Զարմացնում է անտարբերությունը, զայրացնում անփությունն ու անտարբերությունը:

Ինչի՞ց եք հոգնում եւ ո՞վ է ձեզ կյանքում օգնել:

Ընկերներս օգնել են՝ Միքայել Հակոբյան, Վիլեն Կարապետյան, Արսեն Մինասյան, Ալեքսան Կիրակոսյան, Զուլում Գրիգորյան, Հրանտ Թադեւոսյան, Ռազմիկ Դավոյան, Ֆրունզիկ Դովլաթյան եւ այլք: Հոգնում եմ տխուր ու անիմաստ միջավայրից:

ԱԺ-ում նման միջավայրում հայտնվո՞ւմ եք:

ԱԺ-ում միջավայրն անընդհատ ինչ-որ բանով լցվում է, առավել եւս, վերջին ԱԺ-ն ավելի քաղաքականացված է, հորանջելու ժամանակ կարծես թե չէ:

Նախկինում կա՞ր:

Ով որ հորանջել շատ է սիրում, կար:

Դուք սիրո՞ւմ էիք հորանջել, թե՞ ոչ:

Ես չպետք է ասեմ, դիտորդները պետք է ասեն, այնպիսի տեղ եմ նստում, որ անընդհատ բոլորի աչքի առաջ եմ:

Ձեր կյանքի ամենամեծ պարտությունը եւ հաղթանակը:

Պարտությունը այն է, որ չկարողացա փրկել պրոֆեսոր Հենրիկ Հարությունյանի կյանքը: Առաջինը ինձ էր զանգել գիշերվա 4-ին, ես էլ բժիշկ էի կանչել, չկարողացանք փրկել: Ընդամենը 54 տարեկան էր, ափսոս, սարսափելի էր: Հաղթանակը նույն դեպքից երկու օր հետո էր` մայիսի 9-ին Շուշիի հաղթանակը: Այդ օրերին իմ մեջ աներեւակայելի հաջողությունը եւ դժբախտությունը համատեղվում էին:

Ի՞նչ սենսացիոն հայտարարություն կարող եք անել հենց հիմա` այս հարցազրույցի շրջանակներում:

Դեռեւս չեմ ծերացել:

Բայց դա բոլորը գիտեին:

Բոլորը գիտեն, որ ամենածերը ես եմ:

Սիրելի գույնը:

Որդան կարմիրը:

Սիրելի կենդանի:

Նժույգը:

Հոբբիներ:

Սպորտասեր եմ, շախմատ, ֆուտբոլ եմ սիրում, քչերից մեկն եմ մեր ընտանիքի, ով ոչ թե «Բարսելոնային» եմ բալետ անում, այլ «Ռեալին», ըստ որում` ես ու թոռնուհիս իրար հետ մենակ ենք այդ հարցում, մնացածները «Բարսելոնային» են երկրպագում:

Ինչպե՞ս եք դիմակայում նրանց:

Ինչպես «Ռեալն» է «Բարսելոնային» դիմակայում,մեկ մեկ է խփում, բայց բեկ-բեկ է խփում:

Հաճախա՞կի եք գալիս Ծիծեռնակաբերդ քայլելու:

Ամեն օր բոթասներով եւ սպորտային հագուստով 1-1,5 ժամ քայլում եմ, դա դրական ազդեցություն է ունենում իմ առողջության եւ կենսակերպի վրա: Այստեղ կա մաքուր օդ, ուժեղ էներգետիկ դաշտ: Թոռնիկներիս, կնոջս կամ ընկերներիս հետ գալիս եմ զբոսանքի, ընկերներիցս ամենահաճախակին` Արտակ Դավթյանի հետ:

Զբոսնելիս մտածո՞ւմ եք, զրուցո՞ւմ եք, թե՞…:

Թոռնիկներիս հետ զրուցում եմ, եթե իրենց հետաքրքրող հարցեր կան, պատասխանում եմ, ես իրենց առօրյայից եմ հարցնում: Օրինակ` Մկրտիչ Մինասյան  կրտսերի հետ մի քանի օր առաջ խոսում էինք սովետական համակարգի առավելությունների եւ թերացումների մասին: Մյուս թոռնիկս` Արսենը, խոստացել է ավագ դպրոցում առնվազն հարվածային լինել, եթե կատարի խոստումը, բոնուս ունի ստանալու, նախորդ տարի ինձ հետ Իսպանիա եմ տարել, այո տարի Կիսլովոդսկ կտանեմ, այն սանատորիան, որտեղ գնում եմ հանգստանալու:

Ինչի՞ եք պատրաստ հանուն սիրո եւ ինչի՞ չեք պատրաստ:

Ես պոետ չեմ, որ ասեմ ինքնազոհության: Առանց սիրո անհնար է կյանքում որեւէ բան: Հանուն սիրո պատրաստ չեմ ափսոսալ:

Կանայք…ինչպիսի՞ն են նրանք եւ ինչպես կարելի է գրավել նրանց սիրտը:

Կանանց սիրտը կարելի է գրավել գեղեցիկ խոսքով եւ բարեկիրթ  վարվեցողությամբ:

Դուք այդպե՞ս եք գրավել:

Երեւի, եթե գրավել եմ:

Առաջին սիրո խոստոսվանություն:

Ինչպես սովորաբար լինում է, առաջին սերը միշտ կուտ է գնում, այդպես էլ եղել է:

Անցած սերեր...

