Յուրի Վարդանյանի՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ մեղադրվող որդու՝ Դավիթ Վարդանյանը ընդունել է իր մեղքը մասնակի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հե զրույցում ասաց նրա փաստաբանը՝ Վահան Հայրապետյանը:
Իսկ թե որ մասով է նա ընդունել մեղքը, փաստաբանն առայժմ չհայտնեց՝ հավելելով, որ դեռ քննիչի մոտ լրացուցիչ հարցաքննություն չեն կազմակերպել, երբ կլինի, կասի: «Չգիտեմ՝ ինչն է նա ընդունել, իմ կարծիքով՝ կարող է ասի՝ էս ղալաթը արել եմ, ձեռք եմ բերել, ուրիշ բաներ չեմ արել»,- ասաց փաստաբանը:
Նա տեղեկացրեց, որ իր պաշտպանյալը թմրանյութ ձեռք էր բերել Սյունիքում իր օգտագործման նպատակով: Իսկ թե ինչ քանակությամբ թմրանյութ էր ձեռք բերել, Վահան Հայրապետյանը չհայտնեց՝ համարելով նախաքննական գաղտնիք:
Առայժմ նրանք չեն դիմում Յուրի Վարդանյանի որդու նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու համար, երբ լրիվ ապացույցներ ունենան, անպայման կդիմեն, որպեսզի կալանքը փոխարինվի այլ խափանման միջոցով:
Հարցին, թե նախարարը հետաքրքրվում է քննության ընթացքով, նա պատասխանեց. «Ես չեմ շփվում ոչ մեկի հետ, չեմ շփվում, չեմ էլ ուզում շփվեմ, իմ պաշտպանյալն է»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հ 2013թ հոկտեմբերի 13-ին ՔՕ-ի 268-րդ հոդվածի 3-րդ մասի (առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի շրջանառությունը, պատժվում է ազատազրկմամբ` 2-6 տարի ժամկետով:) եւ 215 հոդվածի 2-րդ մասի (մաքսանենգություն, պատժվում է ազատազրկմամբ՝ 4-8 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ) հատկանիշներով ոստիկանության Սյունիքի մարզային քննչական բաժնում հարուցվել է քրգործ: Հոկտեմբերի 15-ին մեղադրանք է առաջադրվել Դավիթ Վարդանյանին եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Հոկտեմբերի 16-ին քրեական գործը ընդունվել է վարույթ քննչական գլխավոր վարչության ՀԿԳ գլխավոր վարչությունում: Նախաքննությունը շարունակվում է: Դավիթ Վարդանյանը հոկտեմբերի 29-ին դիմում է գրել եւ հրաժարվել հանրային պաշտպանի ծառայություններից:




























