News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Փետրվարի 28-ին ադրբեջանական կողմի իրականացրած դիվերսիոն ներթափանցման փորձի ժամանակ զոհված զինծառայող, փոխգնդապետ Արտակ Աղեկյանի 6-ամյա որդու երազանքը զինվորական դառնալն է: NEWS.am-ի հետ զրույցում զոհված զինծառայողի կնոջ եղբայրը՝ Ահարոն Խաչատրյանը պատմեց, որ Արտակը երբեք որդու ցանկության մասին չի խոսել, թեեւ նրա համար միշտ զինվորական խաղալիքներ է գնել:

«Արտակ Աղեկյանն ընտանիքից հեռու էր բնակվում, երեխաներին տեսնում էր 2-3 ամիսը մեկ անգամ՝ ընդամենը մի քանի օրով, բայց այդ օրերի ընթացքում հասցնում էր երեխաների հետ հետաքրքիր ժամանակ անցկացնել: Երեխաները միշտ դժվարությամբ են հրաժեշտ տվել հորը, չէին ուզում, որ գնար»,- ասաց Ահարոն Խաչատրյանը:

Արտակ Աղեկյանը վերջին անգամ ընտանիքին տեսել էր հունվարի 28-ին, երբ եկել էր Երեւան՝ պաշտպանության նախարարից շքանշանը ստանալու: Լավ ծառայության համար փոխգնդապետը շուտով պետք է այլ զորամաս տեղափոխվեր՝ ավելի բարձր պաշտոնի, սակայն չհասցրեց. փետրվարի 28-ին հակառակորդը 10 մետրից գնդակոծեց նրանց մեքենան, եւ Արտակը զոհվեց՝ իր կյանքի գնով փրկելով իր 3 զինվորներին:

«Բոլորն են խոսում, որ Արտակի կատարածը հերոսություն էր: Հոգեհանգստին նաեւ այդ 3 զինվորների հարազատներն էին եկել, որոնք անընդհատ շնորհակալություն էին հայտնում՝ ասելով, որ իրենց երեխաները հրաշքով են փրկվել ու փրկվել են միայն Արտակի շնորհիվ: Երբ թշնամին գնդակոծել է մեքենան, Արտակը հրամայել է բոլորին դուրս գալ մեքենայից: Սակայն երբ գնդակը դիպել է Հայկին, Արտակը փորձել է փրկել նրան, սակայն ինքն է մահացու վիրավորում ստացել: Բարեբախտաբար, մյուս երեք զինվորները թեթեւ քերծվածքներ են ստացել»,- դեպքի մանրամասները պատմեց Ահարոն Խաչատրյանը՝ նշելով, որ Արտակ Աղեկյանի հերոսության եւ անձնազոհության մասին ամբողջ Տաշիրն է խոսում:

Մարտի 3-ին տեղի ունեցած հոգեհանգստին, Ահարոն Խաչատրյանի խոսքով, մասնակցել են զոհված փոխգնդապետի ծառայակից ընկերները, զինվորները. «Արտակը շատ դրական անձնավորություն էր, անձնազոհության էր գնում յուրաքանչյուրի համար, շատ ընկերասեր էր, ուրախ, կենսախինդ: Ովքեր եկել էին երեկ, բոլորը միայն լավն էին խոսում Արտակի մասին՝ որպես մարդ եւ որպես զինվորական»:

Արտակ Աղեկյանին վերջին հրաժեշտը տալու են այսօր՝ մարտի 4-ին, նրան կհուղարկավորեն Տաշիրի քաղաքային գերեզմանատանը:

Նշենք, որ Արտակ Աղեկյանը Տաշիր քաղաքից էր, ամուսնացած էր, ունի երկու երեխա՝ աղջիկ եւ տղա: Նա զինված ուժերում էր 1996 թվականից: Մյուս զոհված զինծառայողը՝ նրա համաքաղաքացի, ժամկետային Հայկ Բարոյանը, որը զորակոչվել էր 2013թ. աշնանը, տան ավագ որդին էր, ունի 3 տարեկան եղբայր։

Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանով ԼՂՀ  պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողներ Արտակ Աղեկյանը եւ Հայկ Բարոյանը հետմահու պարգեւատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2015թ.-ի փետրվարի 28-ին՝ ժամը 14:25-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետերի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը եւ վերջիններիս կորուստներ պատճառելով, հետ շպրտել ելման դիրքեր: Ծավալված մարտերի ժամանակ զոհվել են զինծառայողներ, 36-ամյա Արտակ Սեդրակի Աղեկյանը եւ 20-ամյա Հայկ Գրիգորի Բարոյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