Անցած կյանքեր, անցած սերեր, անցած եւ եկող ժպիտներ, հայացքներ, մտորումներ, խոհեր, կյանքի հարստություն:

Իսկ ձեզ սիրո խոստովանություններ արե՞լ են:

Իհարկե արել են, հնարավո՞ր է` իմ նման մարդուն գոնե մեկը սիրո խոստովանություն արած չլինի:

Խենթություններ, որոնք արել եք կանանց համար:

Եթե պետք է անելուց հետո մտածես,որ խենթություն ես արել, ուրեմն խենթություն չես արել:

Ամենառոմանտիկ օրը:

Հարսանիքիս  օրը:

Բնութագրեք ձեր ընտրյալին: Ի՞նչը չեք սիրում նրա մեջ եւ ի՞նչն եք սիրում:

Համով բաներ է պատրաստում, երեխեքին հոգնեցնում է կերակրելով, եթե չեն ուտում, կռից է սարքում, ինձնից ձեռ է քաշել, ես ուտելու հետ հավես չունեմ, խաշած բրինձ եմ ուտում, հեշտ պահվող ամուսին եմ: Կինը պետք է կանացի եւ քնքուշ լինի:

Ձեր զոքանչը կենդանի է. մի բան կպատմեք նրանից:

Չէ, հա, խորը թաղել ենք, հումորով, գյումրեցի կին էր: Ես իրան զոքանչո էի ասում` իբր իտալերեն, ոչ անունն էի տալիս, որ էլ մայրիկ էի ասում: Զոքանչո էս բեր, էն բեր…:

Տան հոգսերից որո՞նք են ձեր վրա, օրինակ` շուկա գնալ,աղբը թափել, հաց գնել եւ այլն:

Ոչ մեկ, սննդի հետ կապված որոշ իրեր իրենք են գնում, բայց տան կահույք, զարդարանք ես եմ անում:

Հոբբիներ:

Գեղանկարչություն եմ շատ սիրում: Ես չեմ նկարում, դեռ չեմ համարձակվում նկարվլ, 5 տարուց կլրանա մեծ նկարչության հետ առաջին հանդիպմանս 50 տարին, դրանից հետո գուցե փորձեմ նկարել:

Սովորաբար, ավագ սերնդի ներկայացուցիչները միշտ վատ կարծիքի են եկող սերնդի մասին եւ ամեն օր նրանց դասախոսություններ են կարդում «Մարդ լինելու շարքից, բա մենք էդպիսի՞ն էինք» եւ այլն:

Հազար տարի առաջ էլ էր նույն պատմությունը: Այստեղ ես տարբերվում եմ, չեմ ասում սերունդը վատն է, բայց պետք է իմանանք, որ առանց ետ նայելու առաջ գնացողը հաստատ սխալվում է:

Ամենաթանկարժեք իրը, որ ունեք:

Նկարներս, դրանք ինձ համար անգին են:

Օրը քանի՞ տուփ եք ծխում, ամենաշատը ինչքա՞ն կարող եք խմել եւ ի՞նչ եք նախընտրում խմել` օղի, գինի, եւ մոլախաղերում ինչքա՞ն գումար եք պարտվել եւ հաղթել:

Արդեն 6-րդ տարի է` չեմ ծխում, 40 տարի ծխել եմ, այդ հիմարությունը արել եմ, հիմա ես շնորհակալ եմ իմ ընկերներից մեկին` Արա Բաբլոյանին, որ բացատրեց, թե ինչ ահավոր մոլություն է դա: Նախընտրում եմ միայն դառը կարմիր գինի, երբեք չեմ խաղացել:

Իսկ գիշերային ակումբներ եւ խաղատներ այցելե՞լ եք:

Չէ, ես նորմալ մարդ եմ, ի՞նչ գործ ունեմ այնտեղ:

Աննորմալնե՞րն են այնտեղ գնում:

Եթե իմ տարիքի մարդը գնում է նման տեղեր, ուրեմն աննորմալ է: Ես կուսակցական բարձրագույն պաշտոններ վարած մարդ եմ, նման բաները մեր ժամանակներում համարվում էր անպետքություն եւ կատեգորիկ դատապարտվում էր: Իշխանավորը իրավունք չուներ նման ցոփ կյանք վարեր:

Ինքներս ձեզ ի՞նչ կհարցնեիք:

Թե ինչու այդքան ժամանակ առողջությունս վատնեցի դատարկ բաների վրա, օրինակ` ծխելը, ժամանակի զգացողությունը կորցնելը, առողջությանը չհետեւելը, մյուսը չեմ ուզում ասել: Եւ պատասխանս այն է, որ մարդկային թերությունների դաշտից  է դա, եւ յուրաքանչյուր մարդ, ցավոք սրտի, անթերի չի լինում: Խելոք մարդիկ, ոչ իմ նման, երիտասարդ տարիքում փորձում են ապահովել իրենց ծերությունը:

Դուք  չե՞ք ապահովել ձեր ծերությունը, կամ ինչ է նշանակում ապահովել:

Ապահովել եմ այնքանով, որ ունեմ լավ երեխաներ, լավ ընտանիք: Ապահովել, իմ կարծիքով,նշանակում է բոլոր իմատսներով, այն ժամանակ այլ մտածելակերպ կար:

Ասում են, թե  տղամարդը երգում է 3 դեպքում`երբ ամեն-ինչ վատ է` տխրությունից,երբ ամեն-ինչ լավ է` ուրախությունից եւ երբ ամեն-ինչ նորմալ է` ուղղակի ձանձրույթից: Դուք վերջին անգամ ե՞րբ եք երգել եւ ի՞նչ առիթով:

Տրամադրության հետ կապված  շատ սիրում եմ Ձախորդ օրերը, Մամ ջան, մամ ջանը, որը գյումրեցու շանսոնն է, Շերամը: Վերջին անգամ երեկ եմ երգել,լսում եմ լավ  երգեր եւ հետը երգում եմ, ինքս ինձ համար հաճույք եմ ստանում, իմ բաղաձայն ձայնը ոչ ոք չի լսում, իմ հոգու համար եմ երգում:

Ձեր հարցը շարքին մասնակցող հաջորդ պատգամավորին:

Ի՞նչը քեզ երջանիկ կդարձներ գոնե մի ամբողջ ամիս:

Շարքին մասնակցող նախորդ պատգամավորը` Լյովա Խաչատրյանը ձեզ հարցնում է, թե ինչքանո՞վ եք անկեղծ եղել Ձեր պատասխաններում, ո՞ր մասն եք ստել:

Ճիշտ հարց է տվել, ինքը խելացի տղա է, էս մեկը մի քիչ մուխլյաժ է արել Լյովան: Փորձել եմ լինել անկեղծ, իհարկե բացարձակ արժեքներին ես չեմ հավատում, հետեւաբար` իմ ասածը բացարձակ ընդունել պետք չէ, փոձեցի ասել այն, ինչ մտածում եմ, փորձել եմ լինել անկեղծ:

Նշենք, որ Մկրտիչ Մինասյանը ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Աշխատել է որպես փականագործ, վարպետ, ավագ ճարտարագետ, Նոր Նորքի թաղապետ եւ այլն: Պատգամավոր է  2003թ, ամուսնացած է, ունի երեք երեխա:

Ավելի վաղ NEWS.am-ը ներկայացրել էր հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի, Լեւոն Մարտիրոսյանի, Նաիրա Կարապետյանի, Հայկ Գրիգորյանի, Մարգարիտ Եսայանի, Գարեգին Նուշիկյանի, Հովհաննես Սահակյանի, Արտակ Զաքարյանի, Կարինե Աճեմյանի, Արտակ Դավթյանի, Սամվել Ֆարմանյանի, Շիրակ Թորոսյանի, Հայկ Բաբուխանյանի, Սուքիաս Ավետիսյանի, Կարեն Ավագյանի, Էդուարդ Շարմազանովի, Տաճատ Վարդապետյանի, Սամվել Նիկոյանի, Ռուզաննա Մուրադյանի, Արթուր Գեւորգյանի, Գալուստ Սահակյանի, ՕԵԿ-ից` Հեղինե Բիշարյանի, Կարեն Բոթոյանի. Խաչիկ Հարությունյանի, ԲՀԿ-ից`Տիգրան Ուրիխանյանի, Էլինար Վարդանյանի, Վահե Էնֆիաջյանի, Նաիրա Զոհրաբյանի, Գուրգեն Արսենյանի, Վահան Բաբայանի, Արմեն Ավետիսյանի, Բազմասեր Առաքելյանի, Միքայել Մելքումյանի, Ռուբեն Գեւորգյանի (Ծաղիկ Ռուբո), Մարտուն Գրիգորյանի, Լյովա Խաչատրյանի, ՀԱԿ-ից Լյուդմիլա Սարգսյանի, Հրանտ Բագրատյանի, Գագիկ Ջհանգիրյանի, Արամ Մանուկյանի , «Ժառանգությունից»` Ռուբեն Հակոբյանի, Խաչատուր Քոքոբելյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Թեւան Պողոսյանի, ՀՅԴ-ից` Արծվիկ Մինասյանի հետ, Աղվան Վարդանյանի, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ:

Շարքը` Ինգա Մարտինյանի

Տպել
Ամենաշատ