«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը չի մասնակցելու հոկտեմբերի 10-ին Ազգային ժողովի ոչ իշխանական եռյակի՝ ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» նախաձեռնած համապետական հանրահավաքին: Այս մասին NEWS.am-ին ասաց շարժման անդամ Դավիթ Մանուկյանը:

«Որպես նախաձեռնություն՝ Ազատության հրապարակում չենք լինելու, բայց շատ հնարավոր է, որ շարժման անդամներից մարդիկ լինեն այնտեղ, ոչինչ չենք կարող բացառել»,- ասաց Դավիթ Մանուկյանը:

Դիտարկմանը, թե «Դեմ եմ»-ը վերջին ամիսներին պասիվացել է, Դավիթ Մանուկյանը նշեց. ««Դեմ եմ»-ը ակտիվանում է, երբ հասարակությունն է ակտիվանում, եթե ակտիվ չենք, ուրեմն հասարակության պատկերն է այսպիսին: Մենք կուսակցություն չենք, հսարակական կազմակերպություն չենք, ֆորմալ կատույց չենք, հետեւաբար, մենք ակտիվանում ենք, երբ դրա կարիքը լինում է»:

Նշենք, որ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի դեմ բողոքող՝ մայրաքաղաքի տոնավաճառների առեւտրականների բողոքի ակցիաներին գալիս են նաեւ «Դեմ եմ»-ի երիտասարդներից: Դավիթ Մանուկյանի խոսքով՝ այս մարդկանց ներկայությունը ցույցերին ավելի խոսուն է, քան եթե նախաձեռնությունը պաշտոնապես հայտարարեր, որ իրենք այս կամ այն մարդկանց կողքին են: