Հյուսիսային պողոտայում՝ «Մոսկվիչկա» սուպերմարկետի հարեւանությամբ, մայիսի 6-ին՝ ժամը 01:40-ի սահմաններում մահացած վիճակում հայտնաբերված երիտասարդը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 30-ամյա Պավել Ալմազովն է։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ոստիկանության մամուլի ծառայությունից։
Պավել Ալմազովը «EXPROMPTUS» էստրադային նվագախմբի կազմում որպես կիթառահարների խմբի ղեկավար Հայաստան էր եկել Հաղթանակի օրվա կապակցությամբ մայիսի 2-6-ը Երեւանում եւ Գյումրիում կայանալիք բարեգործական համերգների։
Երեւանի Հակոբ Պարոնյանի երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում այսօր՝ մայիսի 6-ին, նախատեսված նվագախմբի վերջին համերգը հետաձգվել է։
Դեպքի ականատեսները NEWS.am-ին պատմեցին, որ նա նետվել է բազմահարկ շենքի տանիքից եւ տեղում մահացել է։ «Զարմանալի է, թե ինչպես է կարողացել բարձրանալ տանիքը»,- պատմեց ականատեսը։
NEWS.am-ի աղբյուրները հաղորդում են, որ երիտասարդը դրանից առաջ հեռախոսով հաղորդագրություն է ուղարկել կնոջը, որում գրել է. «Ես այլեւս չեմ լինի»։
Պավել Ալմազովը նաեւ կիթառ էր դասավանդում Մոսկվայի մանկական երաժշտական դպրոցում։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։




























